
Ամուլսարի «հաջողության պատմությունից» անդին․ ո՞ւմ է պատկանում շահույթը և ո՞ւմ՝ ռիսկը
Կառավարությունը Ամուլսարի շահագործումը ներկայացնում է որպես տնտեսական զարգացման նոր փուլ։ Բայց ի՞նչ է նշանակում հանրային շահ, երբ պետությունը միաժամանակ հանքարդայունաբերական ընկերության բաժնետեր է, վերահսկող մարմին և ներդրումների խթանող
2026 թվականի հոկտեմբերի 10-ին Ամուլսարի հանքավայրի շահագործման պաշտոնական մեկնարկի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագիծը ներկայացրեց որպես Հայաստանի տնտեսական զարգացման նշանակալի ձեռքբերում։
Նա խոսեց ներդրումների, ժամանակակից տեխնոլոգիաների, բարձր վարձատրվող աշխատատեղերի, հարկային եկամուտների և պետության 12,5 տոկոս բաժնեմասնակցության մասին։ Վարչապետ Փաշինյանի գնահատմամբ՝ Ամուլսարը կարող է դառնալ նաև Հայաստանի մյուս հանքարդյունաբերական ծրագրերի զարգացման օրինակ։
Սակայն տնտեսական հաջողության այս պատկերը մի շարք հարցեր է առաջացնում՝ կապված հանրային ռեսուրսների կառավարման, բնապահպանական պատասխանատվության և պետության տարբեր դերերի հնարավոր հակասության հետ։ Որքանո՞վ է հնարավոր հանքարդյունաբերական նախագծի հաջողությունը գնահատել միայն ներդրումներով և տնտեսական ցուցանիշներով։ Եվ ի՞նչ է տեղի ունենում, երբ պետությունը, որը պարտավոր է վերահսկել ընկերության գործունեությունը, միաժամանակ շահագրգռված է այդ ընկերության ֆինանսական հաջողությամբ։
Ամուլսարի շուրջ տարիներ շարունակվող հակասությունները ցույց են տալիս, որ այս հարցերը սոսկ հանքի շահագործման մասին չեն. դրանք առաջնահերթ վերաբերում են Հայաստանում տնտեսական զարգացման այն մոդելին, որի շրջանակում բնական ռեսուրսների արդյունահանումը շարունակում է դիտարկվել որպես տնտեսական աճի կարևոր շարժիչ ուժ։
Ո՞ւմն է Ամուլսարը, և ո՞վ է որոշում դրա ապագան
Իր ելույթում այսօր Փաշինյանը կարևորեց հանքի նկատմամբ հանրային սեփականության գաղափարը։ Նա հիշեցրեց, որ ընդերքը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, և շեշտեց, որ կառավարությունը ձգտել է ապահովել, որպեսզի քաղաքացիները նախագիծը համարեն նաև իրենցը։
Այս միտքը առաջին հայացքից կարող է համահունչ թվալ հանրային շահի պաշտպանության սկզբունքին։ Բայց այստեղ ևս կա շատ հիմնարար հակասություն։
Եթե ընդերքը ժողովրդի սեփականությունն է, ապա արդյո՞ք ժողովրդի մասնակցությունը սահմանափակվում է այդ սեփականության շահագործումից տնտեսական օգուտ ստանալով։
Ի՞նչ է նշանակում հանրային սեփականություն, եթե դրա օգտագործման ձևի վերաբերյալ քաղաքացիների անհամաձայնությունը չի փոխում որոշման վերջնական ուղղությունը։ Սեփականության հանրային բնույթը չի կարող ինքնաբերաբար նշանակել, որ ցանկացած արդյունահանման նախագիծ հանրային շահին է ծառայում։ Հանրային շահը որոշվում է ոչ միայն ակնկալվող եկամուտներով, այլև բնապահպանական, սոցիալական, առողջապահական և երկարաժամկետ տնտեսական հետևանքների համադրությամբ։ Հանքարդյունաբերության դեպքում այդ հարցը հատկապես սուր է, քանի որ տնտեսական եկամուտներն ու բնապահպանական ռիսկերը պարտադիր չէ, որ հավասարաչափ բաշխվեն։
Պետական բյուջեն կարող է եկամուտ ստանալ ամբողջ երկրի մակարդակով, մինչդեռ հնարավոր բնապահպանական ազդեցություններն առավել անմիջականորեն կարող են զգալ հանքավայրի հարակից բնակավայրերը։ Հետևաբար, երբ կառավարությունը խոսում է ժողովրդի սեփականության մասին, անհրաժեշտ է առաջնահերթ հասկանալ նաև՝ ինչպե՞ս է ապահովվել այդ սեփականության օգտագործման վերաբերյալ հանրային վերահսկողությունը։ Եվ ամենակարևորը՝ ի՞նչ իրական հնարավորություն են ունեցել ազդակիր համայնքների բնակիչները փոխելու ծրագրի ընթացքը, եթե համաձայն չեն եղել դրա իրականացմանը։
12,5 տոկոս բաժնեմաս․ տնտեսական շահ և վերահսկողության պատասխանատվություն
2023 թվականի փետրվարին Հայաստանի կառավարությունը, «Լիդիան Արմենիա» ընկերությունը և Եվրասիական զարգացման բանկը ստորագրեցին եռակողմ փոխըմբռնման հուշագիր՝ նախատեսելով ծրագրի վերագործարկումը։ Գործարքի շրջանակում Հայաստանի կառավարությունը ստացավ ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը՝ անհատույց։ Այս հանգամանքը Փաշինյանն այսօր ներկայացրեց որպես նախագծի տնտեսական առավելություններից մեկը։
Պետական բաժնեմասնակցությունը կարող է ստեղծել լրացուցիչ տնտեսական շահի հնարավորություն։ Բայց այն առաջացնում է նաև կառավարման և հաշվետվողականության կարևոր հարցեր։ Պետությունն այս դեպքում միայն թույլտվություններ տրամադրող և բնապահպանական վերահսկողություն իրականացնող մարմին չէ, այն նաև ընկերության բաժնետեր է և շահագրգռված է ծրագրի տնտեսական հաջողությամբ։ Այս երկու դերերի համատեղումը ինքնին ապօրինության մասին չի մատնանշում, սակայն պահանջում է առանձնապես հստակ ինստիտուցիոնալ երաշխիքներ։
Ինչպե՞ս է ապահովվելու, որ պետության ֆինանսական շահագրգռվածությունը չազդի բնապահպանական վերահսկողության անկախության վրա։ Ո՞ր մարմիններն են պատասխանատու մշտադիտարկման համար, ինչպիսի՞ հրապարակային հաշվետվողականություն է նախատեսված, և ի՞նչ տեղի կունենա, եթե շահագործման ընթացքում ի հայտ գան նախկինում չկանխատեսված ռիսկեր։ Այս հարցերը վերաբերում են պետական կառավարման այնպիսի համակարգի անհրաժեշտությանը, որտեղ տնտեսական շահը չի կարող գերակայել հանրային առողջության և բնապահպանական անվտանգության նկատմամբ։
Աշխատատեղեր, տնտեսական աճ և զարգացման գինը
Փաշինյանի ելույթի զգալի մասը նվիրված էր հանքի տնտեսական նշանակությանը։ Նա խոսեց ժամանակակից տեխնիկայի ներմուծման, բարձր որակավորում պահանջող աշխատատեղերի, ավելի բարձր վարձատրության, հարկային եկամուտների և համախառն ներքին արդյունքի աճի մասին։ Այս առավելությունները պետք է գնահատվեն իրենց իրական տնտեսական նշանակությամբ։
Նոր աշխատատեղերը, մասնագիտական կարողությունների զարգացումը և պետական եկամուտները կարող են կարևոր լինել հատկապես մարզային համայնքների համար, որտեղ զբաղվածության հնարավորությունները սահմանափակ են։ Տնտեսական օգուտների առկայությունը, սակայն, չի վերացնում բնապահպանական և սոցիալական ռիսկերը գնահատելու անհրաժեշտությունը։ Այստեղ խնդիրն այն տրամաբանությունն է, որով տնտեսական աճը կարող է ներկայացվել որպես նախագծի հանրային օգտակարության վերջնական ապացույց։
Մինչդեռ զարգացման գնահատումը պահանջում է ավելի լայն հարցադրումներ։ Մասնավորապես՝ որքա՞ն ժամանակ են պահպանվելու ստեղծված աշխատատեղերը։ Ինչպիսի՞ն կլինի դրանց ազդեցությունը տեղական տնտեսության վրա։ Որքա՞ն են կազմելու բնապահպանական վերահսկողության, հնարավոր վնասների վերացման և հանքի փակման հետ կապված ծախսերը։ Ինչպե՞ս են գնահատվել այլընտրանքային տնտեսական հնարավորությունները, այդ թվում՝ Ջերմուկի առողջարանային և զբոսաշրջային զարգացման հեռանկարները։
Այս հարցերին պատասխանելու համար միայն ներդրումների կամ ակնկալվող հարկային մուտքերի թվերը բավարար չեն։ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ «հանքի գործարկմամբ Հայաստանը թևակոխում է զարգացման նոր փուլ»։ Բայց զարգացման նոր փուլը պետք է գնահատել նաև նրանով, թե ինչպես են այդ գործընթացում պաշտպանվում քաղաքացիների իրավունքները, բնապահպանական անվտանգության չափանիշները և որոշումների կայացման թափանցիկությունը Տնտեսական աճը կարող է լինել զարգացման ցուցանիշներից մեկը, բայց չի կարող փոխարինել զարգացման որակի վերաբերյալ հանրային քննարկմանը։
2025 թվական․ դիմադրությունը չէր ավարտվել
Ամուլսարի շուրջ քաղաքացիական դիմադրությունը 2018-2020 թվականների ճանապարհային շրջափակումներով չսահմանափակվեց։ Հետագա տարիներին պայքարը շարունակվեց նաև իրավական, հանրային վերահսկողության և միջազգային կառույցներին դիմելու ձևերով։
2025 թվականին Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ դիմեցին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին՝ բարձրաձայնելով Ամուլսարի նախագծի ֆինանսավորման բնապահպանական և սոցիալական հետևանքների վերաբերյալ մտահոգությունները։ Կազմակերպությունները մատնանշում էին նախագծի գնահատման թերությունները, կենսաբազմազանության և համայնքների անվտանգության հնարավոր ռիսկերը, ինչպես նաև միջազգային բնապահպանական պարտավորությունների պահպանման անհրաժեշտությունը։
Նրանց պահանջներից էր ապահովել անկախ և հրապարակային ռիսկերի գնահատում, ինչպես նաև վերանայել նախագծի ֆինանսավորմանն առնչվող ներգրավվածությունը։
Նույն շրջանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունները շարունակեցին բարձրաձայնել նաև Հայաստանի բնապահպանական քաղաքականության հակասությունները՝ մասնավորապես COP17-ին ընդառաջ։
Բնապահպանական կազմակերպությունների ներկայացրած հարցերի մի մասն առնչվում էր նաև Բեռնի կոնվենցիայի շրջանակում քննարկվող կենսաբազմազանության պահպանության պարտավորություններին։ Եվրոպայի խորհրդի համապատասխան գործընթացներում ներկայացված փաստաթղթերը ցույց են տալիս, որ Ամուլսարի բնապահպանական գնահատումների և ծրագրի իրականացման վերաբերյալ տարաձայնությունները պահպանվել են նաև 2025 թվականին։
Սա կարևոր հանգամանք է վարչապետ Փաշինյանի այսօրվա ելույթը գնահատելու համար։ Երբ իշխանությունը խոսում է Ամուլսարի պատմության ավարտի մասին, անհրաժեշտ է տարբերակել հանքի շահագործման մեկնարկը և դրա շուրջ հանրային ու իրավական բոլոր հարցերի լուծումը։ Առաջինը տեղի ունեցավ այսօր։ Երկրորդի վերաբերյալ նման անվերապահ եզրակացություն անել հնարավոր չէ։
COP17-ին ընդառաջ․ ինչպիսի՞ բնապահպանական քաղաքականություն է ներկայացնում Հայաստանը
Ամուլսարի շահագործման մեկնարկը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։
Միջազգային բնապահպանական օրակարգում այս իրադարձությունը Հայաստանի համար հնարավորություն է ներկայացնելու կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ իր հանձնառությունները և քաղաքական առաջնահերթությունները։ Սակայն Ամուլսարի շուրջ երկարատև հակասությունները ցույց են տալիս, որ այդ հանձնառությունները պետք է գնահատվեն ոչ միայն միջազգային հարթակներում հնչող հայտարարություններով, այլև երկրի ներսում ընդունվող կոնկրետ որոշումներով։
Հանքարդյունաբերությունն ու կենսաբազմազանության պահպանությունը բոլոր հանգամանքներում փոխբացառող չեն։ Բայց դրանց համատեղելիությունը պահանջում է գիտականորեն հիմնավորված գնահատումներ, հստակ սահմանափակումներ, արդյունավետ վերահսկողություն և հանրային մասնակցության իրական մեխանիզմներ։ Հետևաբար հարց է առաջանում, թե ինչպես են այդ առաջնահերթություններն արտացոլվում Ամուլսարի նման նախագծերի իրականացման ընթացքում։ Առավել ևս, երբ կառավարությունը հանքի շահագործումը ներկայացնում է որպես օրինակ, որը պետք է տարածվի նաև հանքարդյունաբերական այլ ծրագրերի վրա …
Ամուլսարը՝ որպես ապագա հանքարդյունաբերական ծրագրերի նախադեպ
Փաշինյանի՝ այսօրվա ելույթի ավարտին հնչեց ևս մեկ կարևոր միտք. նա հայտարարեց, որ Ամուլսարի նախագիծը պետք է լոկոմոտիվային նշանակություն ունենա նաև հանքարդյունաբերական մյուս ընկերությունների և ծրագրերի համար։
Այս հայտարարությունը Ամուլսարի հարցը դուրս է բերում մեկ հանքավայրի սահմաններից։ Եթե կառավարությունը նախագիծը դիտարկում է որպես ապագա ներդրումային և հանքարդյունաբերական ծրագրերի օրինակ, ապա կարևոր է հասկանալ, թե հատկապես ինչ փորձ է պատրաստվում ընդօրինակել։
Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառո՞ւմը։ Պետության բաժնեմասնակցությո՞ւնը։ Բնապահպանական վերահսկողության նոր համակարգե՞րը։ Թե՞ նաև հանրային դիմադրության պայմաններում նախագծի իրականացման ճանապարհը։ Այս տարբերակները էապես տարբեր նշանակություն ունեն։ Եթե Ամուլսարի փորձը պետք է օրինակ ծառայի ապագա ծրագրերի համար, ապա դրա գնահատումը չի կարող սահմանափակվել ներդրումային արդյունքներով։ Այն պետք է ներառի նաև քաղաքացիների մասնակցության արդյունավետությունը, բնապահպանական գնահատումների որակը, իրավական վեճերը, պետական կառույցների հաշվետվողականությունը և հանրային վստահության փոփոխությունները։
Հակառակ դեպքում կա վտանգ, որ ապագա նախագծերի համար որպես հաջողության չափանիշ կդիտարկվի ոչ թե բոլոր կողմերի իրավունքների պաշտպանությունը, այլ այն փաստը, որ երկարատև դիմադրությունից հետո նախագիծը, այնուամենայնիվ, իրականացվել է։
Զարգացման նոր փո՞ւլ, թե՞ հին հարցերի նոր շարունակություն
Ամուլսարի շահագործման պաշտոնական մեկնարկը կառավարության համար տնտեսական և քաղաքական նշանակալի իրադարձություն է։ Բայց եթե այն պետք է ներկայացվի որպես Հայաստանի զարգացման նոր փուլի խորհրդանիշ, ապա անհրաժեշտ է գնահատել ոչ միայն ծրագրի ակնկալվող տնտեսական արդյունքները, այլև դրա իրականացման ամբողջ ընթացքը։
Այդ ընթացքը ներառում է տարիներ շարունակվող բնապահպանական վեճեր, քաղաքացիական դիմադրություն, փորձագիտական հակասություններ, իրավական գործընթացներ և հանրային վստահության խնդիրներ։
Այսօր կառավարությունը խոսում է նոր որակի հանքարդյունաբերության մասին։ Սակայն նոր որակը պետք է արտահայտվի ոչ միայն տեխնիկայի արդիականությամբ կամ արտադրական գործընթացների արդյունավետությամբ։ Այն պետք է արտահայտվի նաև բնապահպանական վերահսկողության անկախությամբ, տվյալների հրապարակայնությամբ, քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ և հնարավոր վնասների համար պատասխանատվության հստակ մեխանիզմներով։
Ամուլսարի շահագործման մեկնարկը չի կարող լինել այդ հարցերի վերջնական պատասխանը։ Ընդհակառակը՝ շահագործման մեկնարկից հետո դրանք դառնում են առավել հրատապ։
Եթե կառավարությունը ցանկանում է այս նախագիծը ներկայացնել որպես «ապագա զարգացման օրինակ», ապա պարտավոր է հանրությանը ցույց տալ ոչ միայն արդյունահանվող ոսկին, ստեղծվող աշխատատեղերն ու ակնկալվող եկամուտները, այլև այն երաշխիքները, որոնցով պաշտպանվելու են մարդիկ և շրջակա միջավայրը։ Տնտեսական հաջողությունը չի կարող ամբողջական համարվել, եթե դրա գնահատման մեջ բացակայում են հնարավոր բնապահպանական ծախսերը, հանրային վերահսկողությունն ու մարդկանց իրավունքները։
