Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
07/10/2026
share

«Հետք»-ի հրապարակումից հետո կասեցվել է Սևանի ափին գործող ասֆալտի արտադրամասի աշխատանքը

«Հետք»-ի բարձրաձայնած խնդրին արձագանքել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ)։ Օգոստոսի 28-ին մեր հրապարակած հոդվածի հիման վրա իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ի ասֆալտբետոնի արտադրամասը գործել է բնապահպանական նորմերի կոպիտ խախտումներով՝ մթնոլորտ արտանետելով թույլատրելի չափաքանակները գերազանցող ածխածնի օքսիդ և չնախատեսված ծծմբային անհիդրիդ (SO2):

Քանի որ արտադրամասը գտնվում է Սևանա լճից ընդամենը 1560 մետր հեռավորության վրա՝ լճի անմիջական ազդեցության գոտում, տեսչական մարմինը որոշում է կայացրել կասեցնել դրա գործունեությունը։

Ստորև ներկայացնում ենք ԲԸՏՄ տարածած հաղորդագրությունն ամբողջությամբ․

«Կայացվել է Սևանա լճի ազդեցության գոտում գործող ասֆալտբետոնի արտադրամասի գործունեության կասեցման որոշում. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը «Հետք» լրատվական կայքում 2026 թվականի օգոստոսի 28-ին հրապարակված հոդվածի հիման վրա ս.թ. սեպտեմբերի 4-18-ը ստուգում է իրականացրել «ՍԱՆԻ ԼԵՆԴ» ՍՊԸ-ի տարածքում գործող «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ում:

Ստուգման շրջանակներում Ընկերության ասֆալտբետոնի արտադրամասի արտանետվող աղբյուրից և հումքի կուտակումներից կատարվել են արտանետման չափագրումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ՝

ածխածնի օքսիդի քանակությունը գերազանցել է անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվության չափաքանակները,

հայտնաբերվել է բարձր կոնցենտրացիայի ծծմբային անհիդրիդ (SO2), որի արտանետումը նախատեսված չէ Ընկերության սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվությամբ:

Ասֆալտբետոնի արտադրամասը գտնվում է Սևանա լճից 1560 մետր հեռավորության վրա՝ Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում, որտեղ համաձայն «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի` արգելվում են էկոլոգիապես վնասակար, օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումները:

Հիմք ընդունելով «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 29.1 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը՝ Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի կողմից ս.թ. հոկտեմբերի 2-ին կայացվել է Ընկերության ասֆալտբետոնի արտադրամասի գործունեության կասեցման որոշում:

Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Կասեցման որոշման կատարումն ապահովելու նպատակով որոշումն ուղարկվել է ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն»։

facebook sharing button facebook