
Վերաքննիչ քրեական դատարանը 2026 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ բավարարել է դատախազի վերաքննիչ բողոքը․ օտարերկրյա հատուկ ծառայություններին գումարի դիմաց պետական գաղտնիք պարունակող տվյալներ փոխանցելու մեջ մեղադրվող անձի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։
Թեև դատախազությունը պաշտոնական հաղորդագրությունում չի նշում մեղադրյալի անունը, խոսքը Արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) աշխատակից Աշխեն Ալեքսանյանի վերաբերյալ գործի մասին է։
Դատախազությունը հանրային քրեական հետապնդում էր հարուցել Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով պետական դավաճանություն՝ օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին գումարի դիմաց Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանը սպառնացող տվյալներ փոխանցելը։
Սակայն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 2026 թվականի ապրիլի 20-ի դատավճռով փոխել էր արարքի որակումը։ Դատարանը մեղադրյալի արարքը վերաորակել էր Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը) և նրան դատապարտել 2 տարվա ազատազրկման։
Մեղադրող դատախազը դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչն էլ Վերաքննիչ դատարանը բավարարել է։
