Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
08/10/2026
share

«Չի կարող քննադատությունը, անգամ ամենավիրավորական ու սուր, ենթարկվի սահմանափակման՝ քրեական հետապնդման միջոցով». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի և հրապարակախոս Վահրամ Սահակյանի կալանավորումներին

«Չեմ հետևել ու չեմ հետևում ոչ Արթուր Դանիելյանի, ոչ էլ Վահրամ Սահակյանի հրապակային խոսքին ու գործունեությանը. ոճի, բառապաշարի պատճառով:

Բայց կա կարծիքի արտահայտման ազատություն, որը պաշտպանված է, թե ՀՀ սահմանադրությամբ, թե Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով:

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 10-րդ հոդվածը սահմանում է արտահայտվելու ազատության իրավունքը։ Այն հանդիսանում է ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքներից մեկը։

Հոդվածը բաղկացած է երկու հիմնական մասից.

1. Իրավունքի բովանդակությունը (Մաս 1)

Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է՝

• Սեփական կարծիք ունենալու ազատությունը։

• Տեղեկություններ և գաղափարներ ստանալու ու տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից։

• Նշում. Այս հոդվածը չի խոչընդոտում պետություններին՝ սահմանելու ռադիոհաղորդումների, հեռուստատեսային կամ կինեմատոգրաֆիական ձեռնարկությունների լիցենզավորում:

Միաժամանակ, արտահայտման ազատության իրավունքը բացարձակ չէ, և կարող է սահմանափակվել.

Սահմանափակման հիմքերը

Արտահայտման ազատության իրականացումը կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, այն կարող է ենթարկվել որոշակի սահմանափակումների կամ պատժամիջոցների։ Դրանք պետք է նախատեսված լինեն օրենքով և անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակությունում հետևյալ նպատակներով․

• Ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակական անվտանգության։

• Անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու նպատակով։

• Առողջությունը կամ բարոյականությունը պաշտպանելու համար։

• Այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու համար։

• Խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու համար։

• Արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու համար։

Հաշվի առնելով հանրային հնչեղությունը, պետք է իրավապահ մարմինները, տվյալ դեպքում քննչական կոմիտեն, դատարանը հստակ ներկայացնեն հանրությանը տեղեկատվություն այդ անձանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդման հիմքերի, նաև խափանման միջոցի՝ կալանավորման հիմնավորվածության մասին:

Չի կարող քննադատությունը, անգամ ամենավիրավորական ու սուր, ենթարկվի սահմանափակման՝ քրեական հետապնդման միջոցով:

Նման դեպքերում միակ միջոցը քաղաքացիական հայցն է անձի կողմից, ով գտնում է, որ մյուս անձը արտահայտվել է վիրավորելով կամ զրպարտելով:

Հատկապես պաշտոնատար անձինք պետք է իմանան, որ իրենք ենթակա են ամենասուր քննադատական խոսքի»:

facebook sharing button facebook