Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
25/9/2026
share

Գլոբալ ռեկորդներ և ծայրահեղ շոգ․ ինչ հետևանքներ է թողնելու Էլ Նինյոն մինչև 2027 թվականը

Խաղաղ օվկիանոսում ձևավորվող Էլ Նինյո եղանակային օրինաչափությունը կարող է դառնալ պատմության մեջ ամենաուժեղներից մեկը՝ ամբողջ աշխարհում ջրհեղեղների, երաշտների, ծայրահեղ շոգի և բերքի կորստի պատճառ դառնալու պոտենցիալով։

Այս տարվա «սուպեր Էլ Նինյոյի» առաջացրած ծայրահեղ շոգը կարող է հանգեցնել մինչև 451,000 լրացուցիչ մահվան դեպքի ամբողջ աշխարհում՝ այս տարվա հունիսից մինչև 2027 թվականի փետրվար ընկած ժամանակահատվածում, չորեքշաբթի հայտնել են Չիկագոյի համալսարանի Կլիմայի ազդեցության լաբորատորիայի հետազոտողները։ Երևույթը, որը Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (WMO) կանխատեսմամբ իր պիկային ինտենսիվությանը կհասնի 2027 թվականի սկզբին, կարող է զգալիորեն ավելացնել չափազանց շոգ օրերի թիվը՝ աճեցնելով այն 44%-ով՝ սովորական տարիների համեմատությամբ։

Ի՞նչ է Էլ Նինյոն

Էլ Նինյոն բնականաբար տեղի ունեցող «Էլ Նինյո-Հարավային տատանում» ցիկլի տաք փուլն է՝ կլիմայական օրինաչափություն, որն ազդում է եղանակի վրա ողջ աշխարհում։

Այն հակված է առաջացնելու գլոբալ ավելի բարձր ջերմաստիճաններ և խաթարելու տեղումների տեղաբաշխվածությունը հսկայական տարածաշրջաններում, ինչը նշանակում է երաշտ որոշ շրջաններում և առատ տեղումներ՝ մյուսներում։

Էլ Նինյոն սովորաբար տեղի է ունենում 2-7 տարին մեկ անգամ, երբ թուլացող պասսատային քամիների հետևանքով Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում ջրերը տաքանում են։

Ի՞նչն է Էլ Նինյոն դարձնում «սուպեր»

Խաղաղ օվկիանոսի ջրերի բարձր ջերմաստիճանը Էլ Նինյոյի ձևավորման հստակ նշանն է։ Այս ամիս Խաղաղ օվկիանոսի հասարակածային հատվածի ջրի մակերևույթի ջերմաստիճանը հասել է նորմայից 3.05 աստիճան Ցելսիուսով (5.49 Ֆարենհայտ) բարձր մակարդակի։ Սա ջերմաստիճանային ամենաբարձր շեղումն է դիտարկումների պատմության մեջ գրանցված ցանկացած Էլ Նինյոյի համար և զգալիորեն գերազանցում է երևույթի սահմանման համար սահմանված 0.5°C շեմը, ցույց են տալիս ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA) տվյալները։

Պետական գործակալությունը պաշտոնապես հայտարարել էր Էլ Նինյոյի պայմանների մեկնարկի մասին հունիսին։ Ըստ NOAA-ի՝ Խաղաղ օվկիանոսի հասարակածային հատվածի ջերմաստիճանի 0.5°C-ով բարձրացումը նորմայից համարվում է թույլ Էլ Նինյո, 1.0°C-ը՝ չափավոր, 1.5°C-ը՝ ուժեղ, իսկ 2.0°C-ը՝ շատ ուժեղ։

WMO-ն պաշտոնապես չի օգտագործում «սուպեր» տերմինը, սակայն կանխատեսել է, որ ձևավորվող Էլ Նինյոն կվերածվի «շատ ուժեղ իրադարձության»՝ էական ազդեցություն ունենալով տեղումների և ջերմաստիճանի վրա։ 2023-2024 թվականների վերջին ուժեղ Էլ Նինյոն, զուգակցվելով կլիմայի փոփոխության հետ, 2024 թվականը դարձրեց մոլորակի պատմության մեջ ամենաշոգ տարին։ Այդ տարի Բոլիվիան և Վենեսուելան տուժեցին աղետալի հրդեհներից, հորդառատ ջրհեղեղները հարվածեցին Նեպալին, Սուդանին և Իսպանիային, իսկ Մեքսիկայում և Սաուդյան Արաբիայում շոգի ալիքները հազարավոր մարդկանց կյանք խլեցին։

Արդյո՞ք Էլ Նինյոն կապված է կլիմայի փոփոխության հետ

Էլ Նինյոն կլիմայական բնական օրինաչափություն է և պատճառված չէ կլիմայի փոփոխությամբ։ Այնուամենայնիվ, գլոբալ տաքացումը կարող է Էլ Նինյոն դարձնել ավելի ինտենսիվ։ Ջերմոցային գազերի արտանետումները նախաարդյունաբերական ժամանակաշրջանից ի վեր բարձրացրել են մոլորակի միջին ջերմաստիճանը մոտ 1.4°C-ով։

Այդ ավելի բարձր ելակետային մակարդակն ավելի է հզորացնում Էլ Նինյոյի ազդեցությունը՝ նպաստելով ջերմաստիճանի ավելի կտրուկ թռիչքներին, ավելի ինտենսիվ երաշտներին, տեղումներին և դրանցից բխող աղետներին, ներառյալ անտառային հրդեհները, ջրհեղեղները և բերքի կորուստը։

Կլիմայի ազդեցության լաբորատորիան այս տարվա Էլ Նինյոն նկարագրել է որպես «բացիկ ապագայից», որը բերում է ջերմաստիճաններ, որոնք ընդամենը մի քանի տասնամյակ անց կդառնան սովորական։ Որոշ գիտնականներ նշել են, որ սպասվող ավերածությունները կարող են նախաշխարհանք լինել այն ծայրահեղությունների, որոնք առաջիկա տասնամյակներում կդառնան նորմա նույնիսկ առանց Էլ Նինյոյի՝ մարդու գործունեությամբ պայմանավորված գլոբալ տաքացման հետևանքով։

Ամենաշատ տուժած տարածաշրջանները և սպասվող ազդեցությունները

Կլիմայի փոփոխության և Էլ Նինյոյի համադրությունը WMO-ին ստիպել է զգուշացնել, որ 2027 թվականը կարող է դառնալ ամենաշոգ տարին դիտարկումների պատմության մեջ։

Ակնկալվող 451,000 լրացուցիչ մահվան դեպքերից ամենաշատը կտուժի Նիգերիան 31,400 դեպք, որին հաջորդում են Ինդոնեզիան (19,300) և Սուդանը (17,600)։ Աֆրիկայի Սահել տարածաշրջանում (Նիգեր, Չադ, Նիգերիա, Սուդան) շոգը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի լրացուցիչ 66,800 մահվան։ Հետազոտողները կանխատեսում են, որ Ֆիլիպիններում, Վիետնամում, Թաիլանդում և Կամբոջայում միասին վերցրած կգրանցվի լրացուցիչ 19,400 մահվան դեպք։

Լրացուցիչ մահերի թիվը կարող է էլ ավելի աճել, եթե Էլ Նինյոն ձգվի մինչև 2027 թվականը․ Հյուսիսային կիսագնդի առանցքային տարածքները, ներառյալ Հնդկաստանն ու Պակիuտանը, հատկապես խոցելի կլինեն ամառային ամիսներին։

«Այս զեկույցը որոշում կայացնողներին թույլ է տալիս հստակ տեսնել, թե որտեղ կարող են անհապաղ արտակարգ քայլեր ձեռնարկվել՝ առաջիկա ամիսներին տասնյակ հազարավոր կյանքեր փրկելու համար»,- նշել է Չիկագոյի համալսարանի տնտեսագետ և լաբորատորիայի համահիմնադիր Մայքլ Գրինսթոնը։ Արտակարգ արձագանքման ջանքերը, ներառյալ վաղ ազդարարման համակարգերը և բացօթյա աշխատողների պաշտպանությունը, կարող են փրկել տասնյակ հազարավոր կյանքեր։

Սովորաբար, այնպիսի տարածաշրջաններ, ինչպիսիք են Հարավային Ամերիկայի հարավը և Կենտրոնական Ասիայի հատվածները, Էլ Նինյոյի ժամանակ ստանում են ավելի շատ տեղումներ, ինչը կարող է աղետալի ջրհեղեղներ առաջացնել (օրինակ՝ 2024 թվականին Բրազիլիայի Ռիու Գրանդի դու Սուլ նահանգում ջրհեղեղները խլեցին ավելի քան 180 մարդու կյանք։

Մյուս կողմից, Հարավային Աֆրիկան, Կենտրոնական Ամերիկան և Ավստրալիան հակված են չորանալու։ Հնդկաստանում բրնձի բերքը այս տարի կարող է նվազել ամենաշատը 2009-2010 թվականներից ի վեր։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կանխատեսումների համաձայն՝ ձևավորվող Էլ Նինյոյի հետևանքով մինչև 2027 թվականի վերջը մոտ 50 միլիոն մարդ գտնվում է սուր սովի վտանգի տակ։

Էլ Նինյոն նաև ուժեղացնում է շոգի ալիքները, այդ թվում՝ Խաղաղ օվկիանոսից հեռու գտնվող տարածաշրջաններում, օրինակ՝ Եվրոպայում, և հակված է մեծացնելու փոթորիկների ակտիվությունը Խաղաղ օվկիանոսի կենտրոնական և արևելյան հատվածներում։

facebook sharing button facebook