
Նորարարական ծխախոտային արտադրատեսակները նոր մարտահրավեր են առողջապահական համակարգի համար։ Ոլորտի պատասխանատուները, մասնագետներն ընդգծում են, որ նոր տիպի ծխախոտային արտադրանքը վերջին տարիներին լայն տարածում է ստանում, իսկ ծխելու դեմ պայքարը՝ նոր խնդիրների բախվում։
«Հայաստանը տարիներ առաջ լավարկել է օրենսդրությունը, խստացրել ծխելու պայմանները, ավելացրել տուգանքների չափը ու սահմանափակումներ մտցրել գովազդի ոլորտում։ Այս քայլերն իրենց ազդեցությունը որոշակիորեն ունեցել են, բայց այժմ մարքեթինգային տարբեր արշավների արդյունքում լայնորեն տարածում են գտնում նոր տիպի ծխախոտները։ Ընկերություններն առաջարկում են նոր փաթեթավորում՝ զուգորդված տարբեր համերով ու բույրերով, ինչի թիրախում են հայտնվում հատկապես կանայք ու դեռահասները՝ նկատում են մասնագետները։
Ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանում 18 տարեկանից բարձր տարիքի բնակչության շրջանում ծխում է 25,5 %-ը։ Նրանք ամենօրյա ծխողներ են։ Տղամարդկանց շրջանում 53 %-ն է ծխում, կանանց շրջանում՝ 2 %-ը։ «Երեխաների շրջանում ծխախոտի օգտագործման ցուցանիշները շարունակում են բարձր մնալ։ 15 տարեկան տղաների 25, աղջիկների 4 %-ը ծխում է։ Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում լուրջ մարտահրավեր են էլեկտրոնային ծխախոտների օգտագործումը։ Մեր երկրում արդեն 11 տարեկանից են առաջին անգամ ծխախոտ փորձում, իսկ 13 տարեկանների շրջանում մոտ 5 տոկոսն օգտագործում է տարբեր տեսակի ծխախոտային արտադրատեսակներ»,- հոկտեմբերի 12-ին Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրվա առթիվ հրավիրած ասուլիսում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ Մարիամ Մնացականյանը։
Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Կրծքային վիրաբուժության և ինտերվենցիոն թոքաբանության բաժանմունքի վարիչ, թորակալ վիրաբույժ Տիգրան Բյուզանդյանն էլ, խոսելով ծխախոտի օգտագործման ռիսկերից, նկատել է, որ ծխախոտի այրման պատճառով առաջանում են գազային թույներ, որոնք ներթափանցում են շնչառական ուղիներ, ապա այլ օրգաններ։ «Ծխախոտի օգտագործումը մեծ ռիսկ է և կարող է տարբեր հիվանդությունների, այդ թվում, սրտանոթային խնդիրների, քաղցկեղի պատճառ դառնալ։
Գործնական տվյալները ցույց են տալիս, որ «թոքի քաղցկեղ» ախտորոշված բուժառուների մեծ մասը ծխող է։ Թոքի քաղցկեղը հանդիպում է հիմնականում 50-ից բարձր տարիքի մարդկանց շրջանում, որոնցում գերակշռողը տղամարդիկ են։ Ուսումնասիրությունների համաձայն՝ նման դեպքերում վիրահատական բուժումից հետո, երբ բուժառուներն ստանում են դեղորայքային բուժում, ապրելիությունը լավանում է 5-10 տոկոսով»,-նշել է Տիգրան Բյուզանդյանը՝ հորդորելով թողնել ծխելը։ Մասնագետների պնդմամբ՝ նոր մարտահրավերներին զուգահեռ պետք է ակտիվացնել ծխախոտի դեմ պայքարը։
Շեշտադրել ոչ միայն իրազեկումը, տուգանքների խստացումը, այլև լայն հնարավորություններ ստեղծել ծխելը թողնել ցանկացող անձանց համար։ Նման քաղաքացիները կարող են դիմել ՀՀ առողջապահության նախարարություն, ուր կուղղորդեն համապատասխան մասնագետների մոտ։ Սկզբնական փուլում կլինի հոգեբանական խորհրդատվություն, այնուհետև, ելնելով կարիքից, համապատասխան դեղորայքային բուժում։
ՀՀ առողջապահության նախարարությունը գործարկել է նաև Smoke free Armenia բջջային հավելվածը, որի միջոցով քաղաքացիները կարող են տեղեկացնել արգելված վայրերում ծխելու դեպքերի մասին։
