
Երևանի անշարժ գույքի շուկայում տարիներով գործող «բացահայտ գաղնիքներից» մեկը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է բնակելի շենքեր կառուցող երեք ընկերությունների, որոնք բնակարաններն ու ավտոկայանատեղիները վաճառելիս թաքցրել են ավելի քան 2,4 միլիարդ դրամի իրական շրջանառություն։
Ինչպե՞ս էր գործում սխեման
Մեխանիզմը, որն օգտագործել են կառուցապատողները, պարզ էր, բայց ապօրինի։ Գնորդի հետ պայմանագիր կնքելիս թղթի վրա նշվել է բնակարանի իրական արժեքից ան համեմատ ցածր գին։ Գումարի մնացած՝ հիմնական մասը, ընկերության տնօրենները կամ պատասխանատուները պահանջել ու ստացել են «ձեռքից ձեռք»՝ կանխիկ դոլարով կամ դրամով։
Թղթերով ցածր գին ցույց տալով՝ կառուցապատողները պետությանը ցույց են տվել, թե իբր քիչ եկամուտ են ունեցել, ինչի հետևանքով էլ հարյուր միլիոնավոր դրամների հարկեր չեն վճարել պետական բյուջե։
250 հազար դոլար՝ «սև կանխիկով»․ հսկիչ գնումն ու ձերբակալությունները
Այս ապօրինի գործարքներն ապացուցելու համար ՊԵԿ աշխատակիցները գնորդի ձևով ներկայացել են ընկերություններին։ Հսկիչ գնումներից մեկի ժամանակ պատկերը եղել է հետևյալը․ 187 քառակուսի մետր մակերեսով բնակարանի ու ավտոկայանատեղիի համար կողմերը պայմանավորվել են ընդհանուր 1 միլիոն 172 հազար դոլար գին։
Սակայն պայմանավորվածության համաձայն՝ այդ գումարից 467 հազար դոլարը պետք է վճարվեր կանխիկով։ Երբ ՊԵԿ-ի օպերատիվ աշխատակիցը ընկերության գրասենյակում տնօրենին է փոխանցել կանխիկ գումարի առաջին մասը՝ 250 հազար դոլարը, գործարքն արձանագրվել է, և երեք անձ անմիջապես ձերբակալվել է։
Թղթի վրայի և իրական գների հսկայական տարբերությունը
ՊԵԿ-ի բացահայտած տվյալներով՝ պաշտոնական ու իրական գների միջև խզումը պարզապես աստղաբաշխական է եղել։
Օրինակ, կառուցապատողը պայմանագրում բնակարանի մեկ քառակուսի մետրի գինը նշել է ընդամենը 1,3-ից 2,1 միլիոն դրամ։ Մինչդեռ իրականում գնորդներից պահանջել ու ստացել են 6000-ից 7500 դոլար՝ մեկ քառակուսի մետրի համար։ Նույն շենքում ընդամենը մեկ ավտոկայանատեղիի գնման իրավունքը վաճառվել է 50 հազար դոլարով։
Բացի հարկերը թաքցնելուց, կառուցապատողները կոպտորեն խախտել են նաև «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որով արգելվում է անշարժ գույքի առքուվաճառքի դեպքում 500 հազար դրամից ավելի կանխիկ գումար վերցնելը։
Քրեական գործերն ու բյուջե վերականգնված միլիոնները
Այս սխեմաների հետևանքով թաքցված 2,43 միլիարդ դրամի շրջանառությունից առաջացել է շուրջ 653,5 միլիոն դրամի չվճարված հարկ։
Երկու ընկերությունների մասով նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե, որտեղ հարուցվել են քրեական վարույթներ՝ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով։ Երրորդ ընկերությունը, տեսնելով ՊԵԿ-ի ստուգումները, շտապել է ինքնուրույն ճշգրտել իր հաշվետվությունները և հայտարարագրել թաքցրած հարկերը։
Այս պահի դրությամբ, իրավապահների գործողությունների արդյունքում կառուցապատողներն արդեն իսկ պետական բյուջե են վճարել 439,2 միլիոն դրամ։ ՊԵԿ-ից հասկացնում են, որ կառուցապատման ոլորտում «սև կանխիկով» գործարքներ անողների հետևից շարունակելու են գնալ։
