Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
06/10/2026
share

Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի 4-րդ փուլում հայտնաբերման ցուցանիշը նվազել է

Վերջին տարիներին մի շարք ուղղություններով իրականացված ծավալուն աշխատանքի շնորհիվ Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի 4-րդ փուլում հայտնաբերման դեպքերը նվազել են։ Այս մասին ասուլիսում ասել է ՀՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գեոկչյանը։ Նրա խոսքով՝ եթե 2018 թվականին հայտնաբերված դեպքերի 40 տոկոսի պարագայում հիվանդությունը 4-րդ փուլում էր, ապա 2025-2026 թթ․-ի դինամիկան ցույց է տալիս, որ 4-րդ փուլի հիվանդացության ցուցանիշը իջել է՝ հասնելով 13 տոկոս։ Մասնագետը սա համարում է պետական արդյունավետ քաղաքականության, բուժման մակարդակի արդյունավետության բարձրացման, հասարակության լավ իրազեկվածության արդյունք։   

 

ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի լաբորատոր-ախտորոշիչ ծառայությունների, միջին ու կրտսեր բուժանձնակազմի գծով տնօրենի տեղակալ Արթուր Ավետիսյանի դիտարկմամբ էլ՝ Հայաստանում տարեկան 1600-ից ավելի կրծքագեղձի քաղցկեղի նոր դեպք է հայտնաբերվում։  

«Այո, ցուցանիշը բարձր է, սակայն հստակ կարող ենք ասել, որ հիվանդությունը հայտնաբերելու մակարդակն է բարձրացել, դրան նպաստում են պետության կողմից իրականացվող միջոցառումները, սքրինինգային ծրագրերը, ինչպես նաև փոխվել է հասարակության մոտեցումը։ Տարիներ առաջ շատ էին դեպքերը, երբ բուժառուն խնդիրը նկատել էր, սակայն չկար ցավ, անհանգստացող գործոն, դրա համար չէր դիմել բժշկին։ Հիմա շատ են այն դեպքերը, երբ առանց որևէ գանգատի մարդիկ գնում են ու հետազոտվում»,-նշել է Արթուր Ավետիսյանը։

Համաձայն վիճակագրական տվյալների՝ հասարակության մոտեցումն է նաև փոխվել։ Շատերը գիտակցում են կանխարգման կարևորությունը և պարբերաբար հետազոտվում են, թեև, միտումները ցանկալի մակարդակի վրա չեն։ «Դեռ շատ աշխատանք կա կատարելու, որ մեծ թվով կանայք ներգրավվեն սքրինինգային ծրագրերում, որոնք առաջարկում են անվճար հետազոտություն»,-հավելել է  Ավետիսյանը։

 

Պետությունն իրականացնում է 3 սքրինինգային ծրագիր՝ կապված արգանդի վզիկի, կոլոռեկտալ և կրծքագեղձի քաղցկեղի հետ։ Համընդհանուր ապահովագրության շրջանակում 45-68 տարեկան բոլոր կանայք կարող են անվճար հետազոտվել։ Այս դեպքում նույնիսկ թերապևտի մոտ գնալու կարիք չկա։ «Արմեդ» համակարգի միջոցով գրանցվում են իրենց նախընտրած բուժհաստատությունում և այցելում են հետազոտության։  ՀՀ առողջապահության նախարարությունը ձեռք է բերել մամոգրաֆիկ հետազոտության համար նախատեսված 10 սարք, դրանք կտեղակայվեն մարզերի բուժհաստատություններում ու շուտով հասանելի կլինեն։ 

 

Հիշեցնենք՝ ողջ աշխարհում հոկտեմբեր ամիսը նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս՝ նպատակ ունենալով բարձրացնել հիվանդության վերաբերյալ  իրազեկությունը, ընդգծել վաղ հայտնաբերման և ժամանակին բուժումն իրականացնելու կարևորությունը, ինչպես նաև խրախուսել կանանց՝ հոգալ սեփական առողջության մասին և ժամանակին դիմել բժշկի։

facebook sharing button facebook