
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են կարևորագույն հանքանյութերի արդյունահանման, մշակման և մատակարարման ոլորտում համագործակցության ընդլայնումը։ Սակայն հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ գրեթե չեն մանրամասնվում այն բնապահպանական և սոցիալական խնդիրները, որոնք տարիներ շարունակ ուղեկցում են Հայաստանի հանքարդյունաբերությանը։
Չի նշվում, թե նոր համագործակցությունն ինչ մեխանիզմներով է կանխելու կամ նվազեցնելու հանքարդյունաբերության հետևանքով շրջակա միջավայրի աղտոտումը, ինչպես են կառավարվելու հանքարդյունաբերական թափոնները, ինչ չափանիշներ են կիրառվելու պոչամբարների անվտանգության և ռեկուլտիվացիայի համար, ինչպես է վերահսկվելու ջրային ռեսուրսների և մթնոլորտային օդի վրա ազդեցությունը, և ինչ մասնակցություն են ունենալու հանքարդյունաբերական տարածքների հարակից համայնքները որոշումների կայացման գործընթացներում։
Ս.թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Էներգետիկ ռեսուրսների բյուրոյի ներկայացուցիչ Պոլ Հյուպերի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպումը տեղի է ունեցել 2026 թվականին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման, մշակման և մատակարարման վերաբերյալ ստորագրված շրջանակային հուշագրի համատեքստում։
Ըստ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածած հաղորդագրության՝ քննարկվել են երկրաբանական տվյալների և մասնագիտական փորձի փոխանակումը, ժամանակակից տեխնոլոգիաներով երկրաբանական քարտեզագրումը, տեխնիկական կարողությունների զարգացումը, ինչպես նաև Հայաստանի հանքային ռեսուրսների ուսումնասիրումը, արդյունահանումը, տարանջատումն ու վերամշակումը։
Հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են նաև հանքարդյունաբերական տարածքների վերականգնման ծրագրերի ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանում ավելացված արժեք ստեղծող մշակման կարողությունների զարգացմանը։
Միաժամանակ հրապարակված տեղեկությունից պարզ չէ, թե «հանքարդյունաբերական տարածքների վերականգնումը» կոնկրետ ինչ է ենթադրում և արդյոք համագործակցությունը տարածվելու է Հայաստանի հանքարդյունաբերության արդեն կուտակված բնապահպանական խնդիրների վրա։
Պաշտոնական հաղորդագրությունում, օրինակ, տեղեկություն չկա գործող և չռեկուլտիվացված հանքավայրերի ու պոչամբարների, հանքարդյունաբերական թափոնների կառավարման, աղտոտված ջրերի և հողերի վերականգնման, փոշու և այլ արտանետումների նվազեցման, ինչպես նաև արդյունահանող ընկերությունների բնապահպանական պատասխանատվության ուժեղացման ուղղությամբ նախատեսվող կոնկրետ քայլերի մասին։
Հանդիպման վերաբերյալ հաղորդագրության վերջում կողմերը շեշտել են տարածաշրջանային և միջազգային մատակարարման շղթաների դիմակայունության բարձրացումը և կարևորագույն հանքանյութերի հասանելիության ապահովումը։ Այս շեշտադրումը մի շարք հարցեր է առաջացնում Հայաստանի շահի և համագործակցության բնույթի վերաբերյալ, մասնավորապես՝ ի՞նչ է ստանալու Հայաստանը հանքային ռեսուրսների արդյունահանումից բացի։
Եթե համագործակցության նպատակներից է Հայաստանում ոչ միայն հումքի արդյունահանումը, այլև դրա վերամշակման և ավելացված արժեք ստեղծող կարողությունների զարգացումը, ապա ինչպիսի՞ տնտեսական արդյունք է ակնկալվում Հայաստանի համար՝ աշխատատեղերի, տեխնոլոգիաների փոխանցման, մասնագիտական կարողությունների կամ տեղական արտադրության զարգացման տեսանկյունից։
Հաջորդ կարևոր հարցն այն է, թե ի՞նչ բնապահպանական չափանիշներ են կիրառվելու։ Արդյո՞ք համագործակցության շրջանակում նախատեսվում են չափելի պահանջներ ջրի, հողի և օդի աղտոտման կանխարգելման, թափոնների կառավարման, պոչամբարների անվտանգության, ռեկուլտիվացիայի և հետհանքային վերականգնման համար։ Ո՞վ է վերահսկելու դրանց կատարումը և ի՞նչ պատասխանատվություն է նախատեսվելու խախտումների դեպքում։
Ի՞նչ դեր են ունենալու համայնքները
Հանքարդյունաբերության ազդեցությունն առաջին հերթին կրում են հանքավայրերին, պոչամբարներին և վերամշակող ենթակառուցվածքներին մոտ գտնվող համայնքները։ Պաշտոնական հաղորդագրությունից պարզ չէ՝ նախատեսվո՞ւմ են արդյոք համայնքների մասնակցության, հանրային վերահսկողության կամ անկախ բնապահպանական մոնիթորինգի մեխանիզմներ։
Եվ վերջապես՝ ամենահիմնական հարցը․ արդյո՞ք Հայաստանը այս համագործակցության մեջ դիտարկվում է հիմնականում որպես կարևորագույն հանքանյութերի աղբյուր միջազգային մատակարարման շղթաների համար, թե՞ որպես գործընկեր, որի համար նույնքան կարևոր են տնտեսական օգուտը, շրջակա միջավայրի պաշտպանությունը և հանքարդյունաբերության ազդեցությունը կրող համայնքների իրավունքները։ Պաշտոնական հաղորդագրությունը այս հարցերի պատասխանները դեռ չի տալիս։
Հայաստանն ի՞նչ դեր է ունենալու ձևավորվող համագործակցության մեջ
Արդյո՞ք Հայաստանը դիտարկվում է որպես երկիր, որտեղ կարևորագույն հանքանյութերի արդյունահանումն ու մշակումը պետք է նպաստեն նաև տեղական տնտեսության, տեխնոլոգիական կարողությունների և համայնքների զարգացմանը՝ միաժամանակ ապահովելով բնապահպանական բարձր չափանիշներ։ Թե՞ Հայաստանը հերթական անգամ կարող է հայտնվել միջազգային մատակարարման շղթայի այն հատվածում, որտեղ կենտրոնանում են հումքի արդյունահանումն ու դրա բնապահպանական հետևանքները։
Այս համատեքստում առաջանում է նաև մեկ այլ հարց․ արդյո՞ք Հայաստանը պարզապես դառնում է հանքարդյունաբերության համար «հարմար» երկիր՝ այս անգամ արևմտյան տնտեսական և գործարար շահերի տեսանկյունից։
Եթե ԱՄՆ-ի և Հայաստանի համագործակցության առանցքում միջազգային մատակարարման շղթաների դիմակայունությունն ու կարևորագույն հանքանյութերի հասանելիությունն են, ապա կարևոր է հասկանալ՝ այդ շղթայում Հայաստանին ի՞նչ դեր է վերապահվում։ Արդյո՞ք այստեղ կարող են իրականացվել արդյունահանման կամ մշակման այնպիսի գործընթացներ, որոնց բնապահպանական և սոցիալական ծախսերը հիմնականում կմնան Հայաստանում, մինչդեռ դրանց տնտեսական և ռազմավարական արժեքը կտեղափոխվի ավելի լայն միջազգային շուկաներ։ Այս հարցերի պատասխանները հատկապես կարևոր են Հայաստանի հանքարդյունաբերության արդեն գոյություն ունեցող բնապահպանական խնդիրների պայմաններում։
