
Սեպտեմբերի 27–ին լրանում է 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցը։ 2020թ.-ի այս օրը՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան՝ ժամը 7:10-ին, Ադրբեջանը Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սկսեց ռազմական գործողություններ, որոնք տևեցին 44 օր։
44 օր տևած պատերազմը հետագայում ստացավ 44-օրյա պատերազմ անունն ու ավարտվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից եռակողմ հայտարարության ստորագրմամբ։
Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Արցախի 7 շրջանները, Շուշին ու Հադրութը։ 44-օրյա պատերազմում հայկական կողմից զոհվածների թիվը, ըստ քննչական կոմիտեի հրապարակած տվյալների՝ 3,833 է, որոնցից 3755-ը՝ զինծառայողներ, 78-ը քաղաքացիական անձինք: Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձ։
Հազարավոր քաղաքացիներ, զոհվածների հարազատներ սեպտեմբերի 27-ին այցելում են Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու և խնկարկելու հայրենիքի պաշտպանության համար ընկած հերոսների հիշատակը։ Հայ Առաքելական եկեղեցիներում մատուցվում է հոգեհանգստյան պատարագ՝ զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց հոգիների խաղաղության համար։
Լուսանկարը՝ Սիփան Գյուլումյանի
