
Դատարանը որոշել է, որ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չի հարուցվի։ Այս մասին հայտնել է արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը՝ հավելելով, որ պատրաստվում է բողոքարկել որոշումը Վերաքննիչ դատարանում։
Ի՞նչ էր պատահել. 2026-ի մայիսի 18-ին Արաբկիրում ՔՊ քարոզարշավի ժամանակ Օսիպյանը մոտեցել էր Փաշինյանին ու Արցախի մասին սուր հարցեր տվել։ Վեճը թեժացել էր, ու Փաշինյանը նրա հասցեին ասել էր՝ «տականք», «ստահակ», «փախած», «լակոտ, ոտքի տակ չընկնեք» ու նմանատիպ այլ բաներ։
Օսիպյանը դիմել էր իրավապահներին՝ պահանջելով քրեական գործ հարուցել վարչապետի դեմ։ Սակայն Քննչականը, դատախազությունն ու դատարանը մերժել էին՝ ասելով, որ Փաշինյանի խոսքերը «սովորական խոսակցական բնույթի են եղել» ու բռնության կոչեր չեն պարունակել։
Օսիպյանի դեմ հարուցված գործերն ու կալանքը. Այդ միջադեպից հետո Օսիպյանին ձերբակալել ու կալանավորել էին անազատության մեջ նա 23 օր հացադուլ էր արել։ Նրան մեղադրում էին 3 բանի համար՝ սոցցանցում Փաշինյանին սպառնալու «բմբուլները օդ հանեմ», «ողնաշարը կհարդուկենք», քարոզարշավը խանգարելու և խուլիգանության համար։
Քաղաքացիական հայցը. Բացի սրանից, Օսիպյանը նաև դատի է տվել Փաշինյանին՝ պահանջելով, որ նա իր էջով ներողություն խնդրի, հերքի «փախած» ու «թալանչի» բառերը և վճարի խորհրդանշական 1 դրամ։ Այս գործով նիստը հետաձգվել է, որովհետև Օսիպյանի անձնագիրը քրեական գործով վերցրել էին ու դեռ չէին վերադարձրել, ուստի չէին կարողացել դատարանում նրա անձը հաստատել։
