
«Որպես փորձարկում» անվանելով՝ այսօր սեպտեմբերի 16-ին կայացած նիստի ժամանակ Վայքի ավագանու 8 անդամներ կողմ քվեարկեցին «ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ» ընկերության նախաձեռնությանը, որով նախատեսվում է համայնքի տարածքում կառուցել թափոնների տեղադրման օբյեկտ։
Նիստի ընթացքում այդպես էլ չքննարկվեց, թե ի վերջո ինչ կարծիք ունեն բնակիչներն այս ծրագրի վերաբերյալ, և արդյոք լսումներին մասնակցած բնակիչների քանակը բավարար էր ավագանուն՝ մի ամբողջ համայնքի համար նման որոշում կայացնելու համար։
«Ժողովրդի ձայնը առաջնային պետք է լսենք, չէ՞»
Բնակչության պասիվ մասնակցության հարցին անդրադարձավ ավագանու անդամներից մեկը․ նա դիմեց համայնքի ղեկավարին՝ խնդրելով հանրային լսումներին ապահովել քաղաքացիների լայն մասնակցություն․ «Խնդրում եմ պարոն Մուրադյանին, որ հանրային լսումներ անցկացնելիս ապահովվի բնակիչների բազմամարդ մասնակցություն, որովհետև մենք առաջին հերթին պետք է լսենք ժողովրդի ձայնը, որպեսզի հասկանանք՝ ճի՞շտ ենք անում, որ համաձայնություն ենք տալիս»,- ասաց նա:
Տնտեսական ակնկալիքներն ու բնապահպանական մտահոգությունները
Քննարկման ժամանակ ավագանու համար առաջնային էր համայնքի տնտեսական զարգացման ուղին, մասնավորապես՝ նոր աշխատատեղերի ստեղծումը։ Բնապահպանական հարցերին ավագանու անդամներից մեկն անդրադարձավ միայն թռուցիկ․ «Որքանով այս ոլորտի վերաբերյալ քննարկումներ են եղել, ես առաջին հերթին, որպես այս տարածքում ապրող մարդ, դիտարկել եմ բոլորիս անվտանգությունը շրջակա միջավայրի տեսանկյունից։ Ես դեմ չեմ, որ այստեղ աշխատատեղեր ստեղծվեն կամ սոցիալական վիճակը բարելավվի, կողմ եմ դրան, բայց միևնույն ժամանակ չեմ կարող անտեսել մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունները և անարձագանք մնալ։ Խոսակցություններ կան ռիսկերի մասին։ Առաջարկում եմ բաց լինել քննարկումներում․ տեսեք, հանրային լսումներում մտահոգություններ են հնչում, արդյոք տարածքը 1 թե 8 հեկտար է լինելու։ Այս ամենն այնքան թափանցիկ պետք է ներկայացվի, որ որևէ թաքուն քննարկման տպավորություն չստեղծվի։ Քննարկումները վարեք ժողովրդի լավագույն շահերից ելնելով․ ինձ համար տնտեսականից զատ կարևոր է շրջակա միջավայրը, չէ՞ որ այստեղ սերունդներ են ապրելու»,-ելույթն ավարտելիս ավագանու անդամը հավելեց, որ կողմ է, որպեսզի ծրագիրը գնա փորձաքննության և առկա լինի մասնագիտական վերջնական կարծիք։
Չնայած հնչած մտահոգություններին՝ Վայքի ավագանին 8 «կողմ» ձայնով տվեց իր համաձայնությունը։
Զառիթափի լսումները․ նախագիծը՝ տարանջատված, թափոնների բաղադրությունը՝ անհայտ
Այս քվեարկությանը նախորդել էր սեպտեմբերի 11-ին Զառիթափում կայացած հանրային լսումը։ «ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ» ընկերությունը ներկայացնում էր թափոնների տեղադրման օբյեկտ կառուցելու նախաձեռնությունը, որն ուղղակիորեն կապված է Զառիթափում ոսկու կորզման գործարան հիմնելու նախագծի հետ։
Ընկերությունը միաժամանակ ցանկանում է երկարաձգել Վայոց ձորի Սոֆի-Բինայի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման ժամկետը։ Հատկանշական է, որ 2026 թվականի ապրիլին Շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն էր տվել ոսկու կորզման գործարանի հայտին՝ նշելով, որ այն չի բխում տարածաշրջանի պլանավորման հայեցակարգից և չափազանց մոտ է բնակելի տներին։ Սակայն ընկերությունը նախագիծը կրկին ներկայացրել է փորձաքննության՝ այս անգամ թափոնների տեղադրման հատվածը ներկայացնելով առանձին գործընթացով։ Ընդ որում, նոր հաշվետվությունից հանվել են պոչամբարի կոորդինատները, ինչի հետևանքով պարզ չէ, թե ցիանային վերամշակումից առաջացող թափոնները կոնկրետ որտեղ են կուտակվելու։
Տեղեկատվության պակաս և իրավական անորոշություն
Սեպտեմբերի 11-ի լսման ընթացքում էկոակտիվիստներն ու տեղի բնակիչները փորձում էին հասկանալ թափոնների բաղադրությունը, կապարի, մկնդեղի և ցիանիդի հնարավոր առկայությունն ու ծավալները։ Ընկերության ներկայացուցիչ Կարո Միքայելյանի խոսքով՝ խոսքը «ավազանման զանգվածի» մասին է, իսկ կոնկրետ բաղադրությունը պարզ կլինի միայն փաստաթղթային փաթեթն ամբողջացնելուց հետո։
Իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը լսումների ժամանակ ընդգծել էր օրենսդրական բացը․ գործող ընթացակարգով բնակիչներից համաձայնություն է ակնկալվում այն փուլում, երբ ամբողջական տվյալները բացակայում են, և ընկերությունը լսումներին մասնակցում է զուտ ձևական համաձայնություն ստանալու համար։
ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ սեպտեմբերի 11-ին ուշադրություն էր հրավիրել փորձաքննական փաթեթի բացակայության վրա՝ նշելով, որ առանց համապատասխան փաստաթղթերի ավագանին որևէ հիմք չունի նախնական համաձայնություն տալու, իսկ դրական որոշման դեպքում այն կբողոքարկվի։
Սակավամարդ լսումներ, ճնշումներ և կանանց բացակայություն
2022 թվականի մարդահամարի տվյալներով՝ Վայք համայնքում ապրում է 10,475 մարդ։ Սեպտեմբերի 11-ին Զառիթափում այս նախագծի վերաբերյալ հանրային լսմանը ներկա էր մոտ 20-ը։ Ընդ որում՝ այդ մոտ 20 մասնակիցներից ոչ բոլորն էին համայնքի բնակիչներ․ նրանց թվում էին այլ համայնքներից ժամանած էկոակտիվիստներ և «ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ»-ի ներկայացուցիչներ։ Իսկ տեղացի կանայք լսումներին ընդհանրապես ներկա չէին։
Այսինքն՝ ավելի քան 10 հազար բնակիչ ունեցող համայնքին վերաբերող և շրջակա միջավայրի ու ջրային ռեսուրսների վրա հնարավոր ազդեցություն ունեցող նախագծի քննարկմանը համայնքի բնակիչների միայն շատ փոքր մասն էր ներկայացված։
Կանաչ խորհուրդների դաշնության անդամ Շավարշ Մարգարյանը վերջին լսման ընթացքում բարձրաձայնել էր նաև հնարավոր ճնշումների խնդիրը՝ նշելով, որ նախագծին դեմ արտահայտվող բնակիչները երբեմն չեն ներկայանում լսումներին կամ իրենց դիրքորոշումը բարձրաձայնելիս հոգեբանական ճնշման են բախվում։
Այս պատկերը ցույց է տալիս, որ հանրային մասնակցությունը որոշման կայացման գործընթացում խիստ սահմանափակ է եղել։ 10,475 բնակիչ ունեցող համայնքում լսմանը ներկա էր մոտ 20 մարդ, նրանց մի մասը համայնքի բնակիչ չէր, իսկ տեղացի կանայք ընդհանրապես ներկայացված չէին։ Այսօր ավագանին, փաստացի, նախագծին համաձայնություն է տվել՝ առանց համայնքի բնակիչների ավելի լայն մասնակցության և նրանց դիրքորոշման ամբողջական պատկերի։
