.jpg )
Սևանա լճից ընդամենը 1.5 կիլոմետր հեռավորության վրա՝ Ծովագյուղում, «Սանի Լենդ» ՍՊԸ-ն ծրագրում էր ցեմենտի և գիպսի արտադրություն հիմնել, սակայն պետական փորձաքննությունը կանգնեցրել է նախագիծը՝ ի հայտ բերելով օրենքի կոպիտ խախտումներ, թերի տվյալներ և բնապահպանական լուրջ ռիսկեր։ Շրջակա միջավայրի նախարարությունը հաստատել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի բացասական եզրակացությունը
Ընկերությունը նախատեսում էր հանքային փոշու, գիպսի և ցեմենտի արտադրությունը տեղակայել Սևան-Դիլիջան մայրուղու 7-8-րդ կիլոմետրում գտնվող 1/1 հողամասում, որտեղ արդեն իսկ գործում է ասֆալտի արտադրամաս։ Տարածքը գտնվում է Սևանա լճից 1560 մ, «Սևան» ազգային պարկից՝ 600 մ, իսկ Ծովագյուղի մոտակա առանձնատներից՝ 505 մ հեռավորության վրա։
Ծրագրի մերժման առաջնային իրավական հիմքը «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» ենթակետն է, որն ուղղակիորեն արգելում է լճի անմիջական ազդեցության գոտում հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղադրումը։ ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը ևս հաստատել է, որ գնդային աղացի տեղադրումն ու հանքանյութերի մեխանիկական մշակումն ընկնում են այս արգելքի տակ, իսկ արտադրության բնույթն ինքնին անհնարին է դարձնում նման գործունեությունն այդ տարածքում։
Տեղում իրականացված ստուգումների ընթացքում ի հայտ են եկել էական հակասություններ ներկայացված հաշվետվության և իրական պատկերի միջև։
Գրանցման վկայականի և ՇՄԱԳ հաշվետվության փաստաթղթային անհամապատասխանությունները
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ իրականացվել են տեղազննման աշխատանքներ՝ տարածքի փաստացի վիճակը ՇՄԱԳ հաշվետվության տվյալների հետ համադրելու նպատակով։ Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով հողամասը հաշվառված է եղել որպես շենք-շինություններից ազատ տարածք։
Սակայն լրամշակված ՇՄԱԳ հաշվետվությամբ ընկերությունը ներկայացրել է, որ տարածքում արդեն իսկ առկա են շենք-շինություններ, տեխնիկա, հանքային նյութերի լցակույտեր և գործող «Kobesh Machine AS-160» ասֆալտբետոնի արտադրամաս։ Նախաձեռնողը պարզաբանել էր, որ նոր կապիտալ շինարարություն չի իրականացվելու, և աշխատանքները սահմանափակվելու են միայն գնդային աղացի ու օժանդակ պատվանդանների տեղադրմամբ։ Այնուամենայնիվ, պետական գրանցման վկայականի և փաստացի իրավիճակի միջև առկա այս հակասությունը արձանագրվել է որպես էական փաստաթղթային անհամապատասխանություն։ Բացի այդ, տեղազննությամբ արձանագրվել են գործող ասֆալտի արտադրությունից առաջացած մրի տեսանելի արտանետումներ, որոնց վերաբերյալ նախաձեռնողը մինչև հաշվետվության լրամշակումը որևէ տեղեկություն չէր տրամադրել։
Գյուղատնտեսական հողերի փաստացի աղտոտումը
ՇՄԱԳ հաշվետվությամբ նախատեսված էր, որ 0.10404 հա գյուղատնտեսական հողակտորը պետք է մնար անփոփոխ և չներգրավվեր արտադրական պրոցեսում։ Սակայն տեղազննությամբ արձանագրվել է, որ տեղում հողատարածքների որևէ սահմանազատում առկա չէ, իսկ գործող ասֆալտբետոնի արտադրամասի գործունեության հետևանքով գյուղատնտեսական հողատարածքն արդեն իսկ ենթարկվել է աղտոտման։
Ձկնագետի և ջրային էկոհամակարգի աղտոտման էկոլոգիական ռիսկերը
Ձկնագետը Սևանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027 թթ. կառավարման պլանով լճի ջրհավաք ավազանի առանցքային գետերից է։ Ծրագրված արտադրամասն անմիջական սպառնալիք է ներկայացնում Ձկնագետի և Սևանա լճի ջրային ռեսուրսների համար։ «Սանի Լենդը» հաշվետվությունում նշել էր, որ գնդային աղացի հեռավորությունը Ձկնագետ գետից 113 մետր է, սակայն տեղազննությամբ պարզվել է, որ ընկերության կողմից փաստացի շահագործվող տարածքը երկու կողմից անմիջապես սահմանակցում է Ձկնագետին։ Արձանագրվել են գետի ափերի քայքայված վիճակ և ափամերձ հատվածներում՝ հանքային նյութերի կուտակումներ։
Ընկերության կողմից չեն ապահովվել ՀՀ կառավարության 2005 թ․ հունվարի 20-ի N 64-Ն որոշմամբ սահմանված՝ սանիտարական պահպանման և անօտարելի գոտիներից հեռավորությունները։ Հաշվետվությունում բացակայում են հստակ տեխնիկական լուծումներ և բնապահպանական միջոցառումների պլան, թե ինչպես են կանխվելու հումքի (կլինկեր, գիպս, պեռլիտ) բաց կամ փակ պահման դեպքում քամու ազդեցությունից առաջացող փոշեարտանետումները, մթնոլորտային տեղումների հետևանքով նյութերի լվացումն ու մեխանիկական արտահոսքը դեպի Ձկնագետ և Սևանա լիճ։
ՀՀ առողջապահության նախարարության դիտողությունները
Փորձաքննության փուլում պետական այլ լիազոր մարմիններ ևս ներկայացրել են սկզբունքային դիտողություններ, որոնք նախաձեռնողի կողմից անտեսվել են։ ՀՀ առողջապահության նախարարությունը 2026 թ. մայիսի 21-ի հայտնել է, որ անհնար է տրամադրել դրական կարծիք, քանի որ հաշվետվությունում բացակայում են շինարարության և շահագործման ընթացքում աշխատատեղերում ու մոտակա բնակելի տարածքում (Ծովագյուղի առանձնատները գտնվում են 505 մետր հեռավորության վրա) առաջացող աղմուկի և թրթռումների մակարդակների հաշվարկները։ Լրամշակված հաշվետվությունում այս դիտողությունը հաշվի չի առնվել։
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի արձանագրած խախտումները
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի դիտողության համաձայն՝ հանքային փոշու, գիպսի և ցեմենտի արտադրության գործունեությունը դասվում է բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) օբյեկտների ցանկին։ Նախաձեռնողը նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի) մեջ սկզբնապես նշել էր II կատեգորիա, իսկ դիտողությունից հետո կատարել էր փոփոխություն՝ սահմանելով III կատեգորիա, ինչը կրկին չի համապատասխանում օրենսդրական IV կատեգորիայի պահանջին։
Փորձաքննական եզրահանգում
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ նախաձեռնողը պարտավոր է ապահովել ներկայացվող նյութերի ամբողջականությունը, հավաստիությունը և հիմնավորվածությունը։ «Սանի Լենդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացվել են թերի, ոչ հավաստի տվյալներ, ինչպես նաև անտեսվել են շահագրգիռ մարմինների դիտողությունները։
Հաշվի առնելով, որ նախատեսվող գործունեության տարածքը գտնվում է Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում, և ծրագիրը պարունակում է ջրային ռեսուրսների աղտոտման, Սևանա լճի էկոհամակարգի, ջրհավաք ավազանի ու լանդշաֆտի վրա էական անդառնալի ռիսկեր, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը պաշտոնապես մերժել է նրանց հաշվետվությունը։
