Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
18/9/2026
share

Հրազդանի ոստիկանների կողմից քաղաքացուն ենթադրյալ խոշտանգելու դեպքով վարույթ է նախաձեռնվել

Հրազդանի ոստիկանների կողմից քաղաքացուն ենթադրյալ խոշտանգման ենթարկելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Վարույթն սկզբում նախաձեռնվել է Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում, ապա փոխանցվել Երևան՝ ՔԿ Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն:

Դեպքին արձագանքել է նաև Ներքին գործերի նախարարությունը՝ տարածելով պաշտոնական հայտարարություն․

«Օրերս լրատվական կայքերից մեկն անդրադարձել էր Հրազդանում ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացու նկատմամբ առերևույթ խոշտանգման դեպքին։ Հրապարակումից անմիջապես հետո ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն, ինչի մասին հանրությանը տեղեկացրել ենք։ Այնուհետև Քննչական կոմիտեում նախաձեռնվել է նաև քրեական վարույթ։

Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է, և հարցը հանգուցալուծվում է բացառապես իրավական ընթացակարգերով։ Ոստիկանության համակարգում առերևույթ նման դրվագները բացառիկ են և յուրաքանչյուր ահազանգ ստանում է պատշաճ իրավական գնահատական և ընթացք։ Նման դեպքերում որևէ դրսևորում չի կարող անտեսվել կամ մնալ անհետևանք։ Վերջնական գնահատականը կտրվի իրականացվող քննությունների արդյունքներով»։

Խոսքը քաղաքացի Խաժակ Թովմասյանի դեպքի մասին է: Նա ներկայացրել էր նաև տեսանյութեր, որոնք ֆիքսում են իր մարմնական վնասվածքները։ Թովմասյանի պնդմամբ՝ դրանք իրեն պատճառել են Հրազդանի ոստիկանության ծառայողները:

Քրեական վարույթ նախաձեռնելուց հետո նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն․ Թովմասյանն արդեն հրավիրվել է համապատասխան մարմին՝ փորձաքննություն անցնելու նպատակով:

facebook sharing button facebook