
«Մեղվաբուծության զարգացման և ուսուցման կենտրոն» ՀԿ-ն և «Լոռվա մեղվաբույծներ» ՀԿ-ն պաշտոնական դիմում-բողոք են ուղղել ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Տիգրան Պետրոսյանին՝ ի պաշտպանություն մեղվաբուծական ոլորտի և բարեխիղճ արտադրողների։
Առիթը մարզերում մեղրի պետական մոնիթորինգի ընթացքում արձանագրված նմուշառման բուն մեթոդաբանության և ընթացակարգերի համակարգային կոպիտ խախտումներն են․
Նմուշառման կոպիտ մեթոդաբանական սխալներ. չի պահպանվել միջինացված (ներկայացուցչական) նմուշ կազմելու կարգը․ նմուշը վերցվել է պատահական մեկ տարայից, ինչն անվավեր է դարձնում ամբողջ խմբաքանակի վերաբերյալ տրվող ցանկացած հետևություն,
Նմուշառումներ՝ առանց տեղում կազմվող արձանագրությունների (ակտերի) կամ դրանց օրինակը արտադրողին տրամադրելու,
Առանց համարակալված կապարակնիքների կիրառման, ինչը չի երաշխավորում նմուշի անձեռնմխելիությունը և ստեղծում է խաչաձև աղտոտման կամ նմուշի փոխարինման ուղղակի ռիսկ,
Հսկիչ (արբիտրաժային) նմուշի չտրամադրում, ինչով մեղվապահները զրկվել են անկախ հավատարմագրված լաբորատորիայում արդյունքները բողոքարկելու իրավունքից,
Նմուշների փորձարկման անթույլատրելի երկարաձգումներ (մինչև 60–90 օր) և հետադարձ կապի բացակայություն։
Նման ոչ իրավաչափ գործընթացները ոչ միայն խախտում են տնտեսվարողների իրավունքներն ու միջազգային ստանդարտները, այլև ստվեր են գցում հայկական մեղրի բարի համբավի և արտահանման հեռանկարների վրա։
Մեր կազմակերպությունները պահանջել են․
Անցկացնել ծառայողական քննություն նմուշառման ընթացքում թույլ տրված խախտումների վերաբերյալ,
Խախտումներով և մեթոդաբանական սխալներով վերցված նմուշների փորձարկման արդյունքները ճանաչել անվավեր,
Կազմակերպել առերես աշխատանքային հանդիպում անձամբ ՍԱՏՄ ղեկավարի և ոլորտային պատասխանատուների հետ՝ ստեղծված իրավիճակից կառուցողական լուծումներ գտնելու նպատակով։
Գրությունն արդեն պաշտոնապես ներկայացված է։ Սպասում ենք ՍԱՏՄ ղեկավարության պաշտոնական արձագանքին և հանդիպման հրավերին։
