Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
17/9/2026
share

Եկամտային հարկը՝ ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին․ Կառավարությունը նոր նախագիծ է հաստատել

Սեպտեմբերի 17-ին Կառավարությունը հաստատեց օրենսդրական մի նախագիծ, որով քաղաքացիներին հնարավորություն է տրվում իրենց վճարած եկամտային հարկի հաշվին ֆինանսապես աջակցել հասարակական կազմակերպություններին, լրատվամիջոցներին և կուսակցություններին։ Այս հատկացումները դիտարկվելու են որպես «սոցիալական ծախս»։

Գործադիրի անդամները պնդում են, թե այս փոփոխությամբ «ազատագրում են» նշված կառույցներին, սակայն նախագծի շուրջ արդեն իսկ հարցեր են առաջանում՝ կապված դրա իրական նպատակների և կիրառման մեխանիզմների հետ։

Սոցիալական կրեդիտների շրջանակն ընդլայնվում է

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ներկայացնելով նախագիծը, հիշեցրեց, որ Հայաստանում գործող եկամուտների հայտարարագրման համակարգով քաղաքացիներն արդեն իսկ հնարավորություն ունեն սոցիալական կրեդիտների միջոցով հետ ստանալ առողջապահության և կրթության վրա կատարված ծախսերի մի մասը։

«Կառավարությունն իր ծրագրում ամրագրել է սոցիալական կրեդիտների շրջանակի ընդլայնման նպատակը, և այս փոփոխությամբ առաջարկվում է ընդլայնել սոցիալական կրեդիտների կիրառման շրջանակը՝ դրանում ներառելով նաև հասարակական կազմակերպություններին, լրատվական գործունեություն իրականացնող սուբյեկտներին և կուսակցություններին։ Այսինքն՝ ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի հաշվին վերջիններս կարող են հատկացումներ կատարել հասարակական կազմակերպություններին, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերին և կուսակցություններին»,- պարզաբանեց նախարարը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի համոզմամբ՝ նոր մեխանիզմը թույլ կտա կառույցներին դառնալ առավել ինքնուրույն և հանրությանն ուղղված։

«Մենք հիմա մեխանիզմ ենք ստեղծում, որ երբ հասարակական կազմակերպությունը, ԶԼՄ-ն կամ կուսակցությունը հանրային բարիք է ստեղծում և տեսանելի է, մարդիկ իրենք են ուզենալու օգնել այդ հանրային բարիքի ստեղծմանը։ Մենք ինքներս էլ կհանրահռչակենք և մեր քաղաքացիներին կոչ կանենք, որպեսզի այդ եղանակով այն խնդիրների լուծմանն ուղղեն իրենց միջոցները, որոնք իրենք համարում են կարևոր»,- նշեց Թորոսյանը։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ֆինանսավորման այս մոդելին հավակնելու համար ՀԿ-ներն ու լրատվամիջոցները պետք է դրսևորեն իրավաչափ ու բարեխիղճ վարքագիծ։ Նա հայտնեց, որ Վարչապետի աշխատակազմում արդեն գտնվում է լրատվամիջոցների ինքնակարգավորման մարմնի ստեղծմանն ուղղված օրենսդրական փաթեթը։

«Եթե ոչ մյուս, առաջիկա կառավարության նիստերի ընթացքում նաև կներկայացնենք այդ նախագիծը՝ սահմանելով բարեխղճության չափման հնարավոր միավորներ։ Կարծում եմ, որ զանգվածային լրատվության միջոցները պետք է ձգտեն այդ պահանջները բավարարել և այդպիսով դառնալ, ըստ էության, մեր քաղաքացիների համար բարեխիղճ համարվող լրատվամիջոց ու հավակնել այս ֆինանսական հատկացումները ստանալուն»,- ընդգծեց Գալյանը։

Սոցիալական կրեդիտների աճող թվերն ու պետական բյուջեի ծանրությունը

Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ համակարգից օգտվողների թիվն ու պետության կողմից վերադարձվող գումարների ծավալն էապես ավելացել են։

Եթե 2024 թվականին 81 000 քաղաքացի էր դիմել և ստացել 6,3 միլիարդ դրամի սոցիալական կրեդիտ,ապա այս տարվա միայն սեպտեմբերի դրությամբ դիմողների թիվն արդեն հասել է 92 000-ի, իսկ վերադարձված գումարը՝ 7,5 միլիարդ դրամի։ ՀԿ-ների, ԶԼՄ-ների և կուսակցությունների ներառումը, ըստ էության, էլ ավելի մեծ ֆինանսական հոսքեր կուղղի դեպի այս սեկտոր՝ հարկատուների հաշվին։

facebook sharing button facebook