Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
18/9/2026
share

ՍԱՏՄ-ի կողմից մեղրի մոնիթորինգի արդյունքների և ընթացակարգային լուրջ խախտումների վերաբերյալ․ հայտարարություն

Beekeeping Development and Training Center ՀԿ-ն իր հայտարարությամբ վիճարկել է ՍԱՏՄ-ի կողմից մեղրի մոնիթորինգի արդյունքները։

Հայտարարության մեջ ասված է․ «Օրերս մամուլում և պաշտոնական հարթակներում տարածվեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) հաշվետվությունը, որտեղ Հայաստանի մի շարք մարզեր (մասնավորապես՝ Լոռին, Վայոց Ձորը և Գեղարքունիքը) որակվել են որպես մեղրի հակաբիոտիկային աղտոտվածության «բարձր ռիսկային» գոտիներ:

Որպես մեղվաբուծության ոլորտի զարգացմամբ և շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություն՝ անհրաժեշտ ենք համարում հանրությանը և պատկան մարմիններին ներկայացնել այս գործընթացի իրական պատկերն ու առկա կոպտագույն բացթողումները.

1. Նմուշառման ընթացակարգի բացահայտ խախտումներ

Տեղերում իրականացված նմուշառումները մեծամասամբ կատարվել են միջազգային և ներպետական չափորոշիչների (ISO 17025) կոպիտ ոտնահարմամբ: Տեսուչները տնտեսվարողներից պարզապես վերցրել են բաց տարաներով մեղր՝

Առանց տարաները կապարակնքելու,

Առանց մեղվաբույծին արբիտրաժային (հսկիչ) կնքված նմուշ թողնելու, ինչը տնտեսվարողին զրկել է փորձաքննության արդյունքները վիճարկելու օրինական իրավունքից:

Իրավական և մեթոդաբանական առումով՝ չկապարակնքված տարայով վերցված որևէ նմուշ չի կարող ունենալ իրավական ուժ և ներկայացվել որպես պաշտոնական ապացույց:

2. Ժամկետների և պահպանման պայմանների անհամապատասխանություն

Առկա են փաստեր, երբ նմուշառումն իրականացվել է սեպտեմբերին, իսկ բուն հետազոտությունը կատարվել է ամիսներ անց (դեկտեմբերին): Չկապարակնքված նմուշների՝ ավելի քան 90 օր անհայտ պայմաններում գտնվելը բացառում է հետազոտության օբյեկտիվությունն ու նույնականացումը:

3. Սահմանային վերահսկողության ձախողումը և պատճառահետևանքային կապը

Մինչ ՍԱՏՄ-ն հայկական մեղրը որակում է «բարձր ռիսկային», տեսչությունը լռում է իր իսկ թույլտվությամբ և բացթողումով Հայաստան ներմուծված՝ ակնհայտ հիվանդ (նոզեմատոզով վարակված) ուզբեկական մեղվափաթեթների խնդրի մասին: Սահմանին իրական անասնահամաճարակային պատնեշ չապահովելու և վարակները երկիր թողնելու հետևանքները չի կարելի բարդել տեղական բարեխիղճ արտադրողի վրա:

4. Հարված հայկական մեղրի հեղինակությանը

Առանց խորքային մասնագիտական վերլուծության, թերի ընտրանքով և ընթացակարգային խախտումներով ստացված տվյալները միջազգային ատյաններին հապճեպ փոխանցելը հերթական «արջի ծառայությունն» է հայկական գյուղատնտեսությանը, ինչը լրջագույն վնաս է հասցնում հայկական մեղրի արտահանման հեռանկարներին:

Մեր պահանջը.

Կոչ ենք անում ՍԱՏՄ-ին՝ հրապարակել մեղրի մոնիթորինգի ամբողջական մեթոդաբանությունը, յուրաքանչյուր մարզում վերցված նմուշների իրական քանակը, նմուշառման արձանագրությունների համապատասխանությունը օրենքին և վերանայել չհիմնավորված ընթացակարգերով ձևավորված եզրակացությունները:

Տեղական մեղվաբուծությունը կարիք ունի պետական իրական աջակցության, սահմանային խիստ հսկողության և թափանցիկ գործընկերության, այլ ոչ թե ոչ լեգիտիմ հետազոտություններով սեփական արտադրանքը հեղինակազրկելու քաղաքականության»,- ասված է հայտարարության մեջ:

facebook sharing button facebook