Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
16/9/2026
share

Այսօր Օզոնային շերտի պահպանության միջազգային օրն է

Ավելի քան 40 տարի առաջ աշխարհը կանգնեց էկոլոգիական լուրջ աղետի առաջ․ Երկիր մոլորակի պաշտպանիչ օզոնային շերտը արագ տեմպերով քայքայվում էր:  փրկության եկավ  բնապահպանական համաձայնագիրը՝ Մոնրեալի արձանագրության ընդունումը, որի շնորհիվ այսօր օզոնային շերտն աստիճանաբար վերականգնվում է:

Սեպտեմբերի 16-ին նշվում է Օզոնային շերտի պահպանության միջազգային օրը: Օզոնային շերտի քայքայման խնդիրը տասնամյակներ շարունակ գիտնականների, բնապահպանների ու կառավարությունների ուշադրության կենտրոնում է, քանի որ դրա հասցրած վնասն անմիջականորեն սպառնում է Երկրի վրա գոյություն ունեցող ողջ կյանքին:

Ի՞նչ է օզոնային շերտն ու ինչու է այն կենսական

Օզոնային շերտը մեր մոլորակի ստրատոսֆերայում՝ Երկրի մակերևույթից մոտ 15-ից 35 կիլոմետր բարձրության վրա գտնվող հատվածն է, որտեղ կենտրոնացված է օզոն գազի բարձր խտությունը: Այն գործում է որպես Երկրագնդի բնական ու անտեսանելի վահան․ կլանում է Արեգակի արձակած վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթների մեծ մասը՝ կանխելով դրանց կործանարար ազդեցությունը։

Արդյունաբերության մեջ, կենցաղում և գյուղատնտեսության մեջ լայնորեն կիրառվող քլոր պարունակող քիմիական նյութերը, հատկապես քլորֆտորածխաջրածինները, մթնոլորտ հասնելով՝ քայքայում էին օզոնի մոլեկուլները: Սա հանգեցրեց ամբողջ աշխարհում օզոնային շերտի բարակմանը և Անտարկտիդայի վերևում հայտնի «օզոնային անցքի» առաջացմանը:

Վնասը մարդու առողջությանն ու էկոհամակարգերին

ՈՒՄ-B ճառագայթների բարձր մակարդակի երկարատև ազդեցությունը մեծացնում է մաշկի քաղցկեղի առաջացման ռիսկը, նպաստում աչքի հիվանդությունների (մասնավորապես՝ կատարակտի) զարգացմանը, ինչպես նաև թուլացնում է իմունային համակարգը:

Բացի մարդու առողջությունից, օզոնային շերտի քայքայումը խաթարում է գյուղատնտեսությունը և սննդի արտադրությունը, վնասում բույսերին, կենդանիներին ու ջրային էկոհամակարգերում գտնվող միկրոօրգանիզմներին: Արդյունքում թուլանում է բնության՝ մաքուր օդ ու ջուր ապահովելու, ինչպես նաև մթնոլորտից ածխաթթու գազը (CO₂) կլանելու բնական կարողությունը:

Մոնրեալի արձանագրության հաղթանակն ու Կիգալիի փոփոխությունը

1987 թվականի սեպտեմբերի 16-ին ստորագրված Մոնրեալի արձանագրության շնորհիվ աշխարհի երկրներին հաջողվեց արտադրությունից և սպառումից դուրս մղել օզոնը քայքայող քիմիական նյութերի ավելի քան 99%-ը: Սա հնարավորություն տվեց, որպեսզի օզոնային շերտն աստիճանաբար սկսի ինքնավերականգնվել:

ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի UNEP տվյալներով՝ այս միջազգային ջանքերի շնորհիվ տարեկան կանխվում է մաշկի քաղցկեղի շուրջ 2 միլիոն դեպք։


CFC-ներին փոխարինելու եկած հիդրոֆտորածխածինները (HFC) թեև չեն քայքայում օզոնը, սակայն հզոր ջերմոցային գազեր են: Կիգալիի փոփոխությամբ նախատեսվում է աստիճանաբար կրճատել նաև HFC-ների կիրառումը, ինչը թույլ կտա դանդաղեցնել մոլորակի գլոբալ տաքացումը և կանխել ջերմաստիճանի աճը մինչև 0.5°C-ով:

Հայաստանի ստանձնած պարտավորություններն ու անհատական քայլերը

Հայաստանն օզոնաքայքայման նյութերի փոխարինման և դրանց շարժի կարգավորման պարտավորություններ է ստանձնել դեռևս 1999 թվականին՝ վավերացնելով Մոնրեալի արձանագրությունն ու դրա բոլոր ուղղումները: 2006 թվականին ընդունված «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» ՀՀ օրենքով կարգավորվում և սահմանափակվում են այդ նյութերի արտադրության, ներմուծման, արտահանման ու տարանցիկ փոխադրման հետ կապված հարաբերությունները:

Բնապահպանները շեշտում են, որ օզոնային շերտի պահպանմանն աջակցել կարող է յուրաքանչյուրը․

  • Նվազեցնել անհատական ավտոմեքենայի կիրառումը՝ նախապատվությունը տալով քայլելուն կամ հանրային տրանսպորտին,

  • Ընտրել էկոլոգիապես անվտանգ ապրանքներ,

  • Ճիշտ սպասարկել սառնարաններն ու օդորակիչները՝ կանխելով վնասակար գազերի արտահոսքը:

facebook sharing button facebook