Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
18/9/2026
share

«Հետևեք ձեր իսկ օրենքներին»․ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Ադրբեջանի ՄԻՊ-ին

«Կարևոր չէ, թե դեռ որքան ժամանակ կանցկացնենք Ումբակիում։ Խնդրում եմ՝ հետևեք ձեր իսկ օրենքներին»․ սեպտեմբերի 16-ին Բաքվի բանտից Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային այս խոսքերով է դիմել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Ավելի վաղ Ադրբեջանի ՄԻՊ-ը պատրաստակամություն էր հայտնել աջակցելու հայ դատապարտյալների իրավունքների պաշտպանության հարցում։ Այս մասին տեղեկանում ենք «Ռուբեն Վարդանյան» ֆեյսբուքյան էջից։

Հայաստանի ևս տասնութ քաղաքացիների հետ Ումբակիի քրեակատարողական համալիրում պահվող Վարդանյանն իր ուղերձում թվարկում է մի շարք խախտումներ, որոնք հակասում են առաջին հերթին հենց Ադրբեջանի օրենսդրությանը։

Ադրբեջանական օրենքներն ու իրականությունը․ ինչ խախտումների մասին է ահազանգում Վարդանյանը

Ռուբեն Վարդանյանը հղում է կատարում Պատիժների կատարման օրենսգրքին և դատապարտյալների իրավունքների մասին գրքույկին, որն այս տարվա ապրիլին Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տրամադրել է բանտարկյալներին։ Նա ընդգծում է, որ այդ իրավունքները պետք է պահպանվեն՝ անկախ մեղադրանքի հոդվածից, ազգությունից, կրոնական պատկանելությունից և քաղաքացիությունից։

Նրա բարձրացրած խնդիրների թվում են՝ բանտարկյալների մի մասի համար ամենշաբաթյա հեռախոսազանգերի բացակայությունը և տեսազանգերի անհասանելիությունը, ինչի պատճառով նրանցից ոմանք գրեթե երեք տարի չեն տեսել իրենց երեխաներին։ Նա նաև մատնանշում է նույնիսկ սեփական միջոցներով բժշկական հետազոտություններ հանձնելու անհնարինությունը և նոտարական ծառայությունների մերժման պատճառով հարազատների անունով լիազորագիր ձևակերպելու անհնարինությունը։

Բացի այդ, սահմանափակված է ֆիզիկական վարժությունների ժամանակը՝ շաբաթական մեկ անգամ՝ 20-40 րոպեով՝ օրական սահմանված մեկ ժամի փոխարեն, իսկ դիմումներին և բողոքներին գրավոր պատասխաններ չեն տրվում։

Կարմիր խաչի բացակայությունն ու սոցիալական խնդիրները

Ռուբեն Վարդանյանն անդրադառնում է այն հանգամանքին, որ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության դադարեցումից հետո բանտարկյալները զրկվել են ընտանիքների հետ կապի կարևոր ուղուց․ նրանց մեծ մասը ծանրոցներ չի ստանում։

Նա նաև նշում է, որ շատերը հնարավորություն չունեն բանտային խանութից սննդամթերք գնելու և հեռախոսազանգեր կատարելու, քանի որ միջոցներ չունեն։

Վերոնիկա Զոնաբենդի անպատասխան դիմումները

Նա հիշեցնում է նաև իր կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնության մասին, որը պատրաստ է մեկնել Բաքու, հանդիպել Մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանի դատապարտված քաղաքացիների հետ, նրանց փոխանցել մոտ հազար նամակ, ծանրոցներ և անհրաժեշտ իրեր։ Նրա դիմումները մնացել են անպատասխան, իսկ այլընտրանքային լուծում չի առաջարկվել։

Ռուբեն Վարդանյանն առաջարկել է Մարդու իրավունքների պաշտպանին հանդիպել բանտարկյալների հետ և հետևել իրենց իսկ օրենքներին:

Ամփոփելով ուղերձը՝ Ռուբեն Վարդանյանն առաջարկել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին այցելել բանտարկյալներին և վերջապես գործել սեփական օրենքների շրջանակում․

«Կարևոր չէ, թե դեռ որքան ժամանակ կանցկացնենք Ումբակիում։ Խնդրում եմ՝ հետևեք ձեր իսկ օրենքներին»։

facebook sharing button facebook