Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
20/9/2026
share

Երկրի քաղցրահամ ջրի պաշարները նվազում են.ՀՕԿ

Մարդկությունը քաղցրահամ ջրի պաշարներն օգտագործում է ավելի արագ, քան դրանք վերականգնվում են-այս մասին ասված է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության նոր զեկույցում։ 2025 թվականին աշխարհի գետավազանների տարածքի 36%-ում գետերի հոսքը նորմայից ցածր է եղել։

 

Դա նկատվել է Հյուսիսային Ամերիկայի մեծ մասում, Հարավային Ամերիկայի Լա Պլատայի և Սան Ֆրանցիսկոյի գետավազաններում, Արևելյան Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում, ինչպես նաև Աֆրիկայի Նեղոս, Կոնգո և Զամբեզի գետավազաններում։

 

ՀՕԿ-ը հաշվի է առնում ոչ միայն գետերը։ Ջրի ընդհանուր պաշարների մեջ ներառվում են նաև ստորերկրյա ջրերը, լճերը, հողի խոնավությունը, ձյունն ու սառույցը։ Ցամաքում կուտակված ջրի այս պաշարները նվազման միտում ունեն 2010-ականների կեսերից։

Ավանդաբար այդ պաշարները համարվել են մոլորակի «խնայողական հաշիվը»՝ պահուստ, որն օգնում է հաղթահարել անբարենպաստ տարիները, որպեսզի մեկ երաշտը կամ չոր սեզոնը անմիջապես չհանգեցնի ջրային ճգնաժամի։ Զեկույցի հիմնական մտքերից մեկն այն է, թե ինչ է տեղի ունենում այդ «խնայողական հաշվի» հետ։ Պարզ պատասխանն այն է, որ մենք սպառում ենք մեր պաշարները։

 

Առանձին ՀՕԿ-ն անդրադառնում է նաև սառցադաշտերի վիճակին։ 2025 թվականին աշխարհի բոլոր 19 հիմնական սառցադաշտային տարածաշրջաններում զանգվածի կորուստ է գրանցվել։ Սա արդեն 4-րդ տարին անընդմեջ է։ 2025 թվականի հիդրոլոգիական տարում սառցադաշտերը կորցրել են մոտ 408 գիգատոննա սառույց, ինչը հանգեցրել է համաշխարհային ծովի մակարդակի մոտ 1,1 միլիմետրով բարձրացման։

 

Կենտրոնական Ասիայում, Իսլանդիայում, Ռուսաստանի Արկտիկայում, Արևմտյան Կանադայում և ԱՄՆ-ում 2025 թվականը սառցադաշտերի զանգվածի կորստի առումով եղել է դիտարկումների պատմության 3 վատագույն տարիներից մեկը։ Միաժամանակ խնդիրը միայն ջրի պակասը չէ։ ՀՕԿ-ը նշում է ջրային շրջապտույտի ավելի կտրուկ տատանումները․ որոշ տարածաշրջաններ բախվում են երկարատև երաշտների, մյուսները՝ ավերիչ ջրհեղեղների։

facebook sharing button facebook