
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 17։25-ին, բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ աջ ազդրի հատվածում առկա վնասվածքով շտապօգնության կողմից բուժօգնության է տեղափոխվել մեկ անձ։
Ըստ նախնական տվյալների՝ նշված անձը վնասվածք է ստացել Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում՝ վիճաբանության ընթացքում։ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբերը ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Հիշեցնենք՝ նույն օրն ավելի վաղ կրակոցներ են հնչել Երևանում, ինչի հետևանքով կա վիրավոր։ Ժամը 17:10-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Մինաս Ավետիսյան 2-րդ հասցեից հրազենային վնասվածքով Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխել տղամարդու։
Շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել նրան, ապա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Կայքի տեղեկություններով՝ վիրավորը հրազենային վնասվածք է ստացել աջ ազդրի հատվածում։
Հիվանդանոց են մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի վարչության օպերատիվ խումբը։
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Այս պահին քրեական ու համայնքային ոստիկանները պարզում են դեպքի վայրը, որտեղ է նա հրազենային վնասվածք ստացել, նրա ամբողջական տվյալները և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կրակողին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Երբ պարզվի դեպքի վայրը, այդ ժամանակ տեղեկությունը կփոխանցվի ՀՀ Քննչական կոմիտեի հանցագործության վայրի վարչական տարածքի քննչական բաժին։
