
Ամուլսար․ երբ իշխանության հաջողությունը չափվում է բողոքի բացակայությամբ
2018 թվականի քաղաքացիական դիմադրությունից մինչև հանքի հանդիսավոր բացում․ ինչպե՞ս փոխվեց իշխանության վերաբերմունքը Ամուլսարի շուրջ հանրային պայքարին
2026 թվականի հոկտեմբերի 10-ին Ամուլսարի հանքավայրի շահագործման պաշտոնական մեկնարկի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ավարտին է հասցվում Ամուլսարի երկարամյա պատմությունը, և այն անվանեց միանշանակ հաջողություն։ Իր ելույթի սկզբում նա առանձնահատուկ կարևորեց այն հանգամանքը, որ հանքի բացման հանդիսավոր միջոցառումն անցկացվում է առանց բողոքի ակցիաների։
Սակայն այն, ինչ այսօր կառավարությունը ներկայացնում է որպես «տնտեսական զարգացման և ներդրումային հաջողության օրինակݟ, տարիներ շարունակ Հայաստանի ամենախոշոր բնապահպանական դիմադրություններից մեկի կենտրոնում էր։ Ամուլսարի ճանապարհներին մարդիկ շուրջօրյա հերթապահում էին, կազմակերպում բողոքի ակցիաներ, դիմում դատարաններ, պահանջում անկախ փորձաքննություններ և բարձրաձայնում իրենց առողջության, ջրային ռեսուրսների ու բնակավայրերի ապագայի վերաբերյալ մտահոգությունները։
Այսօր հանքի շահագործման մեկնարկը փաստ է։ Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ տարիներ շարունակ բարձրացված հարցերը ստացել են սպառիչ պատասխաններ։ Եվ կարո՞ղ է բողոքի բացակայությունը վկայել հանրային համաձայնության մասին։
Փաշինյանի ելույթում Ամուլսարի պատմությունը ներկայացվեց հիմնականում ներդրումների, աշխատատեղերի, տեխնոլոգիաների, տնտեսական աճի և պետական եկամուտների լեզվով։ Իսկ տարիներ շարունակ այդ նախագծին ընդդիմացած մարդկանց պայքարը հայտնվեց պատմության լուսանցքում՝ որպես անցած, հաղթահարված փուլ։
Այս հակադրությունն առանձնապես նշանակալի է, եթե հիշենք, որ Ամուլսարի շուրջ քաղաքացիական դիմադրությունն իր ամենամեծ ծավալը ստացավ հենց 2018 թվականի հեղափոխությունից հետո, երբ հանրային մասնակցության, քաղաքացիների ձայնը լսելու և որոշումների կայացման նոր մշակույթի ձևավորման խոստումները քաղաքական օրակարգի կենտրոնում էին։
2018 թվական․ երբ մարդիկ փորձում էին որոշել իրենց բնակավայրի ապագան
Ամուլսարի ոսկու հանքավայրի շուրջ հակասությունները սկսվել էին դեռևս 2000-ականներից։ «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որը նախկինում գործում էր «Գեոթիմ» անվամբ, 2006 թվականից սկսեց երկրաբանական հետախուզական աշխատանքները։ Հետագա տարիներին նախագծի զարգացմանը զուգահեռ բնապահպաններն ու տեղի բնակիչները բարձրաձայնում էին հանքի հնարավոր ազդեցությունը Ջերմուկի, Արփա և Որոտան գետերի, ջրային այլ ռեսուրսների, կենսաբազմազանության և համայնքների կենսապայմանների վրա։
2016 թվականին, անհրաժեշտ թույլտվությունների տրամադրումից հետո, սկսվեցին հանքի ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։
Ամուլսարի պատմության շրջադարձային փուլը, սակայն, 2018 թվականն էր։
2018 թվականի քաղաքացիական շարժումից հետո, որը ընդունված է անվանել «Թավշյա» հեղափոխություն, հունիսին, Ջերմուկի և հարակից բնակավայրերի մի խումբ բնակիչներ ու բնապահպան ակտիվիստներ փակեցին դեպի Ամուլսար տանող ճանապարհները։ Սկսվեց երկարատև քաղաքացիական անհնազանդությունը։ Մարդիկ հերթապահում էին հանքի ճանապարհներին, կազմակերպում քննարկումներ, հանրային ակցիաներ և փորձում կանխել շինարարական աշխատանքների շարունակությունը։
Կարևոր է ընդգծել, որ այդ պայքարը սոսկ հանքավայրի հնարավոր բնապահպանական վնասների մասին չէր, այն պայքար էր հասկանալու, թե ով իրավունք ունի որոշելու տարածքի ապագան։ Արդյո՞ք բնակիչների համաձայնությունը կամ առարկությունները կարող են իրական ազդեցություն ունենալ պետական որոշումների վրա։ Եվ ի՞նչ է տեղի ունենում, երբ պետության տնտեսական առաջնահերթությունները հակասության մեջ են մտնում քաղաքացիների պատկերացումների հետ իրենց անվտանգ ու առողջ միջավայրի մասին։
Ամուլսարի դիմադրությունը հետհեղափոխական Հայաստանում դարձավ այդ հարցերի գործնական փորձությունը։
Մի կողմից՝ իշխանությունը հայտարարում էր քաղաքացիների մասնակցության կարևորության մասին, մյուս կողմից՝ կանգնած էր խոշոր ներդրումային ծրագրի շարունակության վերաբերյալ որոշում կայացնելու անհրաժեշտության առաջ։
Ակտիվիստների համար պայքարը նաև վստահության հարց էր։ Նրանք պահանջում էին, որ պետությունը չսահմանափակվի ընկերության ներկայացրած բնապահպանական գնահատականներով և ապահովի անկախ, ամբողջական ու հանրությանը հասանելի ուսումնասիրություններ։
Այսօր, երբ վարչապետ Փաշինյանը հանքի բացման ժամանակ առանձնացնում է բողոքի ակցիաների բացակայությունը, անհրաժեշտ է հիշել՝ այդ բողոքի ակցիաները տարիներ շարունակ քաղաքացիների մասնակցության ամենատեսանելի ձևերից էին։ Դրանց բացակայությունն ինքնին չի պատասխանում այն հարցին, թե ինչ է փոխվել մարդկանց մտահոգությունների, պահանջների կամ պետության նկատմամբ վստահության մեջ։
Փորձաքննություններ, հակասական մեկնաբանություններ և չավարտված հարցեր
2019 թվականին կառավարության նախաձեռնությամբ Ամուլսարի նախագծի բնապահպանական ռիսկերի վերաբերյալ իրականացվեց միջազգային փորձագիտական ուսումնասիրություն՝ ELARD խորհրդատվական ընկերության մասնակցությամբ։ Այն պետք է նպաստեր տարիներ շարունակ հակասությունների պատճառ դարձած հարցերի պարզաբանմանը։ Սակայն ուսումնասիրության հրապարակումը չավարտեց վեճը։
Փորձագիտական եզրակացության տարբեր հատվածները տարբեր կերպ մեկնաբանվեցին պետական մարմինների, ընկերության ներկայացուցիչների և բնապահպանների կողմից։
Կառավարության ներկայացմամբ՝ ուսումնասիրությունը հիմքեր էր տալիս եզրակացնելու, որ մի շարք բնապահպանական ռիսկեր կառավարելի են։ Մասնավորապես, 2019 թվականի օգոստոսի 15-ի կառավարության քննարկման ընթացքում ներկայացվեցին եզրահանգումներ, ըստ որոնց՝ Ամուլսարի ստորերկրյա ջրերի և Ջերմուկի ջերմային աղբյուրների միջև հիդրոլոգիական կապ չի հայտնաբերվել։ Միաժամանակ քննարկվեցին նաև հնարավոր թթվային դրենաժի և ջրային համակարգերի վրա ազդեցության հարցեր։
Բնապահպանական կազմակերպությունները, սակայն, շարունակում էին մատնանշել գնահատումների թերությունները, լրացուցիչ ուսումնասիրությունների անհրաժեշտությունը և ռիսկերի կառավարման վերաբերյալ անորոշությունները։
ELARD-ի ուսումնասիրությունն ինքնին պարունակում էր նաև լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ։ Հետևաբար դրա արդյունքները որպես բոլոր հնարավոր ռիսկերի անվերապահ բացառում ներկայացնելը չի արտացոլում փաստաթղթի ամբողջ բովանդակությունը։
Այստեղ է, որ վարչապետի այսօրվա հայտարարությունն առանձնապես կարևոր է դառնում։ Նա պնդեց, որ կառավարությունը պատասխանել է բնապահպանական ոլորտին առնչվող բոլոր հարցերին, և այսօր իշխանությունը համոզված է, որ նախկինում բարձրաձայնված ռիսկերը տեղ չունեն։
Սակայն ռիսկերի կառավարելի լինելու գնահատականը և ռիսկերի բացակայության պնդումը նույնը չեն։ Առաջինը ենթադրում է վերահսկողության, մշտադիտարկման, կանխարգելման և պատասխանատվության անհրաժեշտություն։ Երկրորդը կարող է հանրային ընկալման մեջ ստեղծել տպավորություն, թե խնդիրը վերջնականապես լուծված է։
Հանքարդյունաբերության բնապահպանական անվտանգությունը մեկ անգամ տրված գնահատական չէ։ Այն շարունակական գործընթաց է, որի արդյունավետությունը պետք է հաստատվի շահագործման ամբողջ ընթացքում՝ հրապարակային տվյալներով, անկախ վերահսկողությամբ և պատասխանատվության գործուն մեխանիզմներով։
Եթե կառավարությունը պնդում է, որ բոլոր էական հարցերին պատասխանել է, ապա հանրությունը պետք է հնարավորություն ունենա տեսնելու ոչ միայն այդ պնդումը, այլև դրա հիմքում ընկած ամբողջական, արդիական ապացույցները։
2024 թվական․ դատական որոշում, որը չի տեղավորվում «բոլոր հարցերը լուծված են» պատմության մեջ
Ամուլսարի շուրջ իրավական պայքարը շարունակվեց նաև այն ժամանակ, երբ ճանապարհների շրջափակումը դադարել էր։
2024 թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Կարեն Զարիկյանի նախագահությամբ, որոշում կայացրեց դեռևս 2015 թվականին սկսված դատական գործով։
Դատարան էին դիմել Գնդեվազ գյուղի 11 բնակիչներ և երկու հասարակական կազմակերպություններ՝ վիճարկելով հանքի ծրագրի հետ կապված մի շարք վարչական ակտերի իրավաչափությունը։ Դատարանը մասնակիորեն բավարարեց հայցը՝ արձանագրելով բնապահպանական փորձաքննության իրականացման իրավական թերություններ։ Մասնավորապես, գործի վերաբերյալ հրապարակված տեղեկությունների համաձայն, դատարանը խնդիրներ էր արձանագրել փորձաքննությանը ներգրավված մասնագետների համապատասխան որակավորման և օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանման առնչությամբ։
Դատարանի գնահատմամբ՝ վիճարկվող որոշումների հիմքում ընկած բնապահպանական գնահատման գործընթացը չէր բավարարել օրենքի պահանջները, ինչի հետևանքով չէր կարելի բացառել հայցվորների առողջ և անվտանգ շրջակա միջավայր ունենալու իրավունքի համար ռիսկերը։
Միաժամանակ անհրաժեշտ է հստակեցնել, որ դատարանը չի անվավեր ճանաչել հանքի շահագործման հետ կապված բոլոր թույլտվությունները։ Որոշ պահանջներ մերժվել են, իսկ մյուսները բավարարվել են մասնակիորեն։
Այս հանգամանքը կարևոր է ոչ միայն իրավական, այլև քաղաքական տեսանկյունից։ Եթե տարիներ շարունակ քաղաքացիները պնդել են, որ բնապահպանական գնահատման գործընթացում առկա են էական թերություններ, իսկ դատարանը հետագայում հաստատել է այդ գործընթացի որոշ խախտումներ, ապա այդ պայքարը հնարավոր չէ պարզապես ներկայացնել որպես անհիմն մտահոգությունների պատմություն։
Դատական որոշումը չի ապացուցում, որ հանքի շահագործումն անպայման կհանգեցնի բնապահպանական աղետի։ Սակայն այն ցույց է տալիս, որ քաղաքացիների բարձրացրած առնվազն մի շարք իրավական հարցեր ունեցել են իրական հիմքեր։ Եվ այստեղ առաջանում է սկզբունքային հարց՝ ինչպե՞ս է կառավարությունը հանրությանը ներկայացնում իր հաջողությունը՝ միաժամանակ բացատրելով այն դատական եզրահանգումները, որոնք հաստատել են նախագծի գնահատման գործընթացում թույլ տրված խախտումները։
Այդ հարցը հատկապես կարևոր է այսօր, երբ վարչապետը հայտարարում է, թե բնապահպանական բոլոր հարցերին տրվել են պատասխաններ։
Բողոքի բացակայությունը՝ որպես իշխանության հաջողության չափանիշ
Փաշինյանի ելույթի, թերևս, ամենաքննադատելի հատվածներից մեկը վերաբերում էր հենց հանրային դիմադրությանը։ Փաշինյանը կարևոր համարեց անդրադառնալ այն հարցին, թե ինչու է այսօր հնարավոր հանքի բացման հանդիսավոր միջոցառումն անցկացնել առանց բողոքի ակցիաների։ Նրա խոսքով՝ կարևոր խնդիրներից մեկը նախագծի վերաբերյալ հանրային ընկալման և իրազեկվածության բարձրացումն էր։ Այս ձևակերպումը, սակայն, առաջ է բերում մի շարք հարցեր։
Արդյո՞ք Ամուլսարի դեմ պայքարած քաղաքացիների հիմնական խնդիրը տեղեկացվածության պակասն էր։ Արդյո՞ք նրանք տարիներ շարունակ ճանապարհներ էին փակում, որովհետև չէին հասկանում ներդրումային ծրագրի տնտեսական նշանակությունը։ Թե՞ նրանց դիմադրության հիմքում կային կոնկրետ բնապահպանական, սոցիալական և իրավական մտահոգություններ, որոնց մի մասը շարունակեց բարձրաձայնվել նաև փորձաքննություններից հետո։
Հանրային մասնակցությունը չի կարող սահմանափակվել քաղաքացիներին կառավարության կամ ներդրողի որոշման առավելությունները բացատրելով։ Իրազեկումը կարևոր է, բայց այն մասնակցության միայն մեկ բաղադրիչն է։ Մասնակցությունը ենթադրում է նաև անհամաձայնության իրավունք և այդ անհամաձայնության՝ որոշումների վրա իրական ազդեցություն ունենալու հնարավորություն։
Եթե իշխանությունը հանրային մասնակցության հաջողությունը գնահատում է նրանով, որ այլևս բողոքի ակցիաներ չկան, ապա վտանգ կա, որ մասնակցությունը կսկսի դիտարկվել ոչ թե որպես որոշումների կայացման անբաժանելի մաս, այլ որպես կառավարելի խնդիր։
Բողոքի բացակայությունը կարող է ունենալ տարբեր պատճառներ՝ դիրքորոշումների փոփոխությունից մինչև հիասթափություն, կազմակերպական ռեսուրսների սպառում կամ պայքարի այլ ձևերի անցում։ Առանց համապատասխան ուսումնասիրության՝ հնարավոր չէ պնդել, թե դրանցից որն է որոշիչ եղել Ամուլսարի դեպքում։ Նույնքան անհիմն է, սակայն, բողոքի բացակայությունն ինքնաբերաբար մեկնաբանել որպես հանրային համաձայնություն։
Հատկապես երբ 2025 թվականին ևս բնապահպանական և իրավապաշտպան կազմակերպությունները շարունակել են բարձրաձայնել նախագծի վերաբերյալ մտահոգությունները։
Այս հանգամանքը ցույց է տալիս, որ առնվազն կազմակերպված քաղաքացիական հասարակության մի հատվածի համար Ամուլսարի հարցը փակված չէր։
Ո՞ւմ համար է հաջողության պատմությունը
2026 թվականի հոկտեմբերի 10-ին Ամուլսարի հանքավայրի պաշտոնական մեկնարկը կառավարության համար տնտեսական և քաղաքական նշանակալի իրադարձություն է։ Բայց այդ իրադարձության գնահատումը չի կարող ամբողջական լինել, եթե պատմությունից դուրս են մնում մարդիկ, որոնք տարիներ շարունակ այլ ապագա էին պատկերացնում այդ տարածքի համար։
Ամուլսարի ճանապարհներին հերթապահած բնակիչները, դատական գործընթացներին մասնակցած քաղաքացիները, անկախ գնահատումներ պահանջած բնապահպանները պարզապես ներդրումային ծրագրի իրականացման խոչընդոտներ չէին։
Նրանք բարձրացնում էին հարցեր, որոնք վերաբերում են պետության և քաղաքացու հարաբերություններին, հանրային ռեսուրսների կառավարմանը, առողջ շրջակա միջավայրի իրավունքին և ժողովրդավարական մասնակցության բովանդակությանը։ Այդ պայքարը չի կարելի գնահատել միայն իր անմիջական արդյունքով՝ հանքը շահագործվե՞ց, թե՞ ոչ։ Քաղաքացիական շարժման նշանակությունը նաև այն է, թե ինչ հարցեր է այն դարձրել հանրային քննարկման առարկա, ինչ իրավական խնդիրներ է բացահայտել և ինչպիսի պատասխանատվություն է պահանջել պետությունից։
2018 թվականին Ամուլսարի շուրջ ձևավորված դիմադրությունը ցույց տվեց, որ համայնքների բնակիչները կարող են կազմակերպվել և պահանջել մասնակցություն իրենց կյանքի վրա ազդող որոշումներին։
2024 թվականի դատական գործընթացը ցույց տվեց, որ նրանց բարձրացրած իրավական հարցերից առնվազն մի մասն ունեցել է հիմնավորումներ։
2025 թվականին շարունակվող հանրային դիմումները վկայում էին, որ կազմակերպված քաղաքացիական հասարակության մի հատվածը նախագիծը չէր համարում սպառիչ կերպով գնահատված։
Իսկ 2026 թվականին կառավարությունը հանքի բացումը ներկայացնում է որպես ավարտված էպոպեա և հաջողության պատմություն։
Այս պատմության մեջ ամենամեծ հակասությունը գուցե հենց այստեղ է։ Իշխանությունը, որի ձևավորման քաղաքական միջավայրում քաղաքացիների ձայնն ու մասնակցությունը կենտրոնական արժեքներ էին, այսօր իր հաջողությունը ներկայացնում է նաև այն փաստով, որ երբեմնի լայնածավալ դիմադրությունն այլևս տեսանելի չէ հանքի բացման վայրում։
Ժողովրդավարական կառավարման հաջողությունը, սակայն, չի չափվում բողոքի բացակայությամբ. այն չափվում է նրանով, թե որքանով են քաղաքացիները կարողանում ազդել իրենց կյանքի վերաբերյալ որոշումների վրա, որքանով է պետությունը հաշվետու իր ընտրությունների համար և որքանով են պաշտպանված անհամաձայնություն հայտնողների իրավունքները։
Ամուլսարի շահագործումը մեկնարկել է։ Բայց դրանով չեն ավարտվում պետության բնապահպանական, իրավական և հանրային պատասխանատվությունները։ Ամուլսարի շուրջ զարացած և զարգացող պատմության մեջ հարցը երբեք չի եղել սոսկ, թե որքան ոսկի կա լեռան ընդերքում, Փաշինյանի բնորոշոածմ էպոպեայի առանցքում կարևոր է հատկապես ուշադրություն դարձնել այն փաստին, թե որքան արժեք է ունեցել և այժմ ունի այդ լեռան շուրջ ապրող մարդկանց ձայնը։
