
Հոկտեմբերի 6-ի առավոտյան ձերբակալվել է Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության նախկին ղեկավար Աուգուստ Հաննինգը լրտեսության կասկածանքով՝ հղում անելով Գերմանիայի գլխավոր դատախազին գրում է DW-ն։ Նրա հետ ձերբակալվել է նաև նրա նախկին մտերիմ աշխատակիցը։ Գերմանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ խոսքը Ռուսաստանի հետ կապերի մասին չէ, գրում է աղբյուրը։
Դաշնային դատախազության տվյալներով՝ Հաննինգին, ի թիվս այլի, կասկածում են պետական դավաճանության փորձի և գործակալական գործունեության մեջ։ Նրա նախկին աշխատակցին ևս վերագրվում է մեղսակցություն այդ ամենին։ Ենթադրվում է, որ Հաննինգը և նրա նախկին աշխատակից Մանֆրեդ Դ.-ն 2010 թվականի գարնանը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ վերջինս վարձատրության դիմաց Հաննինգի համար մշտապես ձեռք կբերի Դաշնային հետախուզական ծառայության արժեքավոր տեղեկություններ,- նշված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ։
Հաննինգն այդ տեղեկությունները պետք է օգտագործեր իր մասնավոր խորհրդատվական գործունեության շրջանակում՝ առևտրային շահ ստանալու նպատակով։ Հետաքննության տվյալներով՝ մինչև 2022 թվականի հունիսը Մանֆրեդ Դ.-ն Հաննինգին է փոխանցել շուրջ 2․000 փաստաթուղթ՝ շատերը գաղտնիության նշումով։ Այդ նյութերը նախատեսված էին բացառապես Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության ներքին օգտագործման համար և ծառայել են գերատեսչության ղեկավարությանը տեղեկություններ տրամադրելուն։
Մասնավորապես, փաստաթղթերն օգտագործվել են, այսպես կոչված, հետախուզական խորհրդակցություններին նախապատրաստվելու համար, որոնք անցկացվում էին Դաշնային կանցլերի գերատեսչությունում։ Դրանց պարբերաբար մասնակցում էին դաշնային նախարարությունների և Գերմանիայի տարբեր անվտանգության մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ։ Մի դեպքում Հաննինգը Մանֆրեդ Դ.-ից ստացած գաղտնի տեղեկություններն օգտագործել է օտարերկրյա հետախուզական ծառայության աշխատակցի համար վերլուծություն պատրաստելու նպատակով։
Առայժմ չի հաջողվել պարզել՝ արդյո՞ք այդ նյութը հասել է հասցեատիրոջը։ Բացի այդ, ենթադրվում է, որ Հաննինգը սերտ կապեր է պահպանել մեկ այլ պետության հետախուզական ծառայության աշխատակցի հետ։ Մի քանի տարի շարունակ նա փոխանցել է քաղաքական բնույթի տեղեկություններ, որոնք մասամբ հիմնված են եղել Մանֆրեդ Դ.-ից ստացած նյութերի վրա։ Հաննինգը Դաշնային հետախուզական ծառայությունը ղեկավարել է 1998-2005 թվականներին։ Դրանից հետո նա Գերմանիայի ներքին գործերի նախարարությունում զբաղեցրել է պետքարտուղարի պաշտոնը, այնուհետև անցել է մասնավոր հատված և աշխատել որպես անվտանգության հարցերով խորհրդատու։
Հետաքննությունն սկսվել է այն բանից հետո, երբ 2025 թվականի սեպտեմբերին Համբուրգի դատախազությունը ձեռնարկատեր Քրիստինա Բլոկի և այլ անձանց դեմ հարուցված գործի շրջանակում խուզարկություն է իրականացրել Հաննինգի բնակարանում։ 2026 թվականի մայիսի սկզբին գործի նյութերը փոխանցվել են Դաշնային դատախազությանը՝ գործը վարույթ ընդունելու համար։ Հաննինգը նախկինում ևս հայտնվել էր ուշադրության կենտրոնում՝ Քրիստինա Բլոկի երեխաների հնարավոր առևանգմանը մասնակից լինելու կասկածանքով։
2025 թվականի աշնանը դատախազությունը հայտնել էր, որ Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության նախկին ղեկավարը և Համբուրգի երկրամասի քրեական գործերի վարչության թոշակի անցած աշխատակիցը կասկածվում են այն բանում, որ որպես անվտանգության ընկերության ղեկավարներ՝ 2022 թվականին Բլոկից պատվեր են ընդունել նրա երեխաների առևանգման համար։
