Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
22/9/2026
share

ԵՄ-ն ՄԱԿ գործընկերների հետ ՀՀ-ում օդի որակի բարելավմանն ուղղված նոր ծրագիր են սկսել

Եվրոպական միությունը ՄԱԿ գործընկերների հետ միասին՝ գործընկերությամբ ՀՀ Կառավարության, սկսել են EU4Clean Air in Armenia՝ «Մաքուր օդ՝ հանուն առողջության և կանաչ աճի Հայաստանում» համատեղ ծրագրի իրականացումը։ Ծրագրի պատասխանատուների խոսքով՝այն նպատակ ունի ամրապնդել Հայաստանի կարողությունները օդի որակի մշտադիտարկման, վերլուծության և կարգավորման ոլորտում, դրանով իսկ  նպաստելով ավելի առողջ համայնքների և կայուն կանաչ աճի ապահովմանը։

 

«Մաքուր օդ՝ հանուն առողջության և կանաչ աճի Հայաստանում» ծրագրի ղեկավար Արամ Տեր-Զաքարյանը «Քաղաքացու Ձայն»-ի հետ զրույցում ասում է, որ ծրագրի շրջանակում տրամադրելու են 2 նոր օդի մոնիտորինգային կայան․ «Կառավարությունն արդեն այդ ուղղությամբ բավական գործ արել է, մենք ևս աջակցելու ենք, որ ավելի որակյալ տվյալներ ստանան։ Աջակցելու ենք, որ Ազգային ռեֆերենս լաբորատորիա ստեղծվի սարքավորումներով, որպեսզի այդ նմուշները կարողանան ճիշտ վերլուծվեն և տվյալներ ստանան։ 2-րդ գործողությունը միտված կլինի ստացված նոր որակյալ տվյալների հասանելիությանը լայն հանրությանը, մասնագետներին։ Դա, օրինակ, կարող է լինել օդի որակի մասին պորտալ, հեռախոսային հավելված, Հիդրոմետի հավելվածի բարելավում և այլն»։

 

ԵՄ-ի կողմից 2 միլիոն եվրո բյուջեով ֆինանսավորվող ծրագրում լրացուցիչ ֆինանսական ներդրում են արել ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Երեք տարի տևողությամբ ծրագիրը  կիրականացվի միջազգային կառույցների կողմից՝ ասում է Արամ Տեր- Զաքարյանը

 

Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Վացլավ Շտերբանը, ողջունելով ծրագրի պաշտոնական մեկնարկին ներկա մասնակիցներին, նկատել է․ «Հայաստանը շատ արագ է զարգանում և կարևոր է, որ այդ զարգացումը կայուն լինի նաև շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից։ Հուսով եմ, ծրագրի արդյունքում Հայաստանը կունենա օդի որակի չափման, մոնիթորինգի և կանխատեսման հուսալի համակարգ, ինչպես նաև տվյալների վրա հիմնված արդյունավետ քաղաքականություն՝ առկա մարտահրավերներին դիմակայելու համար»։

 

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Կոնստանտին Սոկուլսկին ևս ողջույնի խոսքում ասել է, որ ծրագիրը կարևոր հնարավորություն է ընձեռում ամրապնդելու օդի որակի պահպանության ոլորտում Հայաստանի արձանագրած առաջընթացը՝ օրենսդրական և ինստիտուցիոնալ շրջանակների կատարելագործման ուղղությամբ, միաժամանակ անդրադառնալով դեռևս առկա բացերին։ Նա ընդգծել է, որ ծրագիրը կարևոր է նաև Հայաստանի կողմից ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարման տեսանկյունից։

 

Նշենք, որ օդի աղտոտվածությունը շարունակում է մնալ Հայաստանի առջև ծառացած բնապահպանական և հանրային առողջությանն  առավել վնասող լրջագույն խնդիրներից մեկը։ Ծրագրի պատասխանատուները հույս են հայտնում, որ նոր ծրագրի շնորհիվ հնարավոր կլինի բարելավել օդի որակը և առավել արդյունավետ պաշտպանել մարդկանց առողջությունը։

 

Առաջիկա 3 տարիներին ծրագիրը կաջակցի Հայաստանի օդի որակի մշտադիտարկման ազգային ցանցի արդիականացմանն ու ընդլայնմանը, եվրոպական չափանիշներին համապատասխան երկրի օրենսդրական և կարգավորող շրջանակի ամրապնդմանը, ինչպես նաև օդի որակի կառավարման համար պատասխանատու հաստատությունների տեխնիկական կարողությունների զարգացմանը։ Նախաձեռնությունը կնպաստի նաև օդի որակի վերաբերյալ հավաստի տեղեկատվության հանրային հասանելիության բարելավմանը՝ նոր թվային գործիքների, այդ թվում՝ օդի որակի պորտալի և բջջային հավելվածի միջոցով՝ օգնելով քաղաքացիներին կայացնել տեղեկացված որոշումներ և խթանելով ապացույցների վրա հիմնված քաղաքականության մշակումը։

facebook sharing button facebook