
Սեպտեմբերի 27-ին, ի թիվս հանրապետության այլ համայնքների, ՏԻՄ ընտրություններ են նաև Լոռու մարզի Թումանյան համայնքում՝ 4․198 և Լերմոնտովոյում՝ 612 ընտրողներով։ Թումանյանում ավագանի կընտրեն համամասնական ընտրակարգով, որն էլ՝ համայնքի ղեկավար, իսկ Լերմոնտովոյում՝ մեծամասնական ընտրակարգով։ Թե՛ Թումանյանում, թե՛ մոլոկանաբնակ Լերմոնտովոյում ընտրողներն առանձնապես ընտրելու հնարավորություն չունեն, որովհետև առաջադրված թեկնածուները գործող ղեկավարներն են։
Ուշագրավ է, որ 9 բնակավայրով Թումանյան համայնքի ավագանու ընտրություններում միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ն է առաջադրվել։ ՔՊ-ի 41 հոգանոց ցուցակը գլխավորում է Սուրեն Թումանյանը։ Հիշեցնենք՝ նա 2021-ին համայնքի ղեկավար է ընտրվել «Հանրապետություն» կուսակցության ցուցակով։ Այն ժամանակ համայնքի ավագանու կազմ անցնելու համար պայքարում էին «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ Հետագայում Սուրեն Թումանյանն անցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերը։
2026 թվականի ընտրություններում, սակայն, իշխող ուժի հետ ավանդաբար կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն» կուսակցությունը և որևէ այլ քաղաքական ուժ չմտան ընտրապայքարի մեջ՝ Թումանյան քաղաքն ու շրջակա 8 գյուղերը միավորող համայնքի ղեկը վերցնելու համար։
Այլ է պատկերը Անտառաշենի հետ միավորված Լերմոնտովոյում։ Այստեղ համայնքի ղեկավարի միակ թեկնածուն թե՛ նախկինում, թե՛ ներկայում գործող գյուղապետ Էդիկ Չախալյանն է։ Նա գյուղը ղեկավարում է 1991-ից՝ սկզբում որպես գյուխորհրդի նախագահ, իսկ 1997-ից՝ որպես գյուղապետ։ Անկուսակցական Չախալյանին իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ն է սատարում։ Ավագանու առաջադրված թեկնածուները 5-ն են։
Ստացվում է, որ 2 դեպքում էլ դասական ընտրապայքար չի ակնկալվում և ընտրությունների ելքը, ըստ էության, կանխորոշված է։ Օրերս ԶԼՄ-ների հետ զրույցում Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն էր հերքել լուրերը՝ թե իշխանության ճնշումներից խուսափելով՝ ընդդիմադիր ուժերը չեն առաջադրվել Թումանյանի և Լերմոնտովոյի ընտրություններին։
«Ընդդիմության ձեռքերն ո՞վ էր բռնել, որ իրենք առաջադրվեն։ Իրենք հայտարարում էին, որ իրենք չափազանց ուժեղ տղաներ են։ Ճնշում չի եղել։ Հիմա իրենք ճնշո՞ղ են, թե՞ ուժեղ։ Ստեփանավանում ինչու՞ է 5 ուժ առաջադրվել։ Եթե ընդդիմությունը շանս տեսներ, կարծում եմ կառաջադրվեր»։
Հիշեցնենք՝ խորհրդարանում ամենամեծ «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ամիսներ առաջ հայտարարել էր, թե կսկսեն մասնակցել համայնքային ընտրություններում և կշարունակեն ընդլայնել ժողովրդի վստահությունը։ «Մենք պետք է կտրենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թևերը Հայաստանով մեկ»,- հայտարարել էր Կարապետյանը, մինչդեռ առաջիկա ՏԻՄ ընտրություններից կմասնակցեն միայն Ստեփանավանի ավագանու ընտրություններին
Սեպտեմբերի 7-ից մեկնարկած քարոզարշավից ի վեր, Թումանյանում ու Լերմոնտովոյում որպես այդպիսի քարոզարշավ չի իրականացվում։ 2 թեկնածուները պարբերաբար երևում են Լոռու մարզպետի ֆեյսբուքյան էջում հրապարակված կարճ հոլովակներում, որտեղ ներկայացնում են կառավարության հետ համատեղ ֆինանսավորմամբ արված աշխատանքները։
«Քաղաքացու Ձայն»-ի հետ զրույցում Լերմոնտովոյի գյուղապետ Էդիկ Չախալյանն ասաց՝ մոլոկաններն իրեն վաղուց ճանաչում ու վստահում են, նախընտրական ծրագրի կարիք չկա, որովհետև ինչ ուզել են, արվել է։ 50 %-ով ճանապարհներ են նորոգել։ 2026-ին 500 մետր ասֆալտ են փռել, 360 քմ սալարկել։ Ինչո՞ւ մրցակից չունեք հարցին՝ Չախալյանը այսպես արձագանքեց՝ մի երիտասարդ մոլոկան ուզում էր առաջադրվել, հետո մտափոխվեց
«Ուզում էի հետս թեկնածու լիներ։ Տերտերներն էլ ասեցին՝ դու դրու, մենք քեզ սովոր ենք։ Լսել էի, թե մոլոկաններից մի տղա էլ է ուզում դնի, հետո ես այդ տղային հարցրի, սրանք էլ դե աստվածապաշտ են, երկու ձեռքերը դեպի Աստծուն բարձրացրեց՝ բա չէ, Չախալյան ջան, ես չեմ դնի, որ դուք կաք։ Դուք մեր ղեկավարն եք երկար տարիներ, ես նման բան չեմ անի, ես հավատացյալ մարդ եմ։ Ես 35 տարի աշխատում եմ։ Ինձ են միշտ կանչել, ասել են՝ մենք քեզ ընտրել ենք, դու արի մեր հարցը լուծի, ասենք թե՝ ամուսինը խմում էր կամ ուզում են բաժանվեն, չնայած բաժանում չի եղել։ 4 ընտանիք բաժանվեցին, 2-ը միացան»։
Սեպտեմբերի 27-ին, ըստ էության, ընտրողները զրկվում են համայնքի ղեկավար ընտրելու այլընտրանքից։ ՏԻՄ փորձագետ Արբակ Սարգսյանը այս իրավիճակը սահմանափակ քաղաքական մրցակցության խնդիր է բնութագրում։ Այն, որ 2 համայնքում էլ մեկական թեկնածու է առաջադրվել, հարցեր է առաջացնում, բայց և չի նշանակում, թե իշխող ուժն է կանխել այլ ուժերի առաջադրումը։
«Ժողովրդավարության տեսանկյունից մեկ թեկնածուի կամ մեկ քաղաքական ուժի առկայությունը հարցեր առաջացնում է, որովհետև ընտրողի համար քաղաքական ընտրության հնարավորությունը միանշանակ սահմանափակվում է։ Պետք է հասկանալ՝ արդյո՞ք մյուս քաղաքական ուժերը պարզապես չեն ցանկացել, չեն հետաքրքրվել կամ արդյոք համայնքում բավարար մրցակցություն չի ձևավորվել, թե՞ եղել են, օրինակ, ինչ-որ խոչընդոտներ, ճնշումներ, հնարավոր վարչական ռեսուրսների օգտագործման ռիսկեր։ Եթե պարզվի, որ այլ թեկնածուների կամ քաղաքական ուժերի մասնակցությանը խոչընդոտներ են ստեղծվել, արդեն լուրջ խնդիր է և՛ քաղաքական մրցակցության, և՛ ուղիղ ժողովրդավարության տեսանկյունից»։
Թումանյանի գործող համայնքապետ Սուրեն Թումանյանի հետ զրուցել «Քաղաքացու Ձայն»-ին չհաջողվեց։ Փոխարենը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում գտանք կուսակցության նախընտրական ծրագիրը, որում իշխող ուժը խոստանում է կառուցել զարգացող, անվտանգ, բարեկարգ և կենսունակ Թումանյան համայնք»՝ չմոռանալով ոչ մեկին»։
2 համայնքների ղեկավարներն էլ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացրել հայտարարագրեր։ 2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Չախալյանը Լերմոնտովո համայնքում միանձնյա սեփականությամբ տնօրինում է 7 կտոր հողամաս, ևս 2-ը՝ բաժնային սեփականությամբ։ Միանձնյա սեփականության իրավունքով ունի 1 անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված տնտեսական շինություններով։
Հայտարարագրի համաձայն՝ Չախալյանը 2025 -ին օտարել է միանձնյա սեփականության իրավունքով իրեն պատկանող մեկ անշարժ գույք։ Որպես բանկային ավանդ նա ունեցել է 500․000 դրամ, որը տարեվերջին ավելացել է 50․000 դրամով՝ կազմելով 550000 դրամ։ Բանկային հաշիվների մնացորդը տարեսկզբին եղել է 50․000, տարեվերջին՝ 100․000 դրամ։ Մեկ տարում Էդիկ Չախալյանն ստացել է 804․000 դրամ թոշակ և 3 միլիոն 183․ 700 դրամ աշխատավարձ։
Սուրեն Թումանյանի հայտարարագրով՝ վերջինս համատեղ սեփականության իրավունքով բնակարան ունի Վանաձորում, միանձնյա սեփականությամբ՝ 4 կտոր հողամաս Դսեղում և միանձնյա սեփականության իրավունքով ունի 1 անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված տնտեսական շինություններով։ Թումանյանի կանխիկ դրամական միջոցների մնացորդը տարեսկզբին 1մլն․ 700․000 դրամ է կազմել, տարեվերջին՝ 4,5 մլն դրամ։ 2025-ին Սուրեն Թումանյանն ստացել է 4 միլիոն 103․ 283 դրամ աշխատավարձ։
