Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
01/10/2026
share

Եզդի կանանց քաղաքական մասնակցությունը․ իրավունք, որի իրացման պայմանները բացակայում են

Հանրային քննարկում, համայնքային ժողով, պետական կառույցի հետ հանդիպում․ ձևաչափերը փոխվում են, բայց պատկերը հաճախ նույնն է՝ որոշումների կայացման տարածքներում կանայք քիչ են կամ ընդհանրապես չկան։

Ազգային փոքրամասնություններով բնակեցված փոքր համայնքների դեպքում այս բացակայությունը հաճախ հեշտությամբ բացատրվում է «ավանդույթով», «համայնքի փակությամբ» կամ հենց կանանց՝ հանրային կյանքում ներգրավվելու ցանկության պակասով։ 

Երբ կրթությունը շարունակելու համար պետք է մեկնել այլ բնակավայր, երբ հանրային գործունեությունը դեռ ընկալվում է որպես տղամարդկանց տարածք, իսկ տեսանելի դարձած կինը կարող է բախվել պիտակավորման ու ճնշման, այդ պարագայում պասիվ հանրային, քաղաքական մասնակցություն ունեցող մարդու ընտրությունը դժվար է դիտարկել պարզապես որպես անհատական ընտրություն։

«Երբ խոսում ենք քաղաքականության կամ պետական պաշտոնների մասին, առաջին միտքը, որ գալիս է շատերիս մոտ, կոստյումով տղամարդիկ են»,- «Քաղաքացու ձայնը» մեդիահարթակի հետ զրույցի ժամանակ ասում է «Եզդի կանայք հանուն հավասար իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Լենա Միրզոյանը։

Նրա նկարագրած իրականությունը ցույց է տալիս ավելի լայն խնդիր․ կանանց մասնակցությունը սահմանափակող հայրիշխանական նորմերը գործում են ոչ թե առանձին, այլ կրթական, սոցիալական և պետական համակարգերի հետ միասին՝ մի դեպքում սահմանափակելով հնարավորությունները, մյուս դեպքում՝ չստեղծելով դրանք ընդլայնելու բավարար պայմաններ։

Այս մոտեցումները ստիպում են մեր հանրային ընկալումներն ու տրված հարցադրումները վերանայել, այդպես օրինակ՝ ոչ թե՝ ինչո՞ւ կանայք չեն մասնակցում, այլ՝ ի՞նչն է սահմանափակում նրանց մասնակցությանը:

Լենա Միրզոյանի խոսքով՝ փոքր ազգային համայնքներում կանանց հանրային մասնակցության հարցը կապված է նաև ինքնության պահպանման շուրջ ձևավորված վախերի հետ. «Փոքր համայնքներին ավելի բնորոշ է ինքնության կորուստը, ձուլման վտանգը, ու այդ համայնքները հիմնականում կառչած են բոլոր ավանդույթներից ու սովորույթներից՝ չփորձելով դրանք, օրինակ, լավի և վատի դասակարգել։ Այդ դեպքում մենք տեսնում ենք մի փոքր համայնք, որի համար խորթ է այն պրակտիկան, երբ կանայք են ներգրավված որոշումների կայացմանը»,- ասում է նա:

Սակայն «ավանդույթը» ինքնուրույն գործող ուժ չէ, իսկ ազգային ինքնության պահպանումը ինքնին չի ենթադրում կանանց մասնակցության սահմանափակում։ Խնդիրն առաջանում է այն ժամանակ, երբ համայնքի և ինքնության պահպանման պատկերացումները կապվում են նաև կանանցից ակնկալվող վարքի և որոշակի դերերի հետ՝ ինչով կարող է զբաղվել կինը, որքան տեսանելի կարող է լինել, որտեղ կարող է խոսել և որոշումների կայացման որ տարածքներում կարող է ներկայանալ։

Այդ սահմաններից դուրս գալու գինը կանանց համար կարող է բարձր լինել նույնիսկ այն դեպքում, երբ նրանք ունեն կրթություն, մասնագիտական կարողություններ և հանրային գործունեությամբ զբաղվելու ցանկություն։ Միրզոյանն այդ երկընտրանքը նկարագրում է նաև սեփական փորձով. «Ես կին եմ, եզդի, ով մտադիր է հետագայում զբաղվել քաղաքականությամբ ու հասկանում եմ, որ երբ դա ուզում եմ սկսել համայնքային աշխատանքից՝ նույն ավագանու անդամ դառնալուց, չեմ գնում դրան, որովհետև իմ կողքին ապրող մարդիկ մոտիվացված չեն։ Եթե քո կողքին ապրող մարդիկ չեն ընդունում, չեն կիսում քո քայլերը, դա սկսում է ազդել քո կյանքի որակի վրա։ Նախ ասում են, որ քաղաքականությունը կնոջ տեղը չի։ Մյուս բանը, որ շատ հաճախ լսել եմ՝ Հայաստանում ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, բոլորին թիրախավորում են, վիրավորում են։ Գուցե դու դառնաս քաղաքական գործիչ ու քո հայտարարությունների պատճառով մի օր դառնաս քաղբանտարկյալ»,- ասում է նա:

Այս փորձը, թերևս, ցույց է տալիս, որ հանրային կյանքին չմասնակցելը միշտ չէ, որ դրա նկատմամբ հետաքրքրության բացակայության հետևանք է։ Եթե մասնակցությունը կնոջ համար նշանակում է նաև ընտանիքի կամ շրջապատի հետ հակադրության, պիտակավորման, վիրավորանքի կամ անձնական կյանքի վրա հետևանքների վտանգ, նույն քայլի սոցիալական գինը կնոջ և տղամարդու համար հավասար չէ։

Հետևաբար խնդիրը չի կարող լուծվել միայն կանանց «ակտիվացնելու» կամ նրանց մասնակցության կոչ անելու միջոցով։ Եթե հանրային և քաղաքական մասնակցության պայմաններն ի սկզբանե անհավասար են, պատասխանատվությունը անհատ կնոջ վրա դնելը պարզապես անտեսում է այդ անհավասարությունը։

Երբ կրթության ճանապարհը նեղանում է 9-րդ դասարանից հետո

Մասնակցության անհավասարությունը սկսվում է շատ ավելի վա՞ղ, քան մարդը որոշում է՝ զբաղվել հանրային գործունեությամբ, թե ոչ։ Եզդիներով խիտ բնակեցված մի շարք փոքր բնակավայրերում դպրոցները 9-ամյա են։ Հիմնական կրթությունն ավարտելուց հետո սովորողները կրթությունը շարունակելու համար պետք է գնան մեկ այլ բնակավայր։

Տեսականորեն կրթությունը շարունակելու հնարավորությունը կա։ Գործնականում դրա հասանելիությունը կախված է հեռավորությունից, տրանսպորտից, ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակից, անվտանգության մասին պատկերացումներից և այն տարբեր սպասումներից, որոնք հասարակությունը ձևավորում է աղջիկների ու տղաների համար։

Այս պայմաններում աղջկա՝ կրթությունից դուրս մնալը կարող է ավելի արագ փակել հետագա ընտրությունների շրջանակը։ Երբ կրթությունը չի շարունակվում, իսկ կնոջ հիմնական սոցիալական դերը կապվում է ամուսնության, տնային աշխատանքի և երեխաների խնամքի հետ, վաղ ամուսնությունը կարող է դառնալ այդ սահմանափակված ընտրությունների հնարավոր հետևանքներից մեկը։

Եթե բնակավայրում ավագ դպրոց չկա, ինչպե՞ս է ապահովվում կրթության շարունակականությունը։ Հասանելի՞ է արդյոք կանոնավոր և անվտանգ տրանսպորտը։ Ի՞նչ մեխանիզմներ կան դպրոցից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող դեռահասների համար։ Եվ որքանո՞վ են այդ քաղաքականությունները հաշվի առնում ոչ միայն տարածքային, այլև գենդերային ու ազգային փոքրամասնությանը պատկանելու հետ կապված անհավասարությունները։

Առանց այս հարցերի կանանց հետագա «պասիվության» մասին խոսելը նշանակում է համակարգային խնդրի պատասխանատվությունը տեղափոխել հենց այն մարդկանց վրա, որոնց հնարավորությունների շրջանակն ավելի վաղ արդեն սահմանափակվել է։

Լենա Միրզոյանի խոսքով՝ կրթությունից դուրս մնալը հետագայում ազդում է նաև սեփական իրավունքները ճանաչելու, խնդիրները ձևակերպելու և պետական կառույցների հետ ինքնուրույն հաղորդակցվելու հնարավորության վրա. «Երբ մարդը կրթություն չի ստացել, կիսատ է թողել անգամ դպրոցական կրթությունը, նրան բնորոշ չէ խոսել խնդիրների մասին, որովհետև նախ չգիտի, որ եթե ինչ-որ խնդիր կա, կոնֆլիկտ կա, գուցե չկարողանա գիտակցել, որ դա խնդիր է։ Նույն երեխաների փաստաթղթերի հետ կապված՝ հիմնականում տան տղամարդիկ են զբաղվում կամ կողքից երրորդ անձի են խնդրում»,- ասում է նա:

Այս դեպքում ևս խնդիրը կանանց կարողությունների մեջ չէ։ Երբ տարիներ շարունակ պետական կառույցների հետ հաղորդակցվելը, փաստաթղթերով զբաղվելը և համայնքային հարցերում խոսելը հիմնականում տղամարդկանց վերագրվող դերեր են, տղամարդիկ նաև կուտակում են այդ գործառույթների համար անհրաժեշտ փորձն ու կապերը։ Կանայք, հակառակը, ավելի քիչ հնարավորություն են ստանում այդ փորձը ձեռք բերելու։

Այդպես հայրիշխանական դերաբաժանումը ոչ միայն որոշում է, թե ով ինչով է զբաղվում ընտանիքում, այլև աստիճանաբար որոշում է՝ ով է ավելի պատրաստ ներկայանալու հանրային տարածքում։

Երբ տնային աշխատանքը դուրս է մնում մասնակցության հաշվարկից

Կանանց հանրային մասնակցության մասին խոսելիս մեկ այլ խնդիր էլ հաճախ մնում է անտեսանելի՝ չվարձատրվող խնամքի և տնային աշխատանքի անհավասար բաշխումը։

«Դա չի նշանակում, որ իրենք նվաստացված են։ Իրենք ուղղակի հիմնականում զբաղված են տնային գործերով։ Ու, որպես այդպիսին, պրակտիկա չկա համայնքում, որպեսզի կինը այդպես ակտիվ գործունեություն ծավալի, հասարակական գործունեություն ծավալի, հանրային խոսք ցուցաբերի»,- ասում է Միրզոյանը։

Սակայն տնային գործերով «զբաղված լինելը» չեզոք հանգամանք չէ։ Եթե երեխաների խնամքը, սննդի պատրաստումը, տան աշխատանքը և ընտանիքի առօրյայի կազմակերպումը հիմնականում կանանց վրա են, հանրային կյանքին մասնակցելու համար նրանց տրամադրության տակ մնում է ավելի քիչ ժամանակ և շարժունակություն։ 

Այսպիսով, մասնակցության անհավասարությունը ստեղծվում է նաև ժամանակի անհավասար բաշխմամբ։ Կինը կարող է ունենալ հանրային գործունեությամբ զբաղվելու ցանկություն, բայց դրա համար անհրաժեշտ ազատ ժամանակը, տեղաշարժվելու հնարավորությունը կամ ընտանիքի ներսում աշխատանքի վերաբաշխումը՝ ոչ։ Ուստի «կանայք չեն մասնակցում» ձևակերպումը թաքցնում է ևս մեկ հարց՝ իսկ ո՞վ է կատարում այն աշխատանքը, որը թույլ է տալիս մյուսներին մասնակցել։

Կրթական անհավասարությունը չի ավարտվում մեկ սերնդով

Կրթությունից դուրս մնալը միայն մեկ մարդու մասնագիտական հնարավորությունները չի սահմանափակում. դրա հետևանքները կարող են վերարտադրվել նաև հաջորդ սերնդում և հասնել անգամ ազգային փոքրամասնության լեզվի պահպանման հարցին։

Միրզոյանի խոսքով՝ եզդիերենի դասավանդման համար համապատասխան մասնագիտական կադրերի պակասի պատճառով դպրոցներում երբեմն դասավանդում են բարձրագույն կրթություն չունեցող մարդիկ. «Մեր դասավանդող ուսուցիչները լեզվին տիրապետում են կենցաղային մակարդակով, անգամ դպրոցը չավարտած մասը մտնում է դասարան և երեխաներ է կրթում։ Օրենքը թույլ է տալիս, քանի որ հիմնվում են լեզվի իմացության վրա, բայց քանի որ չունենք մարդիկ, որոնք բարձրագույն կրթություն են ստացել, վերցնում են ցածր կրթական ցենզով մարդկանց։ Ու մենք հասկանում ենք, չէ՞, թե ինչ խնդիրների կարող ենք բախվել»,- ընդգծում է նա:

Եթե փոքր բնակավայրում երեխան կրթությունը շարունակելու համար բախվում է տարածքային ու սոցիալական խոչընդոտների, իսկ աղջիկների դեպքում դրանց գումարվում են նաև գենդերային սպասումները, տարիներ անց նույն համակարգը բախվում է ուսուցիչների, լրագրողների և այլ մասնագետների պակասի։ Այսպիսով, այսօր մասնագետի բացակայությունը կարող է լինել տարիներ առաջ չապահովված կրթական հնարավորության հետևանքը։

Իրավունքը թղթի վրա, մասնագետը՝ բացակա

Հանրային հեռարձակմամբ ազգային փոքրամասնությունների լեզուներով բովանդակության համար նախատեսված հնարավորությունների առկայությունը դեռ չի նշանակում, որ դրանք հնարավոր է ամբողջությամբ իրացնել։ Եզդիերեն բովանդակություն պատրաստելու համար անհրաժեշտ են լեզվին և լրագրության մասնագիտական հմտություններին տիրապետող մարդիկ։ Որպեսզի համայնքում լրագրող, ուսուցիչ, իրավաբան կամ հանրային գործիչ ձևավորվի, անհրաժեշտ է նախ ունենալ կրթությունը շարունակելու հնարավորություն, մասնագիտական զարգացման հասանելի ճանապարհ և այնպիսի միջավայր, որտեղ հատկապես երիտասարդ կանանց հանրային ներկայությունը չի ենթադրում լրացուցիչ սոցիալական գին։ Այլ կերպ ասած՝ պետությունը կարող է օրենքով հնարավորություն ստեղծել մայրենի լեզվով կրթության կամ մեդիա բովանդակության համար, բայց եթե տարիների ընթացքում չի ստեղծվել այն կրթական ու սոցիալական ճանապարհը, որով մարդը կարող է դառնալ այդ հնարավորությունն իրացնող մասնագետը, իրավունքի և դրա իրականացման միջև բաց է մնում։

Խնդիրը դատարկ աթոռը չէ, այլ այնտեղ հասնելու ճանապարհը

Կանանց քիչ ներկայությունը հանրային քննարկումներում, համայնքային որոշումների կայացման գործընթացներում կամ մասնագիտական ոլորտներում մեկ պատճառ չունի։ Այդ բացակայության հետևում կարող են լինել միմյանց վրա շերտավորված մի քանի անհավասարություններ՝ կրթության սահմանափակ հասանելիություն, բնակավայրի հեռավորություն, չվարձատրվող խնամքի աշխատանք, կանանց հանրային վարքի նկատմամբ ավելի խիստ սոցիալական վերահսկողություն, թիրախավորման վտանգ և մասնագիտական զարգացման սահմանափակ հնարավորություններ։ Ազգային փոքրամասնության պատկանող կնոջ դեպքում այս գործոնները կարող են ոչ թե պարզապես գումարվել, այլ՝ ուժեղացնել մեկը մյուսին։ 

Կանանց մասնակցությունը չի կարող կախված լինել միայն առանձին կանանց համարձակությունից, ընտանիքների վերաբերմունքից կամ համայնքների ներսում մտածողության աստիճանական փոփոխությունից։ Կրթության շարունակականությունը, ծառայությունների հասանելիությունը, հավասար հնարավորությունների ստեղծումը և ազգային փոքրամասնությունների իրական ներառումը նաև պետական քաղաքականության հարցեր են։

Հայրիշխանական հարաբերությունները կարող են վերարտադրվել ընտանիքում և համայնքում, բայց պետության պատասխանատվությունն է այնպես կառուցել համակարգերը, որ դրանք չամրապնդեն այդ անհավասարությունը։ Հակառակ դեպքում կանանց բացակայությունը շարունակելու է ներկայացվել որպես «ավանդույթի» կամ նրանց սեփական ընտրության հետևանք՝ անտեսելով այն պայմանները, որոնց ներսում այդ ընտրությունն ընդհանրապես կատարվում է։


 

facebook sharing button facebook