Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
12/10/2026
share

«Հաղթելու են այն պայքարները, որոնք համայնքահեն են». Օլեգ Դուլգարյան

Իրավածաշտպան Օլեգ Դուլգարյանը գրում է․ «Թեղուտից մինչև Ամուլսար․

Պայքարը շարունակվում է, ոչ թե՝ սկսվում նորից

Երկու օր է՝ համացանցում տեսնում ենք Ամուլսարի պաշտոնական բացման հետ կապված տարբեր քաղաքացիների գրառումներ։ Դրանք կարելի է բաժանել մի քանի խմբի՝ հուսահատական, պարտվողական, վրդովմունքի, ինքնարդարացման, աստծո դատաստանին ապավինող, ինչպես նաև՝ պոպուլիստական բովանդակությամբ։ Կան նաև գրառումներ, որոնք մեղադրում են բնապահպան ակտիվիստներին կամ այլ շրջանակների։

Բայց արդյո՞ք հանքի բացումը նշանակում է, որ պայքարն ավարտվել է, իսկ պայքարողները՝ պարտվել։ Այս հարցին պատասխանելու համար արժե հիշել Թեղուտի պատմությունը:

Դեռևս նախահեղափոխական Հայաստանում էկոակտիվիստները, քաղաքացիական հասարակությունը և գիտակից քաղաքացիները հուժկու պայքար էին մղում Թեղուտի համար։ Նրանց համար պարզ էր, որ սակավանտառ Հայաստանում՝ ամենաարագընթաց գետերից մեկի ավազանում խոշոր հանքավայր բացելը հանցագործություն է։

Պայքարը երկարատև էր, բայց անօրինության արդյունքում ի վերջո հանքավայրը բացվեց։ Արդյոք պարտվեցի՞ն բնապահպաններն ու հասարակությունը։ Բնավ ոչ։ Պայքարը շարունակվեց քաղած դասերի հիման վրա։

Հետագայում Հայաստանի մյուս տարածքների պաշտպանության համար հենց ա՛յդ պայքարի շարունակությունը դարձավ ընտրված մարտավարություն։ Դրա արդյունքը եղավ այն, որ Հայաստանի տարբեր համայնքներում ավելի քան մեկ տասնամյակ շարունակվող՝ ավելի քան երկու տասնյակ նոր հանքերի բացմանն ուղղված աշխատանքներն այդպես էլ հաջողության չհասան։ Եվ ո՞ւր է այստեղ պարտությունը։ Սա, իսկական, հաղթանակ է։

Իսկ ո՞րն էր քաղած դասը։ Այն, որ շրջակա միջավայրի համար ցանկացած պայքար պետք է լինի համայնքահեն։ Առաջին հերթին պետք է պայքարի համայնքի բնակիչը՝ իր առողջ և մաքուր շրջակա միջավայրում ապրելու իրավունքի համար։ Քաղաքացին պետք է իրազեկված լինի, ունենա իր սոցիալ-էկոլոգիական պաշտպանությունը կազմակերպելու կարողություն և դիմակայուն լինի հնարավոր ճնշումների նկատմամբ։

Հենց նույն Թեղուտում, Շնողում, տեղաբնակները հետագա տարիներին շարունակեցին պայքարը, շրջակա միջավայրի պահպանության, սոցիալական արդարության ուղղությամբ, այդ թվում տեղական և միջազգային դատական ատյաններում։

Ամուլսարը պայքարի նոր էջ էր։ Այն հետհեղափոխական Հայաստանի ամենախոշոր բնապահպանական շարժումն էր, որն, իհարկե, զերծ չմնաց քաղաքական շահարկումներից ու տարբեր տեսակի սադրանքներից։ Դա այն շարժումն էր, որի ընթացքում Հայաստանում իմացան, թե ինչ են SLAPP (ռազմավարական հայցեր ընդդեմ հանրային մասնակցության) հայցերը:

Ամուլսարի համար մղված պայքարը թեև համայնքահեն էր, դրա գաղափարական հենարանը, սակայն, մեծ մասամբ հետհեղափոխական ընկալումներն էին, մասնավորապես այն, որ քաղաքացիների ձայնը լսելի է, և քաղաքացին ուժեղ է։ Ու իսկապես, ուժեղ քաղաքացիները (մասնավորապես՝ համայնքի բնակիչները) պայքարեցին՝ չնայած մեզ հայտնի բոլոր ծանր պայմաններին՝ քովիդին, պատերազմին, Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակումներին։

Այո՛, պայքարը մարեց, քանի որ համայնքահեն դիմակայության ինստիտուտը դեռևս բավարար չափով հզորացած և ոտքի կանգնած չէր։ Ավելին՝ այն մեծ վնասներ էր կրել վերոնշյալ իրադարձությունների հետևանքով։

Հիմա կարո՞ղ ենք ասել, որ Ամուլսարի պայքարում քաղաքացիները պարտվել են։ Միանշանակ ոչ. նրանք չեն պարտվել իրենց պայքարի ընթացքում։

Ամուլսարի պայքարը շարունակվելու է Թեղուտի՝ պայքարին հաջորդած պայքարների օրինակով։ Քանզի դրանից դասեր են քաղում համայնքների բնակիչները, քաղաքացիները և բնապահպանները, որոնք վերադիրքավորվելու են ու նոր մարտավարություններ են առաջ քաշելու, հատկապես՝ վստահության մակարդակի շարունակական նվազման ֆոնին։

Ճիշտ է, հնարավոր է՝ պայքարողները կանգնեն նոր դժվարությունների առաջ, ճնշման՝ արդեն ավանդական մեթոդներին կարող են գումարվել տարբեր մարդկանց նկատմամբ կոմպրոմատներ հավաքելու կամ այլ ձևերով նրանց պայքարից հեռացնելու փորձերը: Գուցե լինեն նաև քրեական գործեր։ Դա, սակայն, ընդհանուր պայքարի պատկերը չի փոխելու, քանի որ պայքարները կախված չեն մեկ մարդուց, առավել ևս՝ երբ դրանք համայնքահեն են։

Այնպես որ, պայքարը շարունակվում է, ու ավելի դժվար է լինելու, քանզի շատ են տարածքները, որտեղ ցանկանում են նոր հանքեր բացել։

Եվ հաղթելու են այն պայքարները, որոնք համայնքահեն են»։

facebook sharing button facebook