Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
01/10/2026
share

Հոկտեմբերի 1-ը Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրն է

Օրվա խորհուրդը

Հոկտեմբերի 1-ը Հայաստանում նշվում է որպես Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր՝ ընտանեկան բռնության հետևանքով կյանքը կորցրած կանանց հիշելու, հանրային իրազեկությունը բարձրացնելու և բռնությունը կանխարգելելու, պատասխանատվության, աջակցության ու արդարադատության կարևորությունն ընդգծելու համար։

Ամեն տարի Հայաստանում անցկացվում են տարբեր նախաձեռնություններ, որոնք անդրադառնում են ընտանեկան բռնության խնդրին։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» ամեն հոկտեմբերի 1-ին Կարապի լճում կազմակերպում է «Մոմավառություն` հանուն հիշողության և փոփոխության»՝  ընտանեկան բռնության և կնասպանության հետևանքով կյանքը կորցրած կանանց հիշատակին։

Միջոցառման մասնակիցները մոմեր կվառեն՝ հարգանքի տուրք մատուցելու բռնության զոհ դարձած կանանց հիշատակին` հանրության ուշադրությունը հրավիրելով ընտանեկան բռնության խնդրի, դրա հետևանքների և կանխարգելման անհրաժեշտության վրա։

Ընտանեկան բռնությունը չի կարող դիտարկվել որպես միայն ընտանիքի կամ հարաբերությունների ներսում տեղի ունեցող խնդիր։ Դրա կանխարգելումն ու բռնությունից կանանց պաշտպանությունը պահանջում են հասարակության և պետական համակարգերի հետևողական արձագանք։

Ըստ ՀՀ ՆԳՆ ոստիկանության տվյալների՝ 2022–2024 թվականներին Հայաստանում արձանագրվել է կնասպանության 39 դեպք՝ 2022 թվականին՝ 19, 2023-ին՝ 9, իսկ 2024-ին՝ 11 դեպք։

Միջոցառման նպատակն է ևս մեկ անգամ ընդգծել, որ յուրաքանչյուր կնոջ կյանք արժեք ունի, իսկ բռնության կանխարգելումը և զոհերի պաշտպանությունը հասարակության և պետության ընդհանուր պատասխանատվությունն են։

Միջոցառման ևս մեկ առիթ է բարձրաձայնելու ընտանեկան բռնության «անտեսված շղթան»՝ բռնությունից վերապրածների, համակարգերի և պատասխանատվության փոխկապակցվածության մասին։

Այս նախաձեռնությունները նպաստում են ընտանեկան բռնության և դրա պահպանմանը նպաստող սոցիալական պայմանների շուրջ ավելի լայն քննարկման՝ միաժամանակ տեսանելի դարձնելով կանանց փորձառությունները, դիմադրությունն ու հավաքական ուժը։

Ընտանեկան բռնության հայաստանյան վիճակագրություն

2026 թվականի 6 ամիսների ընթացքում Ոստիկանություն է ստացվել ընտանեկան և կենցաղային բռնության մասին 1375 հաղորդում։ 2025-ի  նույն ժամանակահատվածում ստացված 1297-ի համեմատ՝ այդ թիվը 78-ով ավելացել է։

 

2026 թվականի անցած 6 ամիսներին արձանագրված այդ դեպքերից 325-ով կայացվել է նախազգուշացում կիրառելու մասին որոշում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 304-ի դիմաց։ 961 դեպքով կայացվել է անհետաձգելի միջամտության վերաբերյալ որոշում՝ 2025 թվականի 6 ամիսներին գրանցված 833-ի համեմատ։

 

2026 թվականի 6 ամիսների ընթացքում Ոստիկանությունում հաշվառվել է բռնություն գործադրած 1155 անձ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հաշվառված 1011 անձի համեմատ։ Բռնության դեպքերին առավել արագ արձագանքելու նպատակով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և Ոստիկանության համագործակցության շրջանակում 2025 թվականին գործարկվել է «SAFE YOU» հավելվածը։

Օրենսդրական դաշտ

«Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո, Հայաստանը, շարունակում է իր հանձնառությունը՝ ամրապնդելու այն քաղաքականություններն ու գործիքակազմերը, որոնք ուղղված են բռնության կանխարգելմանը, զոհերի պաշտպանությանն ու աջակցությանը, հասարակության իրազեկվածության բարձրացմանն ու ոլորտում ներգրավված մասնագետների կարողությունների զարգացմանը։

2026 թվականի սեպտեմբերի 28-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցած աշխատանքային քննարկման առանցքում էր ԱԺ պատգամավորներ Ծովինար Վարդանյանի, Սոնա Ղազարյանի և Զարուհի Բաթոյանի հեղինակած ««Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը։

Փաթեթի հեղինակներն ակնկալում են, որ առաջարկվող փոփոխությունների և լրացումների ընդունմամբ կապահովվի ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի առավել արդյունավետ և զոհակենտրոն դեպքերի քննությունը, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի պաշտպանության նպատակով կիրառվող միջոցների շարունականությունը, ինչպես նաև կբացառվի ընտանեկան բռնության ավելի մեղմ դեպքերում քրեական հետապնդման չիրականացումը։
Միաժամանակ, առաջարկում են օրենքից հանել այն դրույթները, որոնք ընտանեկան բռնության դեպքերը կանխարգելելու տեսանկյունից կիրարկման ընթացքում ցույց են տվել իրենց անարդյունավետությունը։ Բացի այդ՝ առաջարկվում է նաև Քրեական օրենսգրքում ամրագրել հոդվածներ, որոնք առնչվում են ընտանեկան բռնության դեպքերին։

 

Ամեն տարի նոյեմբերի 25-ից Հայաստանը, միանալով միջազգային շարժմանը, անցկացնում է նաև «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավ՝ «Միասին վերջ դնենք կանանց և աղջիկների նկատմամբ բռնությանը» գլոբալ խորագրի ներքո։

facebook sharing button facebook