
Օհայոյի հյուսիս-արևմուտքում գտնվող 17,000 բնակիչ ունեցող Դեֆայանս քաղաքում դեռևս ոչ մի ընկերություն տվյալների կենտրոն կառուցելու պաշտոնական հայտ չի ներկայացրել: Սակայն տեղի բնակիչները որոշել են կանխարգելիչ քայլեր ձեռնարկել:
Իմանալով, որ շրջանային տնտեսական զարգացման կենտրոնը հարցումներ է ստացել տեխնոլոգիական ընկերություններից, բնակիչներն ամիսներ շարունակ ստորագրություններ են հավաքել՝ նոյեմբերի 3-ի քվեարկությամբ խոշոր տվյալների կենտրոնների շինարարությունն արգելելու համար: Քաղաքային իշխանություններն արդեն վեցամսյա մորատորիում են սահմանել նման նախագծերի հաստատման վրա:
Դեֆայանսում ընթացող պայքարը Օհայոյում և ամբողջ երկրում ծավալվող ավելի լայն քաղաքական դժգոհության մի մասն է։ Արհեստական բանականության (ԱԲ) և ամպային ենթակառուցվածքների ընդլայնման վերաբերյալ հանրային անհանգստությունը տվյալների կենտրոնների շինարարությունը տնտեսական հաջողության ցուցանիշից վերածել է առաջիկա միջանկյալ ընտրությունների վիճահարույց թեմայի:
Դեֆայանսում շատերն արդեն մտահոգված էին գյուղատնտեսական հողերի, էլեկտրաէներգիայի պահանջարկի և ջրի սպառման վրա ԱԲ զարգացման ազդեցությամբ: Նրանց կասկածներն ավելի խորացան այս ամռանը՝ նահանգային հարկային տվյալների հրապարակումից հետո, որոնք ցույց տվեցին, որ Օհայոն 2024 և 2025 թվականներին տվյալների կենտրոնների արտոնությունների միջոցով զրկվել է ավելի քան 2 միլիարդ դոլարի վաճառքի հարկի եկամուտից՝ ի նպաստ Amazon-ի և Meta-ի նման ընկերությունների:
Bowling Green State University-ի oգոստոսի 31-ի հարցման համաձայն՝ օհայոցիների շուրջ 71%-ն այժմ կաջակցեր տվյալների նոր կենտրոնների կառուցման ժամանակավոր արգելքին:
«Մարդկանց մեծ մասն իրեն խաբված է զգում խոշոր բիզնեսի կողմից», - նշում է «Դեֆայանսի պատասխանատու զարգացման քաղաքացիներ» (Citizens for Responsible Development - Defiance) կազմակերպության հիմնադիր Բեքա Ռափը:
Ընտրարշավի ընթացքում տվյալների կենտրոնների դեմ ձևավորվող ալիքը Դեմոկրատական կուսակցության թեկնածուներին նոր հնարավորություն է տվել ԱՄՆ Միջին Արևմուտքի գյուղական շրջաններում, որտեղ նրանք դժվարանում էին մրցակցել Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում: Օհայոն այն սակավաթիվ նահանգներից է, որտեղ սպասվող թեժ մրցապայքարը որոշելու է Կոնգրեսի վերահսկողությունը:
Օհայոյի հանրապետական նահանգապետ Մայք ԴեՈւայնը կասեցրել է տվյալների կենտրոնների հարկային ազատումների նոր հայտերը՝ մինչև օրենսդրական բարեփոխումները, սակայն նահանգային օրենսդիրները որևէ քայլ չձեռնարկեցին մինչև ամառային արձակուրդը՝ Օհայոյում ԱԲ զարգացման ապագան թողնելով անորոշ և քաղաքական հարձակումների համար խոցելի:
Բախում հարկային արտոնությունների շուրջ
Դեմոկրատ կոնգրեսական Մարսի Կապտուրը կանգնած է իր քառասնամյա քաղաքական կարիերայի ամենաբարդ վերընտրվելու մրցապայքարի առջև՝ նոր ձևավորված ընտրատարածքում, որն ընդգրկում է Դեֆայանսը և այլ պահպանողական գյուղական շրջաններ:
Նա ակտիվորեն օգտագործում է տվյալների կենտրոնների թեման՝ հեռուստատեսային գովազդներում մեղադրելով իր հանրապետական մրցակից Դերեկ Մերինին անպատեհ հարկային արտոնություններին աջակցելու մեջ:
«Քաղաքական գործիչները թույլ են տալիս այս ընկերություններին իրենց ահռելի էներգետիկ և կոմունալ պահանջների ծախսերը բարդել Օհայոյի սպառողների վրա, իսկ հետո նրանց միլիարդավոր հարկային արտոնություններ են տալիս գործարքը քաղցրացնելու համար», - հայտարարել է Կապտուրը: FirstEnergy կոմունալ ընկերության տվյալներով՝ Դեֆայանսում բնակչության էլեկտրաէներգիայի վարձավճարները հունիսին նախորդ տարվա համեմատ աճել են 10%-ից 15%-ով:
Մերինը չի պատասխանել մեկնաբանության հարցումներին: Անցյալ շաբաթ Facebook-ի իր էջում նա գրել էր, որ Կապտուրն իրեն «մեղադրում է տվյալների կենտրոնների հարկային արտոնության համար, որն ընդունվել է նախքան Օհայոյի օրենսդիր մարմնում իր ընտրվելը»:
Այս հարցը կենտրոնական տեղ է զբաղեցնում նաև նահանգի ԱՄՆ Սենատի ընտրապայքարում, որտեղ մրցում են Հանրապետական կուսակցությունից գործող սենատոր Ջոն Հասթեդը և նախկին դեմոկրատ սենատոր Շերոդ Բրաունը, ով կորցրել էր իր տեղը 2024 թվականին:
Վերջին հարցումները ցույց են տալիս, որ Բրաունն առաջատար է, ուստի հանրապետական խմբերը միայն անցյալ շաբաթ 14 միլիոն դոլար են ծախսել Օհայոյում գովազդի վրա՝ հույս ունենալով բարձրացնել Հասթեդի շանսերը:
Բրաունը բազմիցս քննադատել է իր մրցակցին ԱԲ ենթակառուցվածքների զարգացումը և հարկային արտոնությունները առաջ մղելու համար՝ նրան անվանելով «տվյալների կենտրոնների լավագույն բարեկամ»։
«Օհայոյի բնակիչները, այլ ոչ թե Ջոն Հասթեդն ու նրա միլիարդատեր դաշնակիցները, պետք է որոշեն՝ արդյոք իրենց համայնքում պետք է կառուցվեն տվյալների կենտրոններ», - ասված է Բրաունի նախընտրական շտաբի հայտարարության մեջ:
Հասթեդի շտաբը մերժել է քննադատությունը՝ նշելով, որ նա հեղինակել է օրենսդրական նախագիծ, որը տվյալների կենտրոնների օպերատորներից կպահանջի հոգալ լրացուցիչ էլեկտրաէներգիայի արտադրության և հաղորդման ծախսերը:
«Շերոդ Բրաունը Կոնգրեսում երեք տասնամյակ ուներ այս հարցում առաջնորդություն ստանձնելու համար», - հայտարարության մեջ նշել է նախընտրական շտաբի խոսնակ Էմի Նատոչեն: «Փոխարենը, նա ոչինչ չարեց և հանկարծ ձևացնում է, թե մտահոգված է ընտրությունների մեջտեղում»:
Հարկային սուբսիդիաների բացահայտումը ակտիվացնում է ակտիվիստներին
«Conserve Ohio» տեղական հասարակական կազմակերպության ղեկավար Լին Քոքսն ասել է, որ հարկային սուբսիդիաների չափի մասին տեղեկատվության բացահայտումը տեղական տարածքային վեճերը վերածեց համանահանգային քաղաքական հարցի:
«Կարծում եմ՝ դա բեկումնային պահ էր», - նշում է Քոքսը, ով ապրում է Դեֆայանսից մոտ 40 մղոն (64 կմ) հեռավորության վրա գտնվող Ուոթերվիլ Թաունշիփ գյուղական համայնքում:
Նրա խոսքով՝ երկու կուսակցությունների թեկնածուներն էլ ստիպված են եղել շփվել ակտիվիստների հետ և մշակել պաշտոնական քաղաքականություն տվյալների կենտրոնների զարգացման վերաբերյալ:
Նահանգապետի հանրապետական թեկնածու Վիվեկ Ռամասվամին, ով նախկինում աջակցում էր տեխնոլոգիական ներդրումների ներգրավմանը, հանդես է եկել «Օհայոցիները՝ առաջին հերթին» նախաձեռնությամբ, որը նախատեսում է վերացնել տվյալների կենտրոնների տեղական գույքահարկի արտոնությունները, հասույթն ուղղել տանտերերի զեղչերին և պահանջել, որ նախագծերը ծածկեն բնակչության էլեկտրաէներգիայի հավելյալ ծախսերը:
Նրա մրցակիցը՝ դեմոկրատ Էմի Աքթոնը, առաջարկել է սահմանափակել հարկային արտոնությունները, պահանջել, որ կառուցապատողները վճարեն սեփական էներգետիկ ենթակառուցվածքների համար և սահմանել արհմիութենական աշխատանքային չափանիշներ: Երկու թեկնածուներն էլ կոչ են արել սահմանափակել շինարարությունը բերրի հողատարածքներում:
Քոքսը թերահավատորեն է վերաբերվում երկու կուսակցությունների նախընտրական խոստումներին:
«Դրանք ընդամենը բառեր են», - ասել է նա: «Երկուսն էլ քաղաքականություն են մշակել, որովհետև սկսում են հասկանալ, որ սա թաքնված, բայց վճռորոշ նշանակություն ունեցող հարց է»:
«Conserve Ohio»-ն ձգտում է 2027 թվականին նահանգային սահմանադրական փոփոխության հասնել, որը կարգելի 25 մեգավատտից ավելի էլեկտրաէներգիա սպառող տվյալների կենտրոնների կառուցումը՝ միաժամանակ աջակցելով նմանատիպ տեղական նախաձեռնություններին ամբողջ նահանգում:
Ակտիվիստները պահանջում են նաև ավելի մեծ թափանցիկություն նահանգի պաշտոնյաներից, ովքեր չեն հրապարակել, թե որքան եկամուտ են կորցրել տեղական ինքնակառավարման մարմինները տվյալների կենտրոնների օպերատորների հետ իրենց սեփական հարկային համաձայնագրերի պատճառով:
ԱԲ բումը ֆինանսավորող ընկերությունները պաշտպանում են իրենց դիրքորոշումը: Amazon-ը նշում է, որ 2015 թվականից ի վեր Օհայոյում ներդրել է մոտ 40 միլիարդ դոլար. Meta-ն մատնանշում է 2018 թվականից ի վեր նահանգում ավելի քան 2.3 միլիարդ դոլարի ներդրումները: Երկու ընկերություններն էլ պնդում են, որ իրենց հաստատությունները հարկային եկամուտներ, աշխատատեղեր և այլ տնտեսական օգուտներ են գեներացրել:
Սակայն Ռափի նման բնակիչների համար քննարկումն այժմ դուրս է գալիս տվյալների կենտրոնների շրջանակից. հարցն այն է, թե արդյոք ընտրված պաշտոնյաները պատրաստ են պաշտպանել հանրային շահը ընդդեմ խոշոր տեխնոլոգիական ընկերությունների:
«Սա հստակ խզում է այն ամենի միջև, ինչ կառավարությունը պետք է աներ փոքր Ամերիկայի համար, և այն ամենի, ինչ նա չի կարողացել անել», - եզրափակում է Ռափը:
Աղբյուրը՝ Reuters
