Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
24/9/2026
share

Սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունները․ 4 համայնք, 4 տարբեր ընտրական պատկեր

Սեպտեմբերի 27-ին Հայաստանի երեք մարզերի չորս համայնքներում՝ Թումանյանում, Լերմոնտովոյում, Արզնիում և Ֆերիկում, տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Այս չորս համայնքներում միասին ընտրելու իրավունք ունի 6,949 մարդ։ Բայց թվերի հետևում իրարից բավական տարբեր համայնքներ և ընտրություններ են։

Ամենամեծ ընտրազանգվածը Լոռու մարզի Թումանյան համայնքում է՝ 4,198 ընտրող։ Կոտայքի մարզի Արզնիում ընտրողների թիվը 1,979 է, Լոռու Լերմոնտովոյում՝ 609, իսկ Արմավիրի մարզի Ֆերիկում՝ ընդամենը 163։

 

Սեպտեմբերի 27-ի ընտրությունները տարբեր են նաև իրենց ձևաչափով։ Թումանյանում անցկացվում է ավագանու համամասնական ընտրություն, իսկ մյուս երեք համայնքներում ընտրությունները մեծամասնական են։ Լերմոնտովոյում բնակիչներն ընտրելու են համայնքի ղեկավար և ավագանու անդամներ, Արզնիում և Ֆերիկում՝ ավագանու անդամներ։

Այս տարբերությունը կարևոր է նաև ընտրողի տեսանկյունից։ Թումանյանում ընտրությունը կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների միջև է, մինչդեռ մեծամասնական ընտրություններում ընտրողը քվեարկում է անհատ թեկնածուների օգտին։

 

Տարբեր չափերի համայնքներ և բազմազան մարտահրավերներ

 

Թվերով ամենամեծ և ամենափոքր համայնքների տարբերությունը զգալի է․ Թումանյանի ընտրողների թիվը Ֆերիկի ընտրողների թվից շուրջ 26 անգամ մեծ է։

 

Թումանյան համայնքի ընտրական ենթակառուցվածքի վերաբերյալ ԿԸՀ տվյալներում ներառված են Թումանյան քաղաքը և Աթան, Ահնիձոր, Դսեղ, Լորուտ, Մարց, Շամուտ, Չկալով ու Քարինջ բնակավայրերը։  Յուրաքանչյուրում նախատեսված է առանձին ընտրատեղամաս։

 

 

Այս աշխարհագրությունն ընտրությանը մեկ այլ նշանակություն է տալիս։ Միավորված համայնքում տեղական իշխանության ընտրությունը նաև տարբեր բնակավայրերի շահերի ներկայացվածության հարց է․ փոքր և հեռավոր բնակավայրերի խնդիրները նույն քաղաքական օրակարգում են հայտնվում համայնքի կենտրոնի խնդիրների հետ։

 

Դա հատկապես կարևոր հարց է քարոզարշավը գնահատելիս՝ որքանո՞վ են թեկնածուներն ու քաղաքական ուժերը հասնում համայնքի բոլոր բնակավայրեր, և որքանո՞վ են դրանց բնակիչների խնդիրները հայտնվում նախընտրական օրակարգում։

 

Անվճար տարածքներ՝ քարոզարշավի համար

 

ԿԸՀ-ին ներկայացված տվյալներով՝ Թումանյան համայնքի բոլոր ինը բնակավայրերում թեկնածուներին և ընտրություններին մասնակցող ուժերին անվճար տարածքներ են հատկացվել նախընտրական հանդիպումների համար։ Թումանյան քաղաքում և Դսեղում նախատեսված են 250 տեղանոց, բնակավայրերի մեծ մասում՝ 100 տեղանոց, իսկ Շամուտում՝ 60 տեղանոց տարածքներ։ Շամուտի դեպքում օգտագործման ժամերն էլ տարբեր են՝ աշխատանքային օրերին միայն ժամը 18։00-ից հետո և ոչ աշխատանքային օրերին։

 

Այս տվյալներն ինքնին ցույց չեն տալիս՝ այդ հնարավորություններից որքանով են օգտվում ընտրություններին մասնակցողները։ Բայց հնարավորություն են տալիս քարոզարշավը դիտարկել ոչ միայն հրապարակումների ու պաստառների, այլ նաև մեկ պարզ հարցի միջոցով՝ ո՞ւմ հետ են իրականում հանդիպում թեկնածուները։

 

Ընտրելու իրավունքը և դրա իրական հնարավորությունը

 

Պաշտոնական ժամանակացույցով նախընտրական քարոզչությունը սկսվել է սեպտեմբերի 7-ին և ավարտվելու է սեպտեմբերի 25-ին՝ ժամը 24։00-ին։

Սեպտեմբերի 27-ի ընտրությունների վերաբերյալ հրապարակված տվյալները մեկ այլ հարց էլ են բացում՝ որքանո՞վ է ընտրական գործընթացը հասանելի բոլոր ընտրողներին։

 

ԿԸՀ-ն դեռ օգոստոսին պետք է հրապարակեր հենաշարժական դժվարություններ ունեցող ընտրողների համար մատչելի ընտրատեղամասերի ցանկը։

«Քաղաքացու ձայնի» կողմից ուսումնասիրած՝ ԿԸՀ-ի տրամադրած ընտրատեղամասերի մատչելիության տվյալները ցույց են տալիս, որ չորս համայնքներում իրավիճակը միատեսակ չէ։

 

Օրինակ՝ Թումանյան համայնքի ինը տեղամասերից Թումանյան քաղաքի, Դսեղի և Մարցի տեղամասերի մուտքերը տվյալներում գնահատված են որպես անմատչելի։ Քարինջի, Լորուտի, Շամուտի և Աթանի տեղամասերի մուտքերը նշված են որպես մասամբ մատչելի, իսկ Չկալովի և Ահնիձորի տեղամասերինը՝ մատչելի։

 

Լերմոնտովո համայնքում ևս պատկերը միանշանակ չէ։ Լերմոնտովո գյուղի տեղամասի մուտքը նշված է որպես մատչելի, սակայն քվեարկության սենյակը գտնվում է երկրորդ հարկում և մատչելի չէ։ Անտառաշենի տեղամասի մուտքն էլ գնահատված է որպես անմատչելի։ Արզնիի երկու և Ֆերիկի մեկ ընտրատեղամասերի մուտքերը ներկայացված տվյալներում նշված են որպես մատչելի։

 

Մատչելիության մասին տվյալներում ներառված են նաև կանգառի և կայանատեղիի առկայությունը, քվեարկության սենյակի հարկը, սանհանգույցը, դռների լայնությունը, թեքահարթակները և տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար նախատեսված լուծումները։ Ուսումնասիրված տեղամասերում, օրինակ, Բրայլյան ցուցանակների առկայություն որևէ տեղ չի նշվում։

 

 

 

Ընտրական օրենսգիրքը հենաշարժական դժվարություններ ունեցող ընտրողներին հնարավորություն է տվել մինչև սեպտեմբերի 15-ը դիմել՝ իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և իրենց ընտրած մատչելի տեղամասի ցուցակում ընդգրկվելու համար։ Դիմումը հնարավոր էր ներկայացնել էլեկտրոնային կամ թղթային եղանակով։

 

Այս մեխանիզմը, սակայն, նաև ավելի լայն հարց է առաջացնում. եթե ընտրողի բնակության վայրին համապատասխան տեղամասը մատչելի չէ, ո՞ւմ վրա պետք է ընկնի ընտրելու իրավունքն իրացնելու համար լրացուցիչ քայլեր կատարելու պատասխանատվությունը։

 

Սեպտեմբերի 27-ը

 

Ընտրական տեղամասերում հանձնաժողովների աշխատանքը կսկսվի ժամը 07։00-ին, իսկ քաղաքացիների քվեարկությունը՝ 08։00-ին։ Տեղամասերը բաց կլինեն մինչև 20։00-ն։

Օրվա ընթացքում հրապարակվելու են նաև մասնակցության միջանկյալ տվյալները։ Տեղամասային հանձնաժողովները մասնակցած ընտրողների թվի մասին տեղեկությունները հաղորդելու են օրվա ընթացքում մի քանի անգամ՝ 11։00-ի, 14։00-ի, 17։00-ի և 20։00-ի դրությամբ։

 

Նախնական արդյունքները համայնքներում պետք է ամփոփվեն քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 18 ժամ անց՝ սեպտեմբերի 28-ին մինչև ժամը 14։00-ն։ Վերջնական արդյունքների վերաբերյալ որոշումը նախատեսված է հոկտեմբերի 2-ին։

 

Այսպիսով, ընտրությունը տեղի է ունենում այն պահին, երբ փոքր բնակավայրի բնակիչը փորձում է իր խնդիրը հասցնել թեկնածուին, երբ հաշմանդամություն ունեցող ընտրողը պարզում է՝ կարո՞ղ է ինքնուրույն մտնել իր ընտրատեղամաս, երբ 163 ընտրող ունեցող Ֆերիկում կամ ինը բնակավայր ընդգրկող Թումանյանում մարդիկ որոշում են՝ ում են վստահում իրենց համայնքի կառավարման պատասխանատվությունը։

 

Առաջիկա օրերին «Քաղաքացու ձայնը» սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրություններին կանդրադառնա հենց այս տեսանկյունից՝ ընտրական գործընթացը դիտարկելով ոչ միայն թեկնածուների ու արդյունքների, այլև մասնակցության, մատչելիության, ներկայացվածության և համայնքների բնակիչների խնդիրների միջոցով։ 

facebook sharing button facebook