Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
06/10/2026
share

Հանքարդյունաբերությունը և Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները. նախաձեռնության կոչը քաղաքական ուժերին

«Ստեփանավան առանց հանք» նախաձեռնությունը ՏԻՄ ընտրություններին ընդառաջ հանդես է եկել հայտարարությամբ՝ քաղաքական ուժերից պահանջելով հստակ դիրքորոշում հայտնել համայնքում հանքարդյունաբերության ծրագրերի վերաբերյալ։

Բնապահպանական ակտիվիստները նշում են, որ Ստեփանավանի զբոսաշրջային ու գյուղատնտեսական պոտենցիալն անհամատեղելի է հանքարդյունաբերության հետ, և կոչ են անում թեկնածուներին ընդհանրական խոստումների փոխարեն ներկայացնել հստակ հանձնառություններ։ Նախաձեռնությունը խոստանում է ընտրություններից երկու օր առաջ հանրայնացնել բոլոր մասնակիցների պատասխաններն ու նրանց նախկին հետագիծը։

Ստորև ներկայացնում ենք նախաձեռնության հայտարարության ամբողջական տեքստը․

«ԿՈՉ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ

Սիրելի՛ ստեփանավանցիներ, առջևում Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններն են։ Սա այն կարևոր պահն է, երբ որոշվում է մեր համայնքի զարգացման ուղին, մեր երեխաների ապագան և մեր շրջակա միջավայրի անվտանգությունը։

«Ստեփանավան առանց հանք» նախաձեռնությունը դիմում է ընտրապայքարի մեջ մտնող բոլոր քաղաքական ուժերին, կուսակցություններին և թեկնածուներին․

Մեր համայնքն ունի զբոսաշրջային, գյուղատնտեսական և էկոլոգիապես մաքուր զարգացման հսկայական պոտենցիալ, որն անհամատեղելի է հանքարդյունաբերության հետ։ Ստեփանավանցին իրավունք ունի գիտակցված ընտրություն կատարելու, ուստի մեզ անհրաժեշտ են ոչ թե ընդհանրական խոստումներ, այլ հստակ, հրապարակային և պատասխանատու դիրքորոշում։

Ո՞րն է ձեր հստակ դիրքորոշումը Ստեփանավանի համայնքում հանքարդյունաբերական ծրագրերի, հանքերի շահագործման և երկրաբանական ուսումնասիրությունների վերաբերյալ։

Արդյո՞ք նախատեսում եք մշակել, հանրային քննարկման ներկայացնել և ընդունել Ստեփանավանի զարգացման հեռանկարային պլան, որում հանքարդյունաբերությանը կասվի վերջնական «ՈՉ», և փոխարենը կամրագրվեն մեր համայնքի կանաչ, զբոսաշրջային ու գյուղատնտեսական ապագայի հստակ երաշխիքները»։

«Ստեփանավան առանց հանք» էջը ընտրություններից երկու օր առաջ մանրամասն անդրադառնալու է բոլոր մասնակից քաղաքական ուժերի արձագանքներին և դիրքորոշումներին։ Մենք հանրայնացնելու ենք ինչպես նրանց հստակ պատասխանները, այնպես էլ այդ թեմայով ունեցած հետագիծը, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի տեսնի իրականությունն ու կատարի գիտակցված ընտրություն։

Քաղաքական ուժերին առաջարկում ենք իրենց պաշտոնական դիրքորոշումն ուղարկել մեր էջին կամ հանդես գալ հանրային հայտարարությամբ։

Քաղաքացիներին առաջարկում ենք բարձրացնել այս հարցը քարոզարշավի ընթացքում և ուղարկել մեր էջին քաղաքական ուժերի մասնակցությամբ այս թեմային առնչվող տեսանյութեր։

Ստեփանավանի ապագան մաքուր բնության, առողջ միջավայրի և կայուն զարգացման մեջ է»։

facebook sharing button facebook