Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
26/9/2026
share

Ո՞ւր են կանայք․ ընտրություններ ազգային փոքրամասնություններով բնակեցված երեք համայնքներում

Սեպտեմբերի 27-ին ազգային փոքրամասնություններով խիտ բնակեցված երեք համայնքներում՝ եզդիաբնակ Ֆերիկում, ռուս մոլոկաններով մեծամասամբ բնակեցված Լերմոնտովոյում և ասորական մեծ համայնք ունեցող Արզնիում, տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

 

Երեք համայնքներն էլ ընտրելու են ավագանիներ, իսկ Լերմոնտովոյում կընտրեն նաև համայնքի ղեկավար։ Ի տարբերություն Թումանյանի՝ այստեղ ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով․ թեկնածուներն առաջադրվում են անհատապես, ոչ թե կուսակցական ցուցակներով։

 

Եզդիաբնակ Ֆերիկում  ընտրելու իրավունք ունի 250 բնակիչ, սակայն ընտրությունները տեղի են ունենալու առանց նախընտրական ծրագրերի։ Համայնքի ղեկավար Ռուստամ Հասանյանը ևս հաստատել է, որ որևէ ծրագիր ներկայացված չի,  իսկ թե ինչպես պետք է ընտրեն բնակիչներն այդպես էլ պարզ չէ: Այս ամենից զատ՝  ընտրությունը միայն տղամարդկանց մեջ է, այսինքն ամբողջ համայնքից միայն 5 տղամարդ է դրել իր թեկնածությունը 

 

«Եզդի կանայք հանուն հավասար իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Լենա Միրզոյանի  կարծիքով ՝ խնդիրը համակարգային է և դուրս է գալիս միայն ազգային փոքրամասնությունների շրջանակից։ Ընտանիքներում պահպանվող հայրիշխանական մոդելում որոշում կայացնողը տղամարդն է, իսկ կրթության պակասի պատճառով այդ որոշումները հաճախ անարդյունավետ են լինում կնոջ կամ երեխաների ապագայի համար։

 

Լենա Միրզոյանի համոզմամբ՝ ընտրացուցակներում ձևական անուններ ավելացնելը հարցի լուծում չէ․ «Ուղղակի կուզենայի, որ հանրությունը, հատկապես՝ լրատվամիջոցները և քաղհասարակությունը, ավելի շատ ուշադրություն դարձնեն ոչ թե միայն հետևանքներին, այլ պատճառներին։ Երբ մենք խոսում ենք ազգային փոքրամասնությունների կանանց իրավունքներից կամ մասնակցայնությունից, պետք է հասկանանք, որ առանց կրթական հնարավորությունների ընդլայնման և համայնքային աջակցության՝ մենք չենք կարող ակնկալել արագ փոփոխություններ։ Անհրաժեշտ է երկարատև, հետևողական աշխատանք հենց համայնքների ներսում»,- «Քաղաքացու ձայնը» մեդիահարթակի հետ զրույցում նշել է Միրզոյանը:

 

Համեմատելով 5 տարի առաջվա հետ՝ նա նշում է․ «Մենք չէինք էլ կարող պատկերացնել, որ կին թեկնածուներ կլինեն։ Սակայն այնքանով է տեղաշարժը դրական, որ կարող ենք կռահել՝ հինգ տարի անց, գուցե, լինեն»։

 

Խոսելով պետություն-համայնք կապի մասին՝ նա ընդգծում է, որ երբ քննարկվում է այս խնդիրը, հաճախ նշվում է միայն համայնքի պասիվությունը՝ չեն ներգրավվում, մոտիվացված չեն, չեն ուզում, տեղյակ չեն կամ վախենում են։ Սակայն, ըստ նրա, պետության կողմից ևս չկան բավարար քայլեր, որոնք կդրդեն, կհամոզեն կամ կմոտիվացնեն համայնքի կանանց ներգրավվել որոշումների կայացմանը․

 

«Այո՛, մենք ունենք քվոտաներ, որոնցով, օրինակ, ամեն երրորդը պետք է լինի կին։ Բայց եթե օրենսդրությամբ սահմանվեր, որ ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներում ամեն չորրորդը կամ հինգերորդը պետք է լինի փոքրամասնության ներկայացուցիչ, կարծում եմ՝ էլի դրական տեղաշարժ կլիներ»,- ասում է նա:

 

Երբ մասնակցության հարցը որակվում է «քաղաքական»

 

«Քաղաքացու ձայնը» ազգային փոքրամասնությունների մասնակցության վերաբերյալ մեկնաբանություն փորձեց ստանալ նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնից։ Այնտեղից մեզ պատասխանեցին, որ քաղաքական հարցերով չեն զբաղվում և նման հարցերին պատասխանելու իրավասություն չունեն։ Մինչդեռ հարցերը վերաբերում էին ոչ թե թեկնածուներին կամ ընտրությունների արդյունքին, այլ ազգային փոքրամասնությունների՝ համայնքային որոշումների կայացմանը մասնակցելու հնարավորություններին։ 

 

Սա բաժնի գործառույթների շրջանակում առնվազն քննարկման ենթակա հարց է․ այն համակարգում է ազգային փոքրամասնությունների ոլորտը, հանդիպում համայնքների ներկայացուցիչների հետ, արձանագրում առկա խնդիրները և կազմակերպում Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի աշխատանքը։ Խորհրդի նպատակներից մեկն էլ ազգային փոքրամասնությունների իրավունքների իրացմանը նպաստելն է։ Հետևաբար «քաղաքական հարցերով չենք զբաղվում» պատասխանը բաց է թողնում ավելի լայն և համակարգային խնդիր․ եթե ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներում որոշ խմբեր, մասնավորապես կանայք, գրեթե ներկայացված չեն որոշումների կայացման գործընթացներում, ո՞ր կառույցն է արձանագրում այդ խնդիրը և ի՞նչ է արվում մասնակցության պայմաններ ստեղծելու համար։

 

Ի՞նչ են հուշում սեպտեմբերի 27-ի ավագանու անդամների  ցուցակները

Թեկնածուների ցուցակները բավականին խոսուն պատկեր են բացահայտում ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներում քաղաքացիական ու քաղաքական (մասնավորապես կանանց)  մասնակցայնության մակարդակի մասին։

Երեք համայնքների՝ Ֆերիկ, Լերմոնտովո, Արզնիի  համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ մասնակցայնության աստիճանը խիստ անհամաչափ է․

Կանանց մասնակցությունը

Մասնակցայնության ամենախոցելի կողմը շարունակում է մնալ կանանց ներգրավվածությունը։ Եզդիաբնակ Ֆերիկ բնակավայրում, օրինակ, կանանց մասնակցությունը 0% է,  5 թեկնածուից 5-ն էլ տղամարդիկ են, ինչը փաստում է որոշումների կայացման հարթակներում կանանց բացակայության պրակտիկայի պահպանման մասին։ 

Ռուս մոլոկաններով խիստ բնակեցված Լերմոնտովոյում և ասորիներով խիտ բնակեցված Արզնիում պատկերը մի փոքր այլ է, ցուցանիշները, սակայան, ըստ ամենայնի, դեռևս սիմվոլիկ բնույթ են կրում. Երկու համայնքներում առաջադրվել է ընդամենը 1-ական կին, մասնավորապես՝  Լերմոնտովոյում 5-ից 1-ը, Արզնիում՝ 10-ից 1-ը։

Ընտրական ակտիվությունը և երիտասարդության ներգրավվածություն 

Մասնակցայնության ակտիվությամբ աչքի է ընկնում Արզնին, որտեղ առաջադրված 10 թեկնածուները վկայում են տեղական մակարդակով քաղաքականապես ներգրավվելու և համայնքային կառավարմանը մասնակցելու մասին։ Ֆերիկում և Լերմոնտովոյում մասնակցայնության աշխուժությունը սահմանափակվում է ընդամենը 5-ական թեկնածուով։

Լերմոնտովոյում և Արզնիում նկատելի է երիտասարդ սերնդի ներգրավման միտում օրինակ՝ Լերմոնտովոյում 2005թ․ ծնված Էրիկ Մինասյանի, իսկ Արզնիում՝ 2003թ․ ծնված Գոռ Ավդիշոևի առաջադրումը։ Սա կարող է ենթադրել, որ  վերոնշյալ համայնքներում երիտասարդները փորձում են մասնակցային դեր ստանձնել։ Ֆերիկում մասնակցայնությունը դեռևս պահպանվում է ավագ և միջին սերնդի տղամարդկանց շրջանակում:

Ֆերիկի հինգ տղամարդ թեկնածուները, Լերմոնտովոյի սահմանափակ ընտրությունը և Արզնիի համեմատաբար լայն մրցակցությունը երեք տարբեր համայնքային իրականություններ են։ Բայց դրանք մի ընդհանուր հարց են թողնում՝ ընտրություններից հետո հետահայց նայելու և խորհելու. ո՞վ է Հայաստանում հնարավորություն ստանում ոչ միայն ընտրելու տեղական իշխանությանը, այլև դառնալու այդ իշխանության մի մասը։

facebook sharing button facebook