Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
19/9/2026
share

9 տարի անց ՄԻԵԴ-ը արձանագրեց կյանքի իրավունքի խախտում՝ զինծառայողի մահվան գործով

Զինծառայող Ա․ Մ․-ի մահվանից մոտ 9 տարի անց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) արձանագրել է, որ Հայաստանի պետությունը չի ապահովել նրա կյանքի իրավունքի պաշտպանությունն ու դեպքի արդյունավետ քննությունը։ 2026 թ․ սեպտեմբերի 1-ին կայացված «Մարգարյանն ընդդեմ Հայաստանի» վճռով Եվրոպական դատարանը պաշտոնական ինքնասպանության վարկածը համարել է չհիմնավորված, իսկ քննությունը՝ էական թերություններով։ Հայաստանը պարտավորվել է զոհված զինծառայողի հորը վճարել 50,000 եվրո փոխհատուցում։

Հելսինկյան Քաղաքացիկան Անսամբլեայի Վանաձորի գրասենյակից մանրամասնում են՝

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2026 թվականի սեպտեմբերի 1-ին հրապարակել է «Մարգարյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը՝ արձանագրելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 13-րդ (արդյունավետ պաշտպանության միջոցի իրավունք) հոդվածների խախտումներ։ Եվրոպական դատարանը փաստել է, որ պետությունը չի ապահովել զինվորական ծառայության ընթացքում մահացած Ա․ Մ․-ի կյանքի իրավունքի պաշտպանությունը և չի իրականացրել նրա մահվան հանգամանքների պատշաճ քննություն՝ խախտումն արձանագրելով ինչպես նյութաիրավական, այնպես էլ ընթացակարգային առումներով։

Ինքնասպանության կանխակալ վարկածը և փակված քրեական գործը

Դեպքը տեղի է ունեցել 2014 թվականի դեկտեմբերի 4-ին։ Պարտադիր ժամկետային զինծառայող Ա․ Մ․-ի մարմինը հայտնաբերվել էր մարտական դիրքի խրամատում՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքով։ Նույն օրը հարուցված քրեական գործն ավելի քան մեկ տարի անց՝ 2016 թվականի փետրվարին, նախաքննական մարմինը կարճել էր՝ եզրակացնելով, թե զինծառայողն ինքնասպանություն է գործել, և նրա մահվան մեջ այլ անձանց մեղքը բացակայում է։

Զոհվածի հայրը՝ Պ․ Մ․-ը, սպառելով ներպետական բոլոր ատյանները, 2017 թվականի հուլիսին դիմել էր ՄԻԵԴ՝ պնդելով, որ որդու մահվան հանգամանքները պատշաճ չեն քննվել։ ՄԻԵԴ-ում դիմումատուի շահերը ներկայացրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախկին աշխատակից Արայիկ Զալյանը։

Քննության էական բացթողումները

Ուսումնասիրելով գործի նյութերը՝ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ նախաքննության ընթացքում մի շարք էական հանգամանքներ այդպես էլ չեն պարզաբանվել։ Մասնավորապես, զինծառայողների ցուցմունքներում եղել են էական հակասություններ կրակոցի ձայնը լսելու վերաբերյալ, իսկ դեպքի ճշգրիտ ժամանակագրությունը չի վերականգնվել։ Իրավապահները բավարար բացատրություն չեն տվել զենքի վրա մատնահետքերի բացակայությանը, իսկ ծառայակիցներից մեկի մոտ հայտնաբերված կրակոցի հետքերը պատշաճ հետազոտության չեն ենթարկվել։ Բացի այդ, դատաբալիստիկ փորձաքննությամբ չի պարզվել կրակոցի հեռավորությունը, ինչը առանցքային էր մեկ այլ անձի կողմից կրակելու հնարավորությունը բացառելու համար։

Հոգեբանական «կերպարի» կառուցումն ու անտեսված վտանգները

Եվրոպական դատարանը հատուկ ուշադրություն է դարձրել այն փաստին, որ քննչական մարմինը ինքնասպանության վարկածը մեծապես կառուցել է զինծառայողի ենթադրյալ «հոգեբանական առանձնահատկությունների» վրա։ Մինչդեռ ծառայողական բնութագրերում Ա․ Մ․-ն նկարագրված է եղել որպես հոգեբանորեն կայուն և ծառայությանը լիարժեք հարմարված անձ։

Իշխանությունները պատշաճ ջանասիրությամբ չեն քննել նաև այլ հնարավոր վարկածներ, այդ թվում՝ այն հանգամանքը, որ Ա․ Մ․-ն մեկ այլ քրեական գործով կարևոր վկա էր, ինչը կարող էր նրա համար վտանգ պարունակել։ Արդյունքում, ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ թույլ տրված լուրջ թերությունների պատճառով պետությունը չի կարողացել ներկայացնել զինծառայողի մահվան պատճառների վերաբերյալ ողջամիտ և համոզիչ բացատրություն։

50,000 եվրո՝ ոչ նյութական վնասի համար

Դատարանը արձանագրել է նաև, որ զոհվածի հայրը չի ունեցել որդու կյանքի իրավունքի խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում պահանջելու արդյունավետ իրավական միջոց՝ անկախ քրեական վարույթի ելքից։

ՄԻԵԴ վճռով Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է Պ․ Մ․-ին վճարել 50,000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։

facebook sharing button facebook