
Ֆրանսիան արգելափակել է Ադրբեջան-ՆԱՏՕ համագործակցության նոր ծրագիրը, իսկ Թուրքիան էլ, ի պատասխան, արգելափակել է Հայաստանի ծրագիրը։ POLITICO-ն գրում է, որ այս վեճի պատճառով արդեն մեկ տարուց ավելի է՝ երկու փաստաթղթերն էլ օդում կախված են մնացել։
Պատճառն այն էր, որ Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացի էին կալանավորել, ինչի պատճառով Փարիզը վետո էր դրել Բաքվի ծրագրի վրա։ Թուրքիան էլ, ի նշան Ադրբեջանի հետ համերաշխության, արգելափակել էր Հայաստանի հետ նախատեսված ռազմական վարժանքների ու վերապատրաստումների ծրագիրը։
Պարբերականի հետ զրուցած ՆԱՏՕ-ի երեք դիվանագետների խոսքով՝ Ֆրանսիայի առարկությունը կապված է Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացու ազատազրկման հետ։ Դրանից հետո Թուրքիան, ի համերաշխություն իր մերձավոր դաշնակից Ադրբեջանի, արգելափակել է Հայաստանի հետ գործընկերության ծրագիրը։
Երկու ծրագրերն էլ ավելի քան մեկ տարի է՝ չեն հաստատվում։ Դրանցով նախատեսվում է ընդլայնել համագործակցությունը ռազմական վարժանքների, վերապատրաստման և այլ ոլորտներում։ Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ն ժամանակավորապես երկարաձգել է Հայաստանի և Ադրբեջանի հետ գործող գործընկերության ծրագրերը։
«Դժգոհություն կա․ դադարեք ՆԱՏՕ-ն օգտագործել երկկողմ հարցերի համար»,- POLITICO-ին ասել է ՆԱՏՕ-ի դիվանագետներից մեկը։
Այժմ Ֆրանսիայի նկատմամբ ճնշում է գործադրվում՝ առարկությունը վերացնելու համար, այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախորդ շաբաթ ազատ է արձակել մի քանի բանտարկյալի, այդ թվում՝ Ֆրանսիայի քաղաքացու։
Թուրք պաշտոնյան, սակայն, մերժել է ստեղծված փակուղին Ֆրանսիայի կամ Հայաստանի հետ տարաձայնություն ներկայացնելու ձևակերպումը՝ նշելով, որ Անկարան վաղուց պատրաստ է միաժամանակ հաստատել գործընկերության երկու փաստաթղթերը։
«Խնդիրը հաստատ Թուրքիա-Ֆրանսիա կամ Թուրքիա-Հայաստան վեճ չէ»,- ասել է պաշտոնյան։
Դիվանագետները զգուշացրել են, որ ձգձգումը կարող է խոչընդոտել Արևմուտքի հետ մերձենալու Հայաստանի ջանքերին այն պայմաններում, երբ Երևանը հեռանում է Ռուսաստանից։
«Սա մտահոգիչ է։ Մենք որոշ երկրների մոտ ակնկալիքներ ենք ստեղծում, ապա չենք արդարացնում դրանք, ինչը կարող է դժգոհություն առաջացնել»,- POLITICO-ին ասել է ՆԱՏՕ-ի մեկ այլ դիվանագետ։
ՆԱՏՕ-ում Ֆրանսիայի պատվիրակությունը հրաժարվել է մեկնաբանությունից։ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցչությունները չեն պատասխանել POLITICO-ի հարցումներին։
ՆԱՏՕ-ի պաշտոնյան, իր հերթին, հայտարարել է. «Մենք պատրաստ ենք առաջ մղել այս երկու գործընկերությունները»։
