
Նոր տուրիստական կանգառ Լոռու Ախթալայում։
Այսուհետ Ախթալայի վանական համալիր եկող զբոսաշրջիկները կարող են մի պահ կանգ առնել անուշահամ թեյ վայելելու։ Առաջարկվող տեսականին լայն է և ներառում է Լոռու սարերում աճող գրեթե բոլոր թեյաբույսերը։
Մեկ գավաթ թեյից բացի նորաբաց «Կանաչ» թեյատանը առաջարկվում է նաև տեղական մրգերից պատրատված չրեր, պաստեղներ, մեղր, մուրաբաներ։
Նախաձեռնության հեղինակը ձեռնարկատեր Արփենիկ Դարչինյանն է, ով այսպիսով զբաղվածություն է ապահովել նաև տեղացի այլ կանանց համար։ Թեյարան-վաճառասրահում ներկայացված է 12 կին արտադրողների պատրաստած մթերքը։
Նախաձեռնությունն իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Ավստրիական զարգացման համագործակցության աջակցությամբ։ Ծրագրի աջակցությամբ այստեղ բացվել է նաև գյուղմթերքի վերամշակման արտադրամաս, որտեղ պատրաստվում են մուրաբաներ, չրեր, փաթեթավորում թեյաբույսեր։ Ընդ որում, այստեղ ընդունում են բացառապես Հայաստանում աճող մրգերը։
Նախաձեռնողները մինչ ծրագրի իրագործումը հետազոտություն են իրականացրել, և բացահայտել Լոռու մարզում տեղական արտադրանքի կայուն շուկայի բացակայություն։
Այժմ Ծրագիրը շատ կանանց դարձնում է ինքնազբաղ, տալիս ֆինանսական կայունություն։
Ավստրիայի դեսպանության Տեխնիկական համագործակցության համակարգման գրասենյակի ղեկավարն ասում է․ «Ծրագրի նպատակն է՝ նպաստել կանանց եկամտի 15 տոկոսով ավելացմանը։ Սա բավականին հավակնոտ նպատակ է, բայց տեսնելով այս թեյարան –վաճառասրահը, կարծում եմ, որ այն հնարավոր է իրագործել։
Ծրագիրը միայն կանանց օգնելու մասին չէ, այն ավելի մեծ նշանակություն ունի և նպաստում է տեղական տնտեսության զարգացմանը, իսկ հատկապես կանայք մեծ ներուժ ունեն, որը դեռևս օգտագործված չէ։ Եվ եթե մենք կարողանանք բացահայտել այդ ներուժը, կշահի նաև համայնքը»։
