
Ռուսաստանում պաշտոնական մեկնարկ են տվել Պետդումայի եռօրյա ընտրություններին, քվեարկությունը կտևի մինչև սեպտեմբերի 20-ը:
Ենթադրվում է, որ ՌԴ Պետդումայի նոր գումարման 450 պատգամավորների կեսը կընտրվի միամանդատ ընտրատարածքներով, որոնք պետք է թույլ տան մարդկանց քվեարկել կոնկրետ թեկնածուի օգտին։ Մնացած 225 մանդատները կբաշխվեն կուսակցական ցուցակներով։ Գրում է DW-ն։
2026 թվականին Ռուսաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցող 10 կուսակցություններից ոչ մեկը հանդես չի եկել Ուկրաինայում պատերազմի դատապարտմամբ։ Սկզբում ընտրություններին մասնակցելու իրավունք էր ստացել պատերազմը հետևողականորեն քննադատող «Յաբլոկո» կուսակցությունը, սակայն շատ չանցած այն հեռացվեց ձևական պատճառներով։ Ընդ որում, «Յաբլոկոյի» թեկնածուները դեռևս մասնակցում են ընտրություններին որպես միամանդատներ ՌԴ մի շարք մարզերում։
Այս տարի քվեարկությունը տարածվել է Ուկրաինայի գրավյալ տարածքների վրա։ Ուկրաինայի դեմ պատերազմի մասնակիցները և ՌԴ-ի կողմից օկուպացված շրջանների բնակիչները քվեարկել են վաղաժամկետ՝ օգոստոսի վերջից մինչև սեպտեմբերի 17-ը։
Դիտորդները նշում են, որ նույնիսկ եթե մի կողմ դրվի այդ տարածքներում նման գործընթացի լեգիտիմության հարցը, ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այնտեղ այնպես է կազմակերպել քվեարկությունը, որ դրա արդյունքները գործնականում անհնար է ստուգել. իշխանությունները չեն հրապարակել տարածքային ընտրական հանձնաժողովների անդամների տվյալները և տեղամասերի հասցեները, դրանցում բաց տեսահսկում չի կազմակերպվել, բացի այդ, թույլատրվել է քվեարկության շրջիկ արկղերի օգտագործումը։
Ընտրությունների մեկնարկից առաջ ՌԴ իշխանամետ ռեսուրսները սկսել են տարածել տեսանյութեր, որոնց էությունը հանգում է նրան, որ ընտրատարածքներից կեղծարարությունների և լցոնումների մասին տեսանյութերը կարող են գեներացված լինել արհեստական բանականության միջոցով:
