
Հոկտեմբերի 6-ին` COP 17-ին ընդառաջ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) մասնագիտացված թիմը, ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ՆԳՆ աշխատակիցների հետ համատեղ, «Հրաշք այգի» ռեստորանային համալիրից փրկել և Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC) են տեղափոխել ավելի քան 10 տարի անազատության մեջ պահվող երկու գորշ արջերի։
Ըստ խնամողի՝ էգ արջը տարիներ շարունակ ձագեր է ունեցել (որոնց ճակատագիրն անհայտ է) և այժմ կրկին հղի է, ինչը պահանջում է էլ ավելի զգոն կենդանաբուժական հսկողություն։
Տեղափոխման բարդ գործողությունն անցել է հարթ, կենդանիներն ապահով արթնացել են WRC-ում և այժմ գտնվում են պարտադիր կարանտինային շրջանում․
• Անցնում են համալիր լաբորատոր ախտորոշում և պատվաստումներ
• Աստիճանաբար անցնում են բալանսավորված սննդակարգի
• Իրականացվում է վարքագծային մոնիթորինգ
Կարանտինային փուլից հետո արջերը կտեղափոխվեն WRC-ի ընդարձակ, բնականին մոտ ազատավանդակներ։ Տասնամյակի անազատության պատճառով նրանք կորցրել են բնական բնազդները և չեն կարող վերադառնալ վայրի բնություն․ FPWC-ն, իր միջազգային գործընկեր International Animal Rescue (IAR)-ի հետ համատեղ, ստանձնում է նրանց ցմահ խնամակալությունը։
