
ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախօրեին Հայաստանի իրավապաշտպան և բնապահպանական կազմակերպությունները հանդես են գալիս հայտարարություններով՝ կառավարությունից պահանջելով հստակ քայլեր ձեռնարկել բնապահպան իրավապաշտպաններին, լրագրողներին և ակտիվիստներին ճնշող դատական հայցերից պաշտպանելու համար:
«Մարդու իրավունքների տուն Երևան»-ի բաց նամակը․ դիմում կառավարությանը
«Մարդու իրավունքների տուն Երևան»-ը և Human Rights House Foundation-ը հանրային բաց նամակով դիմել են ՀՀ կառավարությանը՝ կոչ անելով արդյունավետ մեխանիզմներ ներդնել SLAPP-երի հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցեր դեմ։
«Բնապահպան իրավապաշտպանները, լրագրողները, ակտիվիստներն ու ազդակիր համայնքները պետք է կարողանան բարձրաձայնել բնապահպանական խնդիրները՝ առանց ճնշման, հետապնդման կամ իրենց լռեցնող դատական գործընթացների բախվելու», — նշված է բաց նամակում։
Իրավապաշտպանները շեշտում են, որ Հայաստանում հանքարդյունաբերության քննադատության և էկոլոգիական ռիսկերի բարձրաձայնման պատճառով բնապահպանները հաճախ են դառնում նպատակադրված իրավական հետապնդումների թիրախ:
Որպես COP17-ի հյուրընկալող և նախագահող երկիր՝ Հայաստանը հնարավորություն և պարտավորություն ունի ցույց տալու, որ բնապահպանական առաջնորդությունը անբաժանելի է մարդու իրավունքների, արտահայտման ազատության և հանրային մասնակցության պաշտպանությունից։ Կազմակերպությունները կոչ են անում ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել Եվրոպայի խորհրդի CM/Rec(2024)2 հանձնարարականին՝ ապահովելով քաղաքացիական հասարակության, ազդակիր համայնքների և անկախ փորձագետների իրական մասնակցությունը որոշումների կայացմանը։
Մարդու իրավունքների տուն Երևանը և Human Rights House Foundation-ը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ կառուցողական համագործակցության մեջ մտնելու Հայաստանի իշխանությունների, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների հետ՝ SLAPP-երի դեմ արդյունավետ երաշխիքների առաջմղման, բնապահպանական որոշումների կայացման գործընթացներում հանրային մասնակցության ամրապնդման և Հայաստանում իրավապաշտպանների պաշտպանության բարելավման նպատակով։
2019-ից ի վեր աճող ճնշումներ․ «Կանաչ Խորհուրդների Դաշնության» հայտարարությունը
Իրավապաշտպանների այս քայլին նախորդել էր էկոակտիվիստական շարժման հայտարարությունը։ Դեռևս 2026 թվականի հուլիսի 27-ին «Կանաչ Խորհուրդների Դաշնությունը» հանդես էր եկել ծավալուն հայտարարությամբ՝ արձանագրելով, որ 2019 թվականից սկսած Հայաստանում տասնյակ դատական գործընթացներ են հարուցվել ակտիվիստների դեմ, և դրանց թիվը շարունակում է աճել։
Դաշնության պնդմամբ՝ նմանատիպ հայցերի նպատակն է թուլացնել բնապահպանական շարժումները, լռեցնել այն քաղաքացիներին, որոնք բարձրաձայնում են սոցիալ-էկոլոգիական իրավունքների, շրջակա միջավայրի աղտոտման, կենսաբազմազանության և հանրային այլ կարևոր խնդիրների մասին: Ակտիվիստներին ենթարկելով երկարատև հոգեբանական, ֆինանսական և իրավական ճնշումների՝ սպառվում են նրանց ժամանակն ու ռեսուրսները, ինչն ի վերջո սահմանափակում է նրանց հանրային գործունեությունը:
Հայաստանի բնապահպանական շարժումը կանգնած է երկրի անկախության և ժողովրդավարության ձևավորման ակունքներում և այսօր էլ առանցքային դեր ունի համայնքներում տեղական ժողովրդավարության ամրապնդման գործում: Հետևաբար, բնապահպանական շարժումների նկատմամբ կիրառվող ճնշումները վտանգում են ոչ միայն առանձին ակտիվիստների գործունեությունը, այլև տեղական ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը և համայնքների կայուն ու կանաչ զարգացումը:
Օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտությունը
Հայաստանի ռազմավարական գործընկեր Եվրոպական միությունը մշակել է հակա-SLAPP օրենսդրության ձևավորման չափորոշիչներ, իսկ Եվրոպայի խորհրդի հանձնարարականները հստակ կոչ են անում անդամ պետություններին ներդնել արդյունավետ հակա-SLAPP օրենսդրական և ինստիտուցիոնալ մեխանիզմներ՝ հանրային մասնակցությունը և հիմնարար իրավունքները պաշտպանելու նպատակով։
Երևանում ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի անցկացումը Հայաստանի համար կարևոր հնարավորություն է վերահաստատելու իր հանձնառությունը կենսաբազմազանության պահպանության, հանրային մասնակցության և էկոակտիվիստների պաշտպանության նկատմամբ։ Համաժողովին ընդառաջ հակա-SLAPP մեխանիզմների ներդրումը կարևոր ազդակ կլինի առ այն, որ Հայաստանը ոչ միայն ստանձնում է միջազգային բնապահպանական պարտավորություններ, այլև ստեղծում է այնպիսի իրավական միջավայր, որտեղ քաղաքացիներն ու համայնքները կարող են ազատ և անվտանգ մասնակցել շրջակա միջավայրին առնչվող որոշումների կայացմանն ու հանրային վերահսկողությանը։
Այս համատեքստում քաղաքացիական հասարակությունը կոչ է անում ՀՀ կառավարությանը, ՀՀ արդարադատության նախարարությանը և մյուս իրավասու պետական մարմիններին՝ շահագրգիռ հանրության, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, մասնագիտական շրջանակների և համայնքային ակտիվիստների մասնակցությամբ անհապաղ ձեռնարկել հակա-SLAPP օրենսդրության մշակման գործընթաց։
