Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
25/9/2026
share

Թումանյանում ընտրություններ են՝ 1 քաղաքական ուժով․ ի՞նչ ընտրության առաջ է կանգնած համայնքը

Սեպտեմբերի 27-ին Լոռու մարզի Թումանյան համայնքի բնակիչները գնալու են ընտրատեղամասեր՝ ընտրելու համայնքի ավագանի։ Բայց քվեաթերթիկում քաղաքական ուժերի միջև ընտրություն չեն ունենալու․ ՏԻՄ ընտրություններին մասնակցում է միայն մեկ ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Թումանյանի գործող համայնքապետ Սուրեն Թումանյանը։

Այս ընտրությունը հատկապես հետաքրքիր է դառնում նախորդ ՏԻՄ ընտրությունների համատեքստում։ Այդ ժամանակ Սուրեն Թումանյանը մասնակցում էր ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր», այլ «Հանրապետություն» կուսակցության ցուցակով։ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն Տիգրան Մխիթարյանն էր՝ գործող համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը, որն այժմ Միասնական սոցիալական ծառայության Թումանյանի տարածքային բաժնի պետն է։

Այդ ընտրություններում պայքարում էին երկու քաղաքական ուժեր՝ «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ Տարբերությունը մեծ չէր․ «Հանրապետությունը» ստացել էր 1743, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 1687 ձայն։ Ընդամենը 56 ձայնի տարբերությամբ առավելությունը «Հանրապետությանն» էր։

Չորս տարի անց պատկերը փոխվել է։ «Հանրապետությունն» այս անգամ Թումանյանում թեկնածուներ չի առաջադրել, իսկ նախորդ ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորած Սուրեն Թումանյանն այժմ ընտրություններին մասնակցում է «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով։ Այսպիսով, նախորդ ընտրություններում միմյանց մրցակից երկու քաղաքական ուժերից այս անգամ քվեաթերթիկում մնացել է միայն մեկը։

 

Ի՞նչ է խոստանում միակ մասնակից ուժը

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախընտրական ծրագրում «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացնում է առաջիկա տարիների իր պատկերացումը Թումանյանի համար։

Ծրագրում, մասնավորապես, խոստացվում է ավելացնել մշակվող ցանքատարածությունները, զարգացնել զբոսաշրջային ենթակառուցվածքները։ Միաժամանակ մասնակցային կառավարումը ներկայացվում է որպես աշխատելաոճ․ նշվում է, որ համայնքի բնակիչների ներգրավվածությունը նախատեսվում է ապահովել համայնքային հանդիպումների և հանրային քննարկումների միջոցով։

Բայց հենց այստեղ առաջանում է մեկ այլ հարց․ ինչպիսի՞ն է քաղաքական մասնակցությունը համայնքում, եթե ընտրություններին մասնակցելու ցանկություն է հայտնել ընդամենը մեկ քաղաքական ուժ։

Ինչո՞ւ մյուս կուսակցությունները չեն առաջադրել թեկնածուներ Թումանյանում։ Համայնքը նրանց համար քաղաքական առումով հետաքրքիր չէ՞, չափազանց փո՞քր է, թե՞ որոշման վրա ազդել են հունիսին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները։ 

 

Ի՞նչ կարող են ասել խորհրդարանական ընտրությունների թվերը

 

Թումանյանի բնակիչների՝ ընդամենը մի քանի ամիս առաջ տված քվեները ցույց են տալիս ավելի բազմազան քաղաքական պատկեր։ ԿԸՀ-ում հրապարակված՝ 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների տվյալների համաձայն՝ Թումանյան համայնքում ընտրություններին մասնակցելու իրավունք ուներ 5046 քաղաքացի, քվեարկությանը մասնակցել էր 3274-ը։ Ամենաշատ ձայները ստացել էր «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 1883 ձայն կամ 58.53 տոկոս։

Միաժամանակ «Ուժեղ Հայաստան» դաշինքը ստացել էր 839 ձայն կամ 26.08 տոկոս։ Մյուս քաղաքական ուժերը ևս ստացել էին համայնքի բնակիչների ձայների որոշակի բաժինը։ ԱԺ ընտրությունների ժամանակ Թումանյանի ընտրողների քաղաքական նախապատվությունները սահմանափակված չէին մեկ ուժով։ Սակայն երեք ամիս անց կայանալիք տեղական ընտրություններում այդ բազմազանությունը չի արտահայտվել մասնակցող քաղաքական ուժերի կազմով․ սեպտեմբերի 27-ի ընտրություններին առաջադրվել է միայն «Քաղաքացիական պայմանագիրը»։

Հատկապես ուշադրության է արժանի «Ուժեղ Հայաստանի» օրինակը։ Հունիսի ընտրություններից հետո դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը մանդատները վերցնելուց առաջ հայտարարել էր, որ վերցնում են մանդատները, բայց չեն դադարեցնելու պայքարը, մասնակցելու են ՏԻՄ ընտրություններին, այսպիսով՝ «կտրելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թևերը»։

Սակայն այս պահի դրությամբ «Ուժեղ Հայաստանը» Լոռու մարզում մասնակցելու է միայն Ստեփանավան համայնքում հոկտեմբերին նշանակված ՏԻՄ ընտրություններին։ Թումանյանում, որտեղ ընդամենը մի քանի ամիս առաջ դաշինքը ստացել էր ընտրողների ձայների 26.08 տոկոսը, թեկնածուներ չի առաջադրել։

Այս հակադրությունն էլ ավելի տեսանելի է դարձնում Թումանյանի ընտրությունների հիմնական առանձնահատկությունը․ համայնքում քաղաքական տարբեր նախապատվություններ ունեցող ընտրողներ կան, բայց ՏԻՄ ընտրություններում քաղաքական առաջարկը մեկն է։

 

Կարո՞ղ են տեղական ընտրությունները բաց լինել նաև կուսակցություններից դուրս մարդկանց համար

 

Թումանյանի ընտրությունների շուրջ այս իրավիճակը նորից առաջ է բերում մեկ այլ՝ ավելի լայն հարց՝ արդյոք համայնքի կառավարմանը մասնակցելու ճանապարհը պետք է անպայման անցնի քաղաքական կուսակցության միջով։

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նախկինում առաջարկել են քաղաքացիական նախաձեռնություններին ևս հնարավորություն տալ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին։ Առաջարկի հիմքում այն դիտարկումն է, որ համայնքներում կարող են լինել համապատասխան կարողություններ, փորձ և տեղական խնդիրների մասին գիտելիք ունեցող մարդիկ, որոնք պատրաստ են աշխատել համայնքի համար, սակայն չեն ցանկանում կապվել որևէ կուսակցության հետ։ Գործող համակարգում նման մարդիկ ընտրություններին մասնակցելու հնարավորություն չեն ստանում, եթե չեն ներգրավվում կուսակցական ցուցակում։ Թումանյանի ընտրությունները հենց այս հարցը դարձնում են շատ առարկայական։

Փաստացի այս պահին պատկերը հետևյալն է՝ սեպտեմբերի 27-ին Թումանյան համայնքի բնակիչները ընտրատեղամաս գնալու և քվեարկելու հնարավորություն ունեն։ Բայց քաղաքական ուժերի միջև ընտրություն՝ ոչ։

facebook sharing button facebook