Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
26/9/2026
share

#Կանաչ-այլընտրանքներ. Ջուր՝ հրապարակներում, բույսեր ու միջատներ՝ տանիքներին․ ինչպես է Ռոտերդամը վերաիմաստավորում քաղաքը

Առաջին հայացքից Ռոտերդամի Benthemplein-ը սովորական քաղաքային հրապարակ է. այստեղ կարելի է նստել, հանդիպել մարդկանց, բասկետբոլ կամ ֆուտբոլ խաղալ։ Հրապարակը շրջապատված է դպրոցներով, եկեղեցով, մարզասրահով և բնակելի շենքերով, ու առօրյա կյանքում այն պարզապես հանրային տարածք է։ Մինչև սկսվում է ուժեղ անձրևը։

 

Այդ ժամանակ հրապարակի տարբեր մակարդակներում կառուցված երեք ավազանները սկսում են լցվել շրջակա տանիքներից և փողոցներից հավաքվող անձրևաջրով։ Այն ջուրը, որը հակառակ դեպքում միանգամից կհայտնվեր կոյուղատար համակարգում, ժամանակավորապես մնում է հրապարակում։

 

Benthemplein-ը կարող է պահել մոտ 1.7 միլիոն լիտր ջուր։ Անձրևից հետո ջուրը աստիճանաբար հեռանում կամ ներծծվում է հողի մեջ, ավազանները դատարկվում են, և հրապարակը կրկին վերադառնում է մարդկանց։

 

Միևնույն տարածքը մի օր բասկետբոլի դաշտ է, մյուս պահին՝ քաղաքի ջրային ենթակառուցվածքի մի մասը։ Ռոտերդամում այսպիսի տարածքներն անվանում են water squares՝ ջրային հրապարակներ։

 

Դրանց հիմքում բավական պարզ և տրամաբանական մի հարց է դրված. իսկ եթե անձրևաջուրը քաղաքից հնարավորինս արագ հեռացնելու փոխարեն փորձենք այն պահել և օգտագործել հետագա կարիքների համա՞ր:

 

Ռոտերդամի հարաբերությունները ջրի հետ առանձնահատուկ են։ Քաղաքը գտնվում է Հռենոս-Մաաս գետային դելտայում, իսկ դրա զգալի հատվածները ծովի մակարդակից ցածր են։ Որոշ տարածքներ գտնվում են ծովի մակարդակից մինչև շուրջ վեց մետր ցածր։

 

Դարեր շարունակ Նիդեռլանդներում ջրի կառավարումը հիմնականում նշանակել է ջրից պաշտպանվել՝ ամբարտակներ կառուցել, ջուրը հեռացնել, վերահսկել գետերն ու ծովը։ Սակայն կլիմայի փոփոխությունը քաղաքների առաջ մեկ այլ խնդիր էլ է դրել։ Ավելի ինտենսիվ տեղատարափ անձրևների ժամանակ մեծ քանակությամբ ջուր է թափվում մի քաղաքի վրա, որի մակերևույթի զգալի մասը ծածկված է շենքերով, ասֆալտով և սալահատակով։ Այդ մակերևույթները ջուրը գրեթե չեն ներծծում։

 

Ջուրը հոսում է դեպի կոյուղատար համակարգ։ Իսկ եթե կարճ ժամանակում այն չափազանց շատ լինի, համակարգը կարող է չհասցնել ընդունել ամբողջ ծավալը։ Արդյունքը ջրածածկ փողոցներն են, շենքերին հասցվող վնասները և գերբեռնված կոյուղին։

 

Ավանդական պատասխանը կարող էր լինել՝ կառուցել ավելի մեծ խողովակներ և ջուրը հնարավորինս արագ հեռացնել քաղաքից, բայց Ռոտերդամը սկսել է փորձարկել մեկ այլ տրամաբանություն. գուցե քաղաքն ինքը կարող է ժամանակավորապես տարածք տալ ջրին։

 

Մասնակցային քաղաքաշինություն

 

Benthemplein-ը բացվել է 2013 թվականին։ Քաղաքի խիտ կառուցապատված հատվածում հողը սահմանափակ ռեսուրս է։ Առանձին մեծ տարածք հատկացնել մի կառույցի, որը պետք է օգտագործվի միայն ուժեղ անձրևների ժամանակ, արդյունավետ լուծում չէր։ Ուստի նույն տարածքին տրվեց երկու գործառույթ։ Չոր եղանակին այն հանրային տարածք է, իսկ անձրևի ժամանակ՝ ջրի պահեստ։

 

Հրապարակում երեք տարբեր խորության ավազան կա։ Թեթև անձրևների ժամանակ ջուրը հավաքվում է փոքր ավազաններում, իսկ ավելի ուժեղ տեղումների դեպքում լցվում է նաև ամենախորը հատվածը, որը սովորական օրերին օգտագործվում է սպորտի համար։

 

Ջուրը հրապարակ է հասնում շրջակա շենքերի տանիքներից և սալապատ տարածքներից՝ հատուկ նախագծված ջրահեռացման համակարգերով, խողովակներով ու բաց ջրատարներով։ Այս կերպ անձրևաջրի մի մասը ժամանակավորապես չի մտնում կոյուղի, և տեղատարափի պահին համակարգի վրա ճնշումը նվազում է։

 

Քաղաքը չի ստեղծել միայն տեխնիկական օբյեկտ, որը թաքնված է գետնի տակ և մարդկանց առօրյա կյանքի հետ կապ չունի։ Ջրի կառավարման ենթակառուցվածքը միաժամանակ դարձել է հանրային տարածք։ 

 

Benthemplein-ի նախագծման ժամանակ որոշումները միայն ճարտարապետների աշխատասենյակում չեն ընդունվել։ Տարածքի շուրջ գործող դպրոցների աշակերտները և ուսուցիչները, եկեղեցու ներկայացուցիչները, մարզական կենտրոնի այցելուները, ձեռնարկատերերն ու բնակիչները մասնակցել են նախագծման քննարկումներին։

 

Երեք աշխատարանների ընթացքում քննարկվել է ոչ միայն՝ ինչպես պետք է հրապարակը ջուր հավաքի, այլ նաև՝ ինչ պետք է հնարավոր լինի այնտեղ անել, ինչպիսի միջավայր է պետք բնակիչներին և ինչպես կարող են ջրի կառավարման ու հանրային տարածքի գործառույթները համատեղվել։Դրա արդյունքում հրապարակը նախագծվել է նաև որպես երիտասարդների հանդիպման, սպորտի և հանգստի տարածք։

 

Կլիմայական ենթակառուցվածքը կարող է կառուցվել մարդկանցից հեռու՝ որպես զուտ ինժեներական լուծում, բայց այն կարող է նաև միաժամանակ լուծել քաղաքի սոցիալական կարիքները։

 

Ռոտերդամի «միջատակենտրոն» տանիքները

 

Ռոտերդամում նույն մտածողությունը տեղափոխվել է նաև քաղաքի վերին տարածք։ Քաղաքն ունի շուրջ 18.5 քառակուսի կիլոմետր հարթ տանիքներ, և դրանց նկատմամբ մոտեցումն աստիճանաբար փոխվում է։ Տանիքը կարող է լինել ոչ միայն շենքը անձրևից պաշտպանող մակերես, այլև՝ տարածք, որը կուտակում է ջուր: Կարող դառնալ նաև կանաչ տարածք, կարող է արևային էներգիա արտադրել, հանրային կամ հանգստի տարածք դառնալ:

 

Օրինակ՝ Ռոտերդամի De Doelen համերգային և կոնգրեսային կենտրոնի տանիքի շուրջ 2,581 քառակուսի մետրը կանաչապատվել է։ Տանիքի ջրապահ համակարգը կարող է պահել շուրջ 300 խորանարդ մետր՝ 300 հազար լիտր անձրևաջուր։ Այդ ջուրը ուժեղ անձրևի պահին չի լցվում քաղաքի ջրահեռացման համակարգ, այլ պահվում է և չոր ժամանակաշրջաններում օգտագործվում տանիքի բույսերը ջրելու համար։ Տանիքին տնկվել է նաև 84 տեսակի տեղական բույս, ստեղծվել են միջատների համար ապաստարաններ, իսկ կանաչ տարածքը միջավայր է ապահովում մեղուների, թիթեռների և թռչունների համար։ Այսինքն՝ նույն քառակուսի մետրը միաժամանակ կարող է լուծել մի քանի խնդիր։

 

Խիտ բնակեցված քաղաքը դեռ դատավճիռ չէ

 

Անցնենք Ռոտերդամի փորձի ամենահետաքրքիր գաղափարներից մեկին: Քաղաքային խնդիրներին մենք հաճախ պատասխանում ենք «մեկ խնդիր՝ մեկ ենթակառուցվածք» տրամաբանությամբ. անձրևաջրի համար՝ կոյուղի, հանգստի համար՝ հրապարակ, շոգի դեմ՝ ծառ, կենսաբազմազանության համար՝ այգի։ Բայց խիտ քաղաքում տարածքը սահմանափակ է։ Իսկ Ռոտերդամի լուծումներից շատերը փորձում են նույն տարածքին մի քանի աշխատանք տալ։ Այդպես, Ջրային հրապարակը միաժամանակ ջրապահ ենթակառուցվածք և հանրային տարածք է։ Կանաչ տանիքը կարող է միաժամանակ պահել ջուրը, մեղմել շոգը և միջավայր ստեղծել բույսերի ու միջատների համար։ Անձրևային այգին միաժամանակ կանաչ տարածք է և ջրի կառավարման համակարգ։ Այս մոտեցման մեջ կանաչ ենթակառուցվածքը դադարում է լինել քաղաքի վրա հետագայում ավելացված «բնապահպանական» շերտ։ Այն դառնում է հենց քաղաքի աշխատանքի բնական ձևերից մեկը։

 

Բայց արդյո՞ք մեկ գեղեցիկ հրապարակը լուծում է հեղեղումների խնդիրը, իհարկե ոչ։ Benthemplein-ի 1.7 միլիոն լիտրը տպավորիչ թիվ է, բայց մեկ հրապարակը չի կարող Ռոտերդամը պաշտպանել կլիմայական բոլոր ռիսկերից։ Ջրային հրապարակները չեն փոխարինում ամբարտակներին, կոյուղատար համակարգին, ջրահեռացման ենթակառուցվածքներին կամ լայնածավալ ջրային կառավարմանը։ Դրանք համակարգի մի մասն են։ Նման նախագծերն ունեն նաև ավելի առօրյա սահմանափակումներ։ Benthemplein-ի փորձի վերաբերյալ հետազոտություններում նշվել է, օրինակ, որ դրա տեխնիկական բարդությունը սպասարկումն ավելի դժվար է դարձրել, և հետագա ջրային հրապարակներում փորձ է արվել կիրառել ավելի պարզ լուծումներ։
 

Քաղաքային արդարության հարցը

 

Վերոնշյալից մարտահրավերից զատ, կան նաև սոցիալական հարցեր: Կանաչ ենթակառուցվածքը ինքնաբերաբար արդար քաղաք չի ստեղծում։ Եթե նոր ու որակյալ հանրային տարածքները կենտրոնանում են միայն որոշ թաղամասերում, եթե դրանց նախագծմանը բնակիչները չեն մասնակցում կամ եթե տարածքը փաստացի հասանելի չէ տարբեր տարիքի, գենդերի, շարժունակության և եկամտի մարդկանց համար, բնապահպանական հաջողությունը կարող է ուղեկցվել սոցիալական անհավասարությամբ։ Այդ պատճառով կլիմայական հարմարվողականության հարցը դադարում է լինել միայն տեխնիկական, այն նաև ցույց է տալիս, թե ում համար է քաղաքը փոխվում և ով է մասնակցում այդ փոփոխության որոշմանը։

 

Ռոտերդամի փորձի ամենահետաքրքիր մասը գուցե նույնիսկ ջրային հրապարակը չէ։ Այն մտածողության փոփոխությունն է, որի վրա այդ հրապարակը կառուցված է։ Տասնամյակներ շարունակ քաղաքաշինության հիմնական խնդիրներից մեկը եղել է բնությունը հնարավորինս վերահսկելի դարձնելը՝ ջուրը խողովակի մեջ տեղավորել, գետը պատնեշել, հողը ծածկել, անձրևաջուրը արագ հեռացնել։ Բայց կլիմայի փոփոխության պայմաններում այդ մոտեցման սահմանները գնալով ավելի տեսանելի են դառնում։

 

***

Ռոտերդամի փորձը կանաչ ենթակառուցվածքների մասին բավական պարզ հարցադրում է առաջ բերում. իսկ եթե քաղաքները կառուցելիս ամեն անգամ չհարցնենք՝ ինչպե՞ս հեռացնել բնությունը մեր ճանապարհից, այլ նաև՝ ինչպես բնության համար տեղ թողնել քաղաքի ներսում։

facebook sharing button facebook