Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
19/9/2026
share

Երաշտը վերածվում է համատարած, տնտեսությունն ընդգրկող ռիսկի․ կառավարությունները պետք է վերանայեն «ճգնաժամային արձագանքման» մոտեցումը

Երկրները հիմնականում համամիտ են «երաշտակայունության» հայեցակարգի անհրաժեշտության հարցում, սակայն չեն կարողանում համաձայնության գալ միջազգային այն կառուցակարգերի շուրջ, որոնք պետք է ապահովեն այդ անցումը։

UNCCD COP17-ն ավարտվեց առանց երաշտի վերաբերյալ գլոբալ համաշխարհային շրջանակային համաձայնագրի, ինչը շարունակում է վեճն այն մասին, թե արդյոք միջազգային համագործակցությունը պետք է ունենա շրջանակի, արձանագրության, թե մեկ այլ միջազգային գործիքի ձև։

Քանի որ հզորացող Էլ Նինյոն սպառնում է աշխարհի տարբեր հատվածներում ծայրահեղ եղանակային պայմաններ բերել ընդհուպ մինչև 2027 թվականը, ամբողջ աշխարհի կառավարությունները բախվում են երաշտի ռիսկին, որն արդեն դուրս է եկել ավանդական կառավարման սահմաններից։

ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի (UNCCD) բարձրաստիճան պաշտոնյաների փոխանցմամբ՝ երաշտը չի կարող այլևս դիտարկվել որպես պարբերական գյուղատնտեսական կամ բնապահպանական ճգնաժամ, որին պետք է արձագանքել միայն վրա հասնելուց հետո։ Այն պետք է կառավարվի որպես մշտական ռիսկ ամբողջ տնտեսության համար, որը կարող է ազդել պարենային և ջրային անվտանգության, էներգետիկայի, առողջապահության, տրանսպորտի, զբոսաշրջության և առևտրի վրա։

Այս ռիսկը չի սահմանափակվում նաև պետական սահմաններով։ Փոխկապակցված աշխարհում Պանամայի ջրանցքի վրա ազդող երաշտը կարող է հետևանքներ ունենալ անգամ Ասիայի առևտրի համար, իսկ Նեղոսի ավազանի երաշտը՝ խաթարել հացահատիկի մատակարարումը Աֆրիկայի այլ երկրներ։

Այնուամենայնիվ, երկրները դեռևս համաձայնության չեն եկել, թե ինչպես պետք է հավաքականորեն կառավարել այդ ռիսկը։ 2026 թվականի օգոստոսին Մոնղոլիայում կայացած UNCCD COP17 գագաթնաժողովում կառավարությունները դարձյալ չկարողացան համաձայնության գալ երաշտի համաշխարհային շրջանակային համաձայնագրի շուրջ՝ անորոշ թողնելով միջազգային համագործակցության ապագա ձևաչափը։

Տասնամյակներ շարունակ երաշտի կառավարումը մեծապես եղել է իրավիճակային ռեակտիվ։ Երկրները ծրագրեր են կազմում, թե ինչ անեն երաշտի սկսվելուց հետո, փոխանակ նախապես համակարգված գնահատեն, թե ով և ինչն է ռիսկի տակ, և նվազեցնեն խոցելիությունը, նշել է UNCCD Երաշտակայունության ծրագրի պատասխանատու Դանիել Ցեգայը։

Սպառնացող վտանգի մասշտաբները

UNCCD-ի «Երաշտի համաշխարհային ատլասն» ավելի վաղ կանխատեսել էր, որ մինչև 2050 թվականը աշխարհում մոտավորապես չորս մարդուց երեքը կզգա երաշտի ազդեցությունը՝ ցույց տալով, թե ինչպես է այդ ռիսկը շղթայաբար փոխանցվում էներգետիկայի, առևտրի և գյուղատնտեսության ոլորտներին։

Nature Reviews Earth & Environment ամսագրում 2026 թվականի սկզբին հրապարակված ավելի քան յոթ տասնամյակի կլիմայական տվյալների վերլուծության համաձայն՝ 2025 թվականի վերջի դրությամբ Երկրի համաքաղաքացիական ցամաքային տարածքի մոտ 30 տոկոսը գտնվել է երաշտի մեջ․ սա գրեթե եռակի գերազանցում է 1990-ականներին արձանագրված շուրջ 10 տոկոս ցուցանիշը։

Ոչ մի բնակեցված աշխարհամաս անմասն չի մնացել․ տևական երաշտը խորացրել է պարենային և ջրային անվտանգության խնդիրները Արևմտյան Աֆրիկայի հատվածներում․ Տիբեթի բարձրավանդակում ձյան կուտակման նվազումը սպառնացել է Ասիայի ստորին հոսանքներում ապրող միլիարդավոր մարդկանց ջրամատակարարմանը․ Արևմտյան Եվրոպայում գրանցվել է վերջին ավելի քան մեկ դարի ամենաինտենսիվ համակցված շոգ-երաշտային շրջաններից մեկը․ Հարավային Ամերիկայի Ամազոնի ավազանում և Պանտանալի ճահճուտներում գետերի մակարդակը իջել է վերջին տասնամյակների նվազագույն ցուցանիշներին, իսկ ձյան ծածկույթի նվազումը լայնածավալ անտառային հրդեհների պատճառ է դարձել Հյուսիսային Ամերիկայի արևմուտքում։

Էլ Նինյոն սպառնում է ավելի խորացնել այս իրավիճակը։ Այն արդեն ուժեղանում էր UNCCD COP17-ի մեկնարկի ժամանակ և շարունակել է ինտենսիվանալ։ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը սեպտեմբերի 3-ին հայտարարեց, որ այժմ գրեթե հաստատատված է դրա պահպանումը մինչև 2027 թվականի փետրվար, իսկ տարեվերջին գագաթնակետին հասնելուց առաջ կանխատեսվում է «շատ ուժեղ» ինտենսիվություն։

Սակայն երաշտի ազգային ծրագիր ունենալը դեռ չի նշանակում, որ երկիրը պատրաստված է։ UNCCD-ի՝ երկրների հետ աշխատանքի ընթացքում պաշտոնյաները հաճախ մատնանշում են գոյություն ունեցող ազգային ծրագրերը, որոնք հիմնականում սահմանում են, թե ինչ պետք է անել երաշտի վրա հասնելուց հետո։ Բացակայում է պլանավորումը երաշտի ամբողջ փուլի ընթացքում՝ իրադարձությունից առաջ, ընթացքում և հետո։

«Նրանք երաշտին վերաբերվում էին որպես ճգնաժամի։ Ճգնաժամին չեն նախապատրաստվում, ուղղակի սպասում են, մինչև այն ուժգին հարվածի, ապա նոր քայլեր ձեռնարկում», — նշել է  Ցեգայը։ «Բայց երաշտն այժմ մշտական ռիսկ է»։

Ցեգայը և UNCCD գործադիր քարտուղարի տեղակալ Անդրեա Մեսա Մուրիլյոն լրագրողների հետ զրուցել են օգոստոսի 17-28-ը Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում կայացած COP17-ի շրջանակում։

Մեսան այդ իրավիճակային արձագանքման սովորույթը կապել է  ավելի խորքային, կառուցվածքային խնդրի հետ․ կառավարությունները շարունակում են գործել մեկուսացված գերատեսչական «սիլոսներով», նույնիսկ այն դեպքում, երբ երաշտը գնալով ավելի է ընդգրկում տարբեր ոլորտներ ու տնտեսություններ։

«Մենք շատ ապակենտրոնացված ու ֆրագմենտացված ենք մեր խնդիրները վերլուծելիս», - ասել է նա՝ հավելելով, որ այդ ֆրագմենտացիան ձևավորել է նաև դրանց արձագանքող ինստիտուտները։

«Մենք մշակել ենք այս բոլոր ինստիտուցիոնալ մեխանիզմները, որոնք մեկուսացված համակարգեր են», - նշել է նա՝ ընդգծելով, որ փորձագետները չեն տեսնում հողերի վատթարացման միտման նվազում, եթե այս մոտեցումը շարունակվի։

Ավելի մեծ համակարգվածությունը կնշանակեր նաև ընդլայնել երաշտի համար պատասխանատու ինստիտուտների շրջանակը։ Գյուղատնտեսության, օդերևութաբանության և բնապահպանության նախարարություններն ավանդաբար եղել են «հիմնական պատասխանատուները», ասել է Ցեգայը, սակայն երաշտը չի կարող կառավարվել միայն այս ոլորտների կողմից։

Նա ընդգծել է, որ եթե երկրները խոսում են երաշտի մասին և չեն ներգրավում ֆինանսների ու առողջապահության նախարարություններին, ապա ինչ-որ կարևոր բան բաց են թողնում․ «Մեզ անհրաժեշտ է համապարփակ՝ ամբողջ կառավարության և ամբողջ հասարակության ներգրավմամբ մոտեցում երաշտին»։

Ինչպիսին է երաշտի կանխարգելիչ` պրոակտիվ կառավարումը

Nature Reviews Earth & Environment վերլուծության ուշագրավ բացահայտումներից մեկն այն էր, որ երաշտներն այլևս պայմանավորված չեն առաջնահերթորեն տեղումների պակասով։ Ցամաքի ջերմաստիճանի բարձրացումը ավելացնում է գոլորշիացման պահանջարկը՝ որքան խոնավություն է մթնոլորտը քաշում հողից և բուսականությունից, ինչը նշանակում է, որ տարածաշրջանները կարող են հայտնվել երաշտի մեջ անգամ առանց տեղումների անսովոր դեֆիցիտի։

Ռիսկի այս փոփոխությունը բացահայտում է նաև վաղ ազդարարման համակարգերի սահմանափակումները, որոնք հիմնականում կառուցված են այն հարցի շուրջ, թե երբ և որտեղ տեղումներ չեն լինի։ Իրավիճակային մոտեցման մեծ մասը, ըստ Ցեգայի, սկսվում է այն ենթադրությունից, որ վաղ ազդարարումը պարզապես տեղումների կանխատեսումն է կամ հաջորդ չորային շրջանի կանխատեսումը։

Կարևորը, նրա խոսքով, նրանում չէ, թե որքան անձրև է գալիս, այլ նրանում, թե որքան խոնավություն կարող է հողը պահպանել և որքան ժամանակ։ Հողի առողջացումը, վերականգնումը և լանդշաֆտում ավելի շատ ջրի պահպանումը կարող են օգնել որոշել, թե որքան կայուն է տարածքը չորային պայմանների դեպքում։

Միայն այն բանից հետո, երբ երկիրը քարտեզագրում է դա, կարող է ընտրել իր պայմաններին համապատասխան մեղմացման միջոցառումներ։

«Երբ խոսում ենք երաշտի մասին, եկեք չնայենք երկնքին՝ արդյոք անձրև կգա։ Եկեք նայենք ներքև՝ հողին», -ասել է նա։

Ներքև նայելը, սակայն, պատրաստվածության միայն մեկ մասն է։ Ցեգայն ասել է, որ վաղ ազդարարումն ինքնին պետք է դուրս գա երաշտի առաջացման ժամկետի կանխատեսումից։

«Սա ավելին է, դա ռիսկի վերլուծությունն է դա խոցելիության վերլուծությունն է՝ ով է ազդեցության ենթարկվելու և ինչը», — նշել է նա։

Այդ գնահատումը պետք է ձևավորի երկրների գործողությունները նախքան երաշտի վրա հասնելը։ Անհրաժեշտ միջոցները կախված են տվյալ վայրի կոնկրետ ռիսկերից և խոցելիությունից։ Ահա թե ինչու է կարևոր երաշտների միջև ընկած ժամանակահատվածը։ Ազգային ծրագրերը պետք է ընդգրկեն ամբողջ ցիկլը՝ ինչ են անում երկրները երաշտից առաջ, ընթացքում և հետո, այլ ոչ թե գործի անցնեն միայն արտակարգ իրավիճակ հայտարարելուց հետո։

 

«Մենք չպետք է սպասենք մինչև երաշտի հարվածելը, որպեսզի հասկանանք՝ կայուն էինք, թե ոչ», -  ասել է նա։ «Դա արդեն շատ ուշ է»։

Համաշխարհային մարտահրավեր, տարանջատված արձագանք

Ազգային պատրաստվածությունը, սակայն, սահմանափակ հնարավորություններ ունի մի ռիսկի դեպքում, որի հետևանքները չեն մնում ազգային սահմաններում։

Երկրները հիմնականում համամիտ են ճգնաժամային արձագանքումից դեպի երաշտակայունություն անցնելու անհրաժեշտության հարցում, նշել են պաշտոնյաները։

Սակայն այն, ինչի շուրջ չեն կարողանում համաձայնության գալ, միջազգային կառուցակարգերն են, որոնք անհրաժեշտ են այդ անցումը աջակցելու համար։ COP17-ն ավարտվեց առանց երաշտի համաշխարհային շրջանակային համաձայնագրի շուրջ համաձայնության՝ շարունակելով վեճն այն մասին, թե արդյոք համագործակցությունը պետք է ի վերջո ընդունի շրջանակային համաձայնագրի, արձանագրության, թե մեկ այլ միջազգային գործիքի ձև։

Մեսան ազնվորեն ընդունել է, որ արդյունքն արտացոլում է ավելի բարդ աշխարհաքաղաքական պահ։ «Բազմակողմանիության մեջ ոչինչ չի լինի կատարյալ համաձայնություն», - ասել է նա՝ հավելելով, որ ներկայիս միջավայրը գնալով ավելի է բարդացնում հավակնոտ բանակցված արդյունքների հասնելը։

Ցեգայի և Մեսայի համար երաշտի աճող մասշտաբները ոչ մի երկրի թույլ չեն տալիս պնդել, որ ինքն անհաղորդ է, իսկ վերջնական արձագանքի կոնկրետ ձևը ի վերջո կառավարությունների որոշելիքն է։ «Սա համաշխարհային մարտահրավեր է, և դրան անհրաժեշտ է համաշխարհային լուծում», - ասել է նա։

Երկու պաշտոնյաներն էլ մատնանշեցին ՄԱԿ-ի հաջորդ երկու գագաթնաժողովները՝ Թուրքիայում կայանալիք Կլիմայի COP31-ը և Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության COP17-ը։ Հողը, ջուրը, կլիման և կենսաբազմազանությունը կառավարվում են երեք առանձին կոնվենցիաներով, որոնք, Մեսայի խոսքով, «համադրված չեն» միմյանց հետ։

Առայժմ երաշտը որպես համաշխարհային արտակարգ իրավիճակ ճանաչելու և դրան համաշխարհային արձագանք տալու շուրջ համաձայնելու միջև խզումը պահպանվում է և կփոխանցվի բանակցությունների հաջորդ փուլ։

 

Նյութի աղբյուրը ՝ Down to Earth

facebook sharing button facebook