Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
25/9/2026
share

ԱԶԲ-ն ֆինանսական նոր գործիքներ է առաջարկում․ քննարկվել է Սևանի մաքրման կայանների և 4 նոր ջրամբարի հարցը

Հայաստանի Ջրային կոմիտեն Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցչական առաքելության հետ քննարկել է ջրային ոլորտի առաջնահերթ ծրագրերի ֆինանսավորման և իրականացման հնարավորությունները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Սևանի ավազանի կեղտաջրերի մաքրման կայանների արդիականացմանն ու նոր ջրամբարների կառուցմանը։

Ջրային կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ ԱԶԲ պատվիրակությունը ներկայացրել է Բանկի կողմից տրամադրվող տեխնիկական աջակցության քաղաքականության վերջին փոփոխությունները, հասանելի ֆինանսական գործիքներն ու աջակցության նոր մեխանիզմները։ Դրանց թվում են ծախսերի փոխհատուցմամբ տեխնիկական աջակցությունը և այս ամռանը հաստատված Project Support Lending (ծրագրերի աջակցման) նոր գործիքը։

Կողմերը քննարկել են նոր գործիքների կիրառման հնարավորությունները Հայաստանի ջրային ոլորտի առաջնահերթ ծրագրերի նախապատրաստման և իրականացման համատեքստում։ Մասնավորապես, քննարկվել են Սևանի ավազանի՝ Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքների կեղտաջրերի մաքրման կայանների արդիականացման, հարակից գյուղական բնակավայրերի կեղտաջրերի հավաքման և հեռացման համակարգերի, ինչպես նաև Գետիկի, Կարմիրգյուղի, Գառնահովիտի և Եղվարդի նոր ջրամբարների կառուցման ծրագրերը։

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը կարևորել է ԱԶԲ-ի ճկուն մոտեցումները և Բանկի հետ ձևավորված բազմաբովանդակ համագործակցությունը՝ ընդգծելով ջրային ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված համատեղ ծրագրերի ռազմավարական կարևորությունը։

ԱԶԲ ներկայացուցիչները նշել են, որ Բանկի մշակած նոր գործիքները կարող են կիրառվել ծրագրերի տեխնիկատնտեսական հիմնավորման, մանրամասն նախագծման, տեղանքի ուսումնասիրությունների, ինչպես նաև բնապահպանական և սոցիալական երաշխիքների պահանջների ապահովման փուլերում՝ նպաստելով ծրագրերի որակյալ և միջազգային չափանիշներին համապատասխան նախապատրաստմանը։

facebook sharing button facebook