Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
12/10/2026
share

«Անդառնալի էկոլոգիական աղետ»․ ՔՀԿ-ները դատապարտել են Ամուլսարի հանքի շահագործումը

Քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ և անհատներ դատապարտել են Ամուլսարի հանքի շահագործումը, որի վերաբերյալ հայտարարություն են տարածել։ Հայտարարությունը ստորև։

 

 «Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆԸ

 

COP17-ին ընդառաջ՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի 

և Հայաստանի միջազգային պարտավորությունների տապալման վերաբերյալ

Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս և բնական միջավայրի վիճակով մտահոգ քաղաքացիներս, դատապարտում ենք Ամուլսարում ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկը՝ տարիներ շարունակ բարձրաձայնված էական բնապահպանական և սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ որևէ իրատեսական և փաստարկված հակադարձում չլինելու պայմաններում։  

2026 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Երևանում կայանալիք ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովից՝ COP17-ից ընդամենը մի քանի օր առաջ, Հայաստանի կառավարության կողմից Ամուլսարի հանքավայրի բացման մասին պաշտոնական հայտարարությունը և հանդիսավոր արարողությունը խիստ հանդուգն և անպատասխանատու քայլ է։ Արարողությունը, որին մասնակցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղեկցվեց ամբողջ արդյունաբերական ցիկլի արդյունք հանդիսացող  ոսկու ձուլակտորի ցուցադրմամբ։ Այս ցուցադրությունն ուղղակիորեն հարվածեց COP17-ի ողջ գործընթացին և Հայաստանի վարկանիշին՝ որպես COP17-ը նախագահող երկրի։ Որպես COP17 նախագահող երկիր՝ Հայաստանը միջազգային հանրությանը փորձում է ներկայանալ կանաչ օրակարգով, մինչդեռ երկրի ներսում տրվում է էկոլոգիական աղետի մեկնարկը՝ կոպտորեն խախտելով միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները և հարցականի տակ դնելով կառավարության բնապահպանական նպատակների ու հայտարարությունների անկեղծությունը։

Տարիներ շարունակ կրկնում ենք և փորձում ՀՀ կառավարության ու տարբեր ֆինանսավորող դերակատարների ուշադրությանը հասցնել Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրին առնչվող հիմնական իրավական և էկոլոգիական ռիսկերը։ Ստորև թվարկված են դրանցից մի քանիսը՝

  • Միջազգային պարտավորությունների տապալում. Վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին եվրոպական (Բեռնի) կոնվենցիայի Մշտական կոմիտեն և Բյուրոն բազմաթիվ որոշումներով Հայաստանի կառավարությունից պահանջել են դադարեցնել բոլոր աշխատանքներն Ամուլսարում և հանքավայրի շահագործման համար իրականացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում (ՇՄԱԳ), վերանայել ու հաստատել «Էմերալդ» էկոլոգիական ցանցի` hատուկ պահպանության արժեք ունեցող տարածքների ցանկը և հաստատել «Ջերմուկ» ազգային պարկը՝ որպես կենսաբազմազանության պահպանության տարածքներ։ Կոմիտեի դիրքորոշման մեջ հստակ նշվում է, որ դա հնարավոր է իրականացնել, քանի դեռ հանքը չի շահագործվում։ Բեռնի կոնվենցիայի քարտուղարության հետ հաղորդակցության մեջ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ Ամուլսարի նախագծի վերաբերյալ տեղի են ունենում բարելավման աշխատանքներ և ընդգծել, որ ELARD և TRC կազմակերպությունների փորձաքննության արդյունքները տրամադրվել են համապատասխան պետական հաստատություններին մասնագիտական գնահատական տրամադրելու համար։  Հանքի շահագործման մեկնարկը տապալում է Բեռնի կոնվենցիայի շրջանակներում ՀՀ կառավարության հետ ցանկացած երկխոսություն և հարվածում մեր երկրի միջազգային վարկանիշին։

  • Պաշտոնապես արձանագրված խախտումների անտեսում. ՀՀ կառավարությունը միտումնավոր անտեսում է իր իսկ նախաձեռնությամբ մշակված կարևորագույն պաշտոնական փաստաթուղթը՝ ELARD և TRC  կազմակերպությունների 2019 թվականի հաշվետվությունը Ամուլսարի ոսկու հանքավայրի ջրային ռեսուրսների և երկրաբանության, կենսաբազմազանության և օդի որակի վրա ունեցած ազդեցությունների վերաբերյալ, որը համակարգված կերպով բացահայտել է տասնյակ խոշոր բացթողումներ, սխալ հաշվարկներ և անճշտություններ Ամուլսարի ներկայիս ՇՄԱԳ փաստաթղթերում, որոնք վերաբերում են ջրային ռեսուրսների սխալ մոդելավորմանը, թթվային դրենաժի սխալ հաշվարկներին, սեյսմիկ ռիսկերի անտեսմանը, կենսաբազմազանության գնահատումներին և այլ կենսական նշանակության խնդիրներին։ Ավելին, այս ուսումնասիրությունը և դրան առնչվող քրեական գործի հետ կապված բոլոր փաստաթղթերը հեռացվել են պաշտոնական կայքերից։

  • Անդառնալի էկոլոգիական աղետ. Հայաստանյան և օտարերկրյա բազմաթիվ փորձագետներ կարծում են, որ Ամուլսարում ոսկու կորզման համար օգտագործվող ցիանային եղանակը ամենավտանգավոր քիմիական գործընթացներից մեկն է, իսկ վթարի կամ որևէ այլ պատճառով արտահոսքի դեպքում վտանգվելու է Արփա գետի էկոլոգիան։ Նրանք նաև համոզիչ կերպով հիմնավորել են, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման պարագայում առաջանալու է ապարների թթվային դրենաժի չափազանց բարձր և երկարաժամկետ ռիսկ՝ սպառնալով Արփա ու Որոտան գետերին, Որոտան-Արփա-Սևան թունելի միջոցով՝ Սևանա լճի ողջ էկոհամակարգին, ինչպես նաև Ջերմուկի հանքային ջրերին և տարածաշրջանի այլ ստորերկրյա ջրերին։ 

  • Ջերմուկ առողջարանային քաղաքի վտանգում. Ջերմուկը կայուն զարգացող առողջարանային կենտրոնից վերածվելու է հանքարդյունաբերական ժամանակավոր բանավանի։ Քաղաքի էկոլոգիան արդեն իսկ վատթարանում է հանքավայրի շահագործման նպատակով իրականացվող շինարարական ու պայթեցման աշխատանքների պատճառով։ Հանքի պաշարների սպառումից հետո, կարճաժամկետ շահույթների դադարեցմամբ, մեզ սպառնում է հերթական լքված ու դատարկված բնակավայրն (ինչպես Դաստակերտն ու Սոթքը) ունենալու ճակատագիրը։

Հայաստանի կառավարությունը գնալով կորցնում է կապը հանրության և հանրային շահի գիտակցման հետ։ Դեռևս 2019 թվականից, երբ վարչապետ Փաշինյանն առաջին անգամ փորձ արեց համոզել՝ ընդունելու Ամուլսարում հանքի բացումը, հանրության արձագանքը հստակ էր։ Հետագայում ևս քաղաքացիական հասարակությունը բազմիցս արտահայտել է իր բողոքը, այդ թվում՝ «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5%-ը՝ ՀՀ կառավարությանը «նվեր» տալու փաստի առթիվ։  

Ամուլսարի հարցում կառավարության գործողությունները՝ հանրային կարծիքի և մարդու իրավունքների բացահայտ անտեսումը, անհաշվետու վարքագիծը վկայում են, որ հանրային իշխանությունները որդեգրել են նախորդներին բնորոշ այնպիսի վարքագիծ, որը հանգեցրեց իշխանության ապալեգիտիմացմանը և սկիզբ դրեց հանրային բողոքի լայն ալիքին։ 

Հայաստանի բնությունը, ջրային պաշարները և համայնքների ապագան չեն կարող վտանգվել առանց հանրային հաշվետվողականության և անվտանգության պատշաճ հիմնավորման։

Մենք անընդունելի ենք համարում հանրային նշանակության այս ռիսկերի անտեսումը։ COP17-ի և այլ միջազգային հարթակների շրջանակում այս հայտարարությունը և այն հիմնավորող փաստաթղթերը կներկայացնենք համապատասխան միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ պահանջելով իրենց լիազորությունների շրջանակում գործնական քայլեր ձեռնարկել հնարավոր ծանր և անդառնալի բնապահպանական վնասը կանխելու համար։

Մենք պահանջում ենք՝

  1. Անհապաղ դադարեցնել հանքի շահագործումը և դրան ուղղված աշխատանքները՝ պահպանելով տարածքի անվտանգության ու աղտոտման կանխարգելման անհրաժեշտ միջոցառումները, և վերանայել շահագործումը թույլատրած որոշումները։ 

  2. Ապահովել Բեռնի կոնվենցիայի Բյուրոյի հանձնարարականների պատշաճ կատարումը․ այն է՝ իրականացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում և կասեցնել ընդերքօգտագործման բոլոր թույլտվությունները մինչև ՇՄԱԳ նոր գործընթացի ավարտը։ 

  3. Հիմնավորել «Էմերալդ» ցանցի թեկնածու տարածքների ցանկը և զեկուցել «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման առաջընթացի մասին` իր սկզբնապես հաստատված տարածքում, որը ներառում է Ամուլսարը։ Սահմանների ցանկացած փոփոխություն կարող է հիմնավորվել միայն գիտական, այլ ոչ՝ տնտեսական կամ քաղաքական փաստարկներով և միջազգային թույլատրելի ընթացակարգերին համապատասխան։ 

  4. Հրապարակել ELARD և TRC և պետական մարմինների արձանագրած յուրաքանչյուր էական խնդրի վերաբերյալ ձեռնարկված միջոցառումները և դրանց արդյունքում նախագծային փաստաթղթերում կամ հաշվետվություններում իրականացված փոփոխությունները, որոնք ենթադրաբար, ՀՀ կառավարության կարծիքով, «վերացրել են» ռիսկերը։

  5. Սահմանված ընթացակարգերով վերանայել Ամուլսարի շահագործման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կողմից 150 միլիոն դոլարի չափով Ամերիաբանկին տրամադրված բյուջետային երաշխիքը և դադարեցնել պետության մասնակցությունն այդ աղետալի ծրագրում։ 

  6. Վերանայել Հայաստանի հանքարդյունաբերական քաղաքականությունը՝ հետագա որոշումների հիմք դարձնելով հանրության պատշաճ մասնակցությունը և որակյալ ՇՄԱԳ գործընթացը, ջրային անվտանգությունը, կենսաբազմազանության պահպանումը և համայնքների երկարաժամկետ բարեկեցությունը։

Ստորագրող կազմակերպություններ, նախաձեռնություններ և քաղաքացիներ՝

1. Սոնա Այվազյան, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, Հայաստանում Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) Բազմաշահառու խմբի (ԲՇԽ) անդամ

2. Արթուր Գրիգորյան, «Էկոլոգիական իրավունք» ՀԿ, ԱՃԹՆ Բազմաշահառու խմբի (ԲՇԽ) անդամ

3. Վիկտորյա Բուրնազյան, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ, ԱՃԹՆ Բազմաշահառու խմբի անդամ

4. Օլեգ Դուլգարյան, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ, ԱՃԹՆ Բազմաշահառու խմբի անդամ

5. Հռիփսիմե Քոչարյան, «Հաջողակ կին» ՀԿ, ԱՃԹՆ ԲՇԽ անդամ

6. Արսեն Արսենյան, «Առողջ միջավայր» ՀԿ, ԱՃԹՆ ԲՇԽ անդամ

7. Ինգա Զարաֆյան, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ

8. Թեհմինե Ենոքյան, «Կանաչ Հայաստան» ՀԿ

9. Գարեգին Միսկարյան, «+374 Քաղաքական ինքնորոշման ակումբ» ՀԿ

10. Լևոն Գալստյան, «Հայկական բնապահպանական ճակատ» կամավորական նախաձեռնություն

11. Աննա Շահնազարյան, «Հայկական բնապահպանական ճակատ» կամավորական նախաձեռնություն

12. Անի Խաչատրյան, «Հայկական բնապահպանական ճակատ» կամավորական նախաձեռնություն

13. Արփինե Գալֆայան, «Հայկական բնապահպանական ճակատ» կամավորական նախաձեռնություն

14. Արաքս Մելքոնյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

15. Ժենյա Պետրոսյան, «Իրավունքների զարգացման և պաշտպանության հիմնադրամ»

16. Լևոն Բարսեղյան, «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբ

17. Շավարշ Մարգարյան, «Ցիտադել» ՀԿ

18. «Կանաչ խորհուրդների դաշինք» էկո-ակտիվիստական շարժում

19. «Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնություն

20. Զարուհի Հովհաննիսյան, «Արդարադատության նոր մշակույթ» ՀԿ

21. Անահիտ Սիմոնյան, «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ

22. Վարդուհի Ցոլակյան, «ՕՐԲԻՍ» ՀԿ հիմնադիր, Կանաչ խորհուրդների դաշինք

23. Հայկ Աբրահամյան, Կանաչ խորհուրդների դաշինք

24. Աննա Մարալյան, «Իրավունքի կենտրոն» ՀԿ

25. Կարինե Մարգարյան, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ

26. Ժաննա Ալեքսանյան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ

27. Նատալյա Մարտիրոսյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե

28. Գայանե Աբրահամյան, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

29. Վարդուհի Անանյան, «ՍինեմաՄարտ» երիտասարդական ՀԿ

30. Վիգեն Մնացականյան, «Մեղվաբուծության զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ

31. Արփինե Խաչատրյան, «Կորիս» Այգեզարդի երիտասարդական և համայնքային զարգացման կենտրոն ՀԿ

32. Անի Սարգսյան, «Իմպուլս» երիտասարդական ՀԿ

33. Նաիրա Նահապետյան, «Ապահով անկյուն» սոցիալ-կրթական ՀԿ

34. Անժելա Ստեփանյան, «Տարածաշրջանային կայուն զարգացում» ՀԿ

35. Տիգրան Մատևոսյան, «Արմաշ» գյուղական համայնքների աջակցության և զարգացման կենտրոն ՀԿ

36. Ռուզաննա Ղազարյան, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իրավաբան, քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդական, «ԴԱԼՄԱ-ՍՈՆԱ» կրթամշակութային, սոցիալ-էկոլոգիական հիմնադրամ

37. Գևորգ Քոթանջյան, «Ուղիղ ժողովրդավարություն» ՀԿ

38. Մայա Բարխուդարյան, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ

39. Մհեր Ղարագյոզյան, «Հանրային վերահսկողություն» ՀԿ

40. Շուշանիկ Հարությունյան, Հայաստանի կլիմայական արդարադատության նախաձեռնություն

41. Արփինե Երիցյան, «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ

42. Ամալյա Համբարձումյան, «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ

43. Աշխեն Բաբայան, «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ

44. Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

45. Նազելի Վարդանյան, «Հայաստանի անտառներ» ՀԿ

46. Հենրիկ Մխիթարյան, «Կանաչ փոփոխություն» ՀԿ

47. Սաթիկ Բադեյան, «Տարածաշրջանային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ

48. «Փինք» իրավապաշտպան ՀԿ

49. «Բլեջան» ՀԿ

50. «Իրավունքի կենտրոն» ՀԿ

51. Գայանե Շագոյան, Հայաստանի քաղաքացի

52. Լալա Ասլիկյան, Հայաստանի Հանրապետության քաղաքացի

53. Նինա Մամաջանյան, Հայաստանի Հանրապետության քաղաքացի

54. Գոռ Հակոբյան, Հայաստանի Հանրապետության քաղաքացի

55. Արծրուն Անդրիասյան, ֆերմեր

56. Սերյան Ենոքյան, Հայաստանի Հանրապետության քաղաքացի

57. Հերմինե Մարտիրոսյան, Հայաստանի Հանրապետության քաղաքացի

58. Աննա Հովսեփյան, Հայաստանի Հանրապետության քաղաքացի

59. Վարդուհի Բարսեղյան, Հայաստանի Հանրապետության քաղաքացի

60. Մարիամ Մկրտչյան, Հայաստանի Հանրապետության քաղաքացի

61. Հարություն Բաբաջանյան, Հայաստանի Հանրապետության քաղաքացի

62. Նինա Մարտիրոսյան, Հայաստանի Հանրապետության քաղաքացի

63. Լուսինե Գալստյան, Հայաստանի Հանրապետության քաղաքացի

64. Հրաչ Գևորգյան, Հայաստանի Հանրապետության քաղաքացի

65. Անի Ավետիսյան, Հայաստանի Հանրապետության քաղաքացի

66. Ելենա Ամիրյան, Հայաստանի Հանրապետության քաղաքացի

67. Գևորգ Ասլանյան, Հայաստանի Հանրապետության քաղաքացի

68. Հուսիկ Մարտիրոսյան, Հայաստանի Հանրապետության քաղաքացի

69. Արման Ղարագյուլյան, Հայաստանի Հանրապետության քաղաքացի

70. Ազատ Հովհաննիսյան, Հայաստանի Հանրապետության քաղաքացի

71. Մերի Խաչատրյան, Հայաստանի Հանրապետության քաղաքացի

72. Մերի Պողոսյան, Հայաստանի Հանրապետության քաղաքացի

73. Անուշ Սարգսյան, Հայաստանի Հանրապետության քաղաքացի

74. Մարիամ Եգանյան, Հայաստանի Հանրապետության քաղաքացի

75. Լիանա Հարությունյան, դոցենտ, հետազոտող

76. Անուշ Սարգսյան, հետազոտող, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ (Մատենադարան)

77. Դավիթ Մատևոսյան, «Պախրա» ՀԿ

78. Սեդա Գրիգորյան, ռեժիսոր

79. Անի Կոջոյան, կանանց իրավունքների հետազոտությունների մասնագետ

80. Սուսաննա Գյուլամիրյան, Արվեստի և մշակութային հետազոտությունների լաբորատորիայի տնօրեն

81. Զարուհի Մուրադյան, Նկարիչների միության խորհրդի անդամ, նկարիչ

82. Սվետլանա Գալստյան, Գիտակցության ինստիտուտ, գիտակցության զարգացման ծրագրերի մասնագետ

83․ Հենրիկ Մկրտչյան, Հայաստանի քաղաքացի

 

facebook sharing button facebook