Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
21/9/2026
share

Տուժողից՝ պահանջատեր․Ախթալայի կոմբինատի դեմ գործը մտել է ապացույցների հետազոտման փուլ (տեսանյութ)

5-րդ տարին է՝ ընթանում է դատական հայցն ընդդեմ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի՝ դատավոր Բակուր Գրիգորյանի նախագահությամբ։ Խմբային հայցը ներկայացնող փաստաբան Մերի Կարապետյանը, հունիսյան նիստի ժամանակ տեղեկացրել էր, որ օրենքով սահմանված բոլոր միջոցները ձեռնարկվել են՝ ապացույցներ հավաքագրելու նպատակով, բայց չի հաջողվել։ Ելնելով այս հանգամանքից, միջնորդել էր դատարանին՝ ներգրավել հայցվոր կողմից ներկայացուցիչ վկայի կարգավիճակով՝ ցուցմունք տալու նպատակով։ Պատասխանող կողմի առարկությամբ, ի դեպ, նիստի տեսանկարահանումը արգելվել էր։

 

Դատարանը լսեց խմբային հայցվորներից ճոճկանեցի Սամվել Սիրադեղյանին, որին Մերի Կարապետյանը հարցեր հղեց՝ պատճառահետևանքային կապը պարզելու նպատակով։ Հիշեցնենք՝ խոսքը 2021 թվականին դատարան մտած Լոռու մարզի Ճոճկան, Շնող, Մեծ Այրում բնակավայրերի 70 բնակիչների խմբային հայցի մասին է, ովքեր Ախթալայի լեռնահարստացման կոմբինատից վնասի փոխհատուցում են պահանջում և 2026-ին տուժող են ճանաչվել քննչական կոմիտեի կողմից՝ 2022 թ․ հուլիսի 27-ին Դեբեդի աղտոտման դեպքով նախաձեռնված վարույթի շրջանակում, որով նշանակվել էր դատաշինարարատեխնիկական, դատաէկոլոգիական և դատաքիմիական համալիր փորձաքննություն։ 

 

2025-ին Մերի Կարապետյանը միջնորդել էր դատարանին՝ պահանջել այդ փորձաքննությունների եզրակացությունները՝ որպես կրած վնասների ապացույց։ Դատարանը, բավարարել էր նրա միջնորդությունը՝ չզրկել հայցվոր կողմին ապացույցներ հավաքելու հնարավորությունից և պահանջել դրանք։

 

Սամվել Սիրադեղյանը դատարանին պատմեց, որ 30 տարուց ավելի է այգեգործությամբ է զբաղվում, 7 կտոր հողատարածք ունի, որոնց վրա զանազան մշակաբույսեր է աճեցնում։ 2000-ականներից Դեբեդի ափին այգի է հիմնել, որը ոռոգել է Դեբեդի ջրերով։ Տարիների ընթացքում, ավելի քան 1 հեկտար  դեղձի այգու բերքի որակը գնալով վատացել, այգին էլ՝ չորացել է։

 

Դատարանը հետաքրքրվեց Սիրադեղյանից՝ այգու չորանալու հետ կապված ինչ կասկածներ ունի։ Վկայի միակ կասկածները կապվում են կոմբինատի պոչանքները պարբերաբար Դեբեդը լցվելու և աղտոտված ջրով այգիները ոռոգելու հետ, որից էլ այն չորացել է՝ ֆինանսական վնասներ հասցնելով իրեն։ Ըստ Սամվել Սիրադեղյանի՝ զրկվել է տարեկան կես միլիոն դրամից ավելի եկամտից, մինչդեռ այգու պահպանության վրա այլ ծախսեր էլ է արել՝ ծառերի մշակումից մինչև հողի պարարտացում և այլն։ Մասնագիտությամբ բուսաբույծ Սիրադեղյանն ասաց, որ նախկինում նման երևույթներ չեն նկատվել, դրանք ավելի զգացնել են տվել վերջին 10 տարում։

Պատասխանող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը նույնպես հարցեր հղեց վկային՝ փորձելով ստանալ իրեն ամենաշատը հետաքրքրող պատասխանը՝ ինչ կապ ունի այս ամենի հետ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը։

 

Մանրամասն՝ տեսանյութում։

facebook sharing button facebook