Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
13/10/2026
share

«Ադրբեջանի բնապահպանական «հայցը» ընդդեմ Հայաստանի․ ի՞նչ է կանգնած Բաքվի էկո-հռետորաբանության հետևում»․ ԱՅՍԵՐ ՂԱԶԱՐՅԱՆ

Բնապահպանական ոլորտի փորձագետ Այսեր Ղազարյանը անդրադարձել է Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից ներկայացված դատական հայցին։ Նա մասնավորապես գրել է․ «Բաքուն բնապահպանությունը վերածել է Հայաստանի դեմ իրավական պատերազմի գործիքի։ Ահա՛ ինչ է իրականում կատարվում։

Ալիևի հիմնական թեզերը

Իլհամ Ալիևը բազմիցս հանդես է եկել նույնաբովանդակ հայտարարություններով՝ պնդելով, որ հայկական կողմը Արցախյան հակամարտության տարիներին և 2020-ի եռակողմ համաձայնագրով տարածքները հանձնելու նախաշեմին մասսայականորեն ոչնչացրել ու հրդեհել է տեղի անտառները (տես այս թեմայով վերջին հայտարարության (22.09.2026թ.) վերաբերյալ տեսանյութ։

Ըստ Ալիևի՝

• Քելբաջարի, Լաչինի և Զանգելանի շրջաններում Հայաստանը ոչնչացրել, հատել և վաճառել է շուրջ 60,000 հեկտար անտառ (տես` նկար 1 -հատված հայտարարությունից),

• 2020-ի նոյեմբերին հեռացող հայ բնակիչները «միտումնավոր հրդեհել են անտառները»՝ տարածաշրջանում «էկոցիդ» ստեղծելու նպատակով։

Հրապարակում՝ 

Հայցը Հաագայում

Ադրբեջանը պաշտոնական հայց է ներկայացրել Մշտական արբիտրաժային դատարան (PCA)՝ մեղադրելով Հայաստանին 1979թ. Բեռնի կոնվենցիան («Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին») խախտելու մեջ։

 Սա պատմության մեջ առաջին միջպետական արբիտրաժային գործն է այս կոնվենցիայի ներքո։

Պաշտոնական հայցադիմումում (Statement of Claim) Բաքուն պնդում է, որ հայկական վերահսկողության 30 տարիների ընթացքում տեղի են ունեցել․

• «Շոկային մասշտաբների» անտառահատումներ — մասնավորապես ավելի քան 7,000 հեկտար պահպանվող տարածքներում,

• անկանոն հանքարդյունաբերություն — առանձին շեշտվում են «Դամիրլի-1»(Կաշենի հանքավայր) և «Չարդախլուի» (քարածխի հանքավայրը, որը գտնվում է Արցախի Թարթառի (Մարտակերտի) շրջանում) հանքավայրերը,

• ՓՀԷԿ-երի կառուցում Լաչինի (Բերձոր) և Քարվաճառի շրջաններում (օր.՝ «Գալաչա» հիդրոէլեկտրակայանը), որն ըստ հայցվորի ուղեկցվել է անտառային ճանապարհների անկանոն բացմամբ ու ծառահատումներով,

• բնական միջավայրի (habitat) խաթարում — պնդում են, որ վտանգվել են ավելի քան 500 կենդանատեսակ, այդ թվում՝ հազվագյուտ կովկասյան հովազի բնական արեալը,

• Ողջի գետի աղտոտում և կենսաբազմազանության ոչնչացում։

Իր դիրքորոշումն ամրապնդելու համար Ադրբեջանը վկայակոչում է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) որոշ տվյալներ՝ սեփական մեկնաբանությամբ ներկայացնելով, թե վնասները կրել են համակարգված բնույթ։ Եվ, իհարկե, պահանջում է ամբողջական ֆինանսական փոխհատուցում (ռեպարացիա)։

Ո՞ր փուլում է գործընթացը.

Ադրբեջանը պաշտոնական ծանուցում է ուղարկել 2023 թվականի հունվարի 18-ին, իսկ հայցադիմումը պաշտոնապես ներկայացվել է 2025 թվականի փետրվարին:

Գործը ներկայումս գտնվում է նախնական առարկությունների փուլում (Preliminary Objections Phase)։ Տրիբունալը քննում է Հայաստանի ներկայացրած նախնական իրավական առարկությունները՝ դատարանի իրավասության (jurisdiction) և հայցի ընդունելիության վերաբերյալ։

Մինչև այս փուլի ավարտը և իրավասության հարցով վերջնական որոշումը՝ գործի բուն էության (անտառահատումների փաստերի, էկոլոգիական վնասների չափի և փոխհատուցման) խորքային քննությունը մնում է երկրորդ պլանում։

Իսկ ո՞վ է իրականում անտառ ոչնչացնում.

Միջազգային անկախ մի շարք զեկույցները և իմ կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները փաստում են հակառակը․ մասնավորապես, վերջին տարիներին հենց Ադրբեջանն է պատերազմական գործողություններով, հրդեհումներով և լայնածավալ շինարարությամբ անդառնալի էկոլոգիական վնաս հասցնում տարածաշրջանի անտառներին։ Որոնցից որոշ օրինակներ ներկայացնում եմ ստորև.

• Լաչին (Բերձոր) — օդանավակայանի, էլեկտրակայանի կառուցման և հանքատեղի բացման արդյունքում ոչնչացվել է մոտ 100 հեկտար անտառ։

• Շիկահողի արգելոց (ՀՀ) — «Ադրբեջանը Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատել. պետական մարմինները լռում են»:

Այսինքն՝ մեղադրողն ու իրական վնաս հասցնողը նույն կողմն է, բայց արի տես.. Եվ այս փաստերը պետք է հնչեն ոչ միայն սոցցանցերում, այլև միջազգային ատյաններում։

Ինչո՞ւ է Բաքվին պետք «էկո-հայցը».

Այս գործը զուտ բնապահպանական վեճ չէ։ Դա Ադրբեջանի «իրավական պատերազմի» (lawfare) ռազմավարության բաղկացուցիչն է, որն ունի մի քանի հստակ նպատակ․

1. Մեղավորի դերակատարման փոխարկում.

Պատերազմ սկսած և տարածքներ գրաված կողմը ներկայանում է որպես տուժող։ Երբ Բաքուն դատարանում խոսում է «ոչնչացված անտառների» մասին, միջազգային լսարանի ուշադրությունը շեղվում է էթնիկ զտումից, 120,000 մարդու բռնի տեղահանումից և մշակութային ժառանգության ոչնչացումից։

2. Բանակցային ճնշման լծակ.

Միլիարդավոր դոլարների «ռեպարացիայի» պահանջը դառնում է գործարքային միավոր՝ խաղաղության օրակարգի, հակընդդեմ հայցերի հետ միասին փոխադարձ հետ կանչելու համար։

3. Միջազգային ատյանների ծանրաբեռնում.

Զուգահեռաբար Բաքուն գործեր է ներկայացրել Ռասայական խտրականության վերացման կոնվենցիայի (CERD) շրջանակներում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում, ինչպես նաև այլ հարթակներում։ Քանակն ինքնին դառնում է քաղաքական հաղորդագրություն։

4. «Առաջին գործ» գրանցելու սիմվոլիկան.

Բեռնի կոնվենցիայի ներքո առաջին միջպետական արբիտրաժը Բաքվին տալիս է իրավական նախադեպ ստեղծողի կերպար և միջազգային լրատվական օրակարգ։

Ի՞նչ խնդիրներ ունի ադրբեջանական հայցը

Պնդում. 60,000 հա անտառի ոչնչացում

Խնդիրը. թիվը չի հիմնավորվում անկախ արբանյակային մոնիթորինգով. Իմ ուսումնասիրությունների վերջին արդյունքներով Sentinel-2 արբանյակային պատկերների ավտոմատ վերծանման արդյունքներով վերծանվել է իրական անտառածածկ տարածքը, վերջինս 2026թ-ի սեպտեմբերի դրությամբ նշված շրջանների տարածքում կազմում է ընդհանուր մոտ 118000 հեկտար, որում ըստ Ալիևի հատվել և ոչնչացվել է այդ անտառների գրեթե կեսը՝ մոտ 60000 հա, որը ակնհայտ սուտ է (տես նկար 2,3 – կարմի գույնով պոլիգոն՝ Քարավաճառի, Լաչինի և Զանգելանի նախկին շրջաններ, կանաչ գույնով՝ անտառածածկ տարածքը այդ հատվածում )..

«Հեռացող հայերի դիտավորյալ հրդեհումներ» - իրականում հրդեհների զգալի մասը գրանցվել է հենց ռազմական գործողությունների ընթացքում, այդ թվում՝ ադրբեջանական հրետակոծությունների և հրդեհման համար նախատեսված զինամթերքի կիրառման մասին հաղորդումների համատեքստում՝ Report: Investigating the environmental dimensions of the 2020 Nagorno-Karabakh conflict, նաև իմ կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքներ):

UNEP-ի տվյալների վկայակոչում.

Օգտագործվում են ընդհանուր բնույթի տվյալներ՝ սեփական մեկնաբանությամբ. UNEP-ը պատասխանատվության իրավական գնահատում չի տվել

Իրավասության հիմք.

Բեռնի կոնվենցիան բնապահպանական համագործակցության գործիք է, ոչ թե հետ-հակամարտային վերականգնողական փոխհատուցման մեխանիզմ. այստեղ է Հայաստանի առարկությունների ուժը:

Ի՞նչ պետք է անի հայկական կողմը.

• Փաստագրել հակառակը՝ պրոֆեսիոնալ մակարդակով։

Արբանյակային պատկերների շարքային (time-series) վերլուծություն Լաչինի, Շիկահողի, Քարվաճառի և սահմանամերձ տարածքների համար՝ միջազգային ճանաչում ունեցող գնահատման մեթոդաբանությամբ։

• ՛՛Շիկահողի գործը՛՛ դուրս բերել լռությունից.

ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող արգելոցում անտառահատումը, նամանավանդ արգելոցի անտառների այն հատվածներում, որոնք միջազգայնորեն ընդունվում եմ որպես առաջնային կամ կուսական անտառներ (տես՝ նկար 4 - UN Biodiversity Lab -ի ինտերնետային ինտերակտիվ հարթակի Global map of forest types 2020 քարտեզում մուգ կանաչ գույնով նշված են Շիկահողի արգելոցի կուսական անձեռնմխելի անտառների տարածքները) հենց Հայաստանի հայցի հիմք է՝ նույն Բեռնի կոնվենցիայի ներքո։

• Հակընդդեմ իրավական քայլեր.

Ադրբեջանը նույնպես Բեռնի կոնվենցիայի կողմ է։

• Հանրային դիվանագիտություն.

Եվրոպական բնապահպանական կազմակերպությունների, Բեռնի կոնվենցիայի Մշտական կոմիտեի և մասնագիտացված ԶԼՄ-ների հետ աշխատանք։

Եզրակացություն

Բնապահպանությունը չպետք է դառնա քաղաքական գործիք։ Բայց երբ այն արդեն դարձել է, անպատասխան թողնելը նշանակում է ընդունել մեղադրանքը։

«Անտառը չի ստում»,  արբանյակային պատկերները չեն ստում։ Եվ երբ փաստերը դրվեն սեղանին՝ պարզ կդառնա, թե որ կողմն է վերջին տարիներին հրդեհել, հատել և «բետոնով ու ասֆալտով ծածկել» տարածաշրջանի անտառները։

 Կշարունակեմ հրապարակել ուսումնասիրության արդյունքները։

facebook sharing button facebook