Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
16/9/2026
share

Եվրախորհրդարանը հավանություն է տվել հայկական ապրանքների մաքսազերծմանը․ ի՞նչ է սա փոխում

Եվրոպական խորհրդարանի 583 պատգամավոր կողմ է քվեարկել Հայաստանի համար Ինքնավար առևտրային միջոցների կիրառմանը։ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության փոխանցմամբ՝ կանոնակարգն այժմ անցնում է վերջնական հաստատման փուլ և ուժի մեջ կմտնի օրենսդրական գործընթացի ավարտից անմիջապես հետո։

Այս որոշման շնորհիվ հայկական ապրանքների ավելի քան 300 խումբ երկու տարի շարունակ ԵՄ շուկա մուտք կգործի առանց մաքսատուրքերի։ Արտոնությունը տարածվում է ինչպես սննդի ու գյուղատնտեսության ոլորտի (պահածոներ, հյութեր, չրեր, ընկուզեղեն, համեմունքներ), այնպես էլ արդյունաբերական ապրանքների՝ տեքստիլից մինչև կոշկեղենի վրա։

Սա ԵՄ աջակցության լայնածավալ փաթեթի հերթական քայլն է, որը ներառում է Հայաստանի տնտեսության կայունացմանն ուղղված անհապաղ ֆինանսավորում, ինչպես նաև խորհրդատվական ու գործնական աջակցություն տեղական ֆերմերներին, արտադրողներին ու արտահանողներին՝ ԵՄ պահանջներին համապատասխանելու և նոր գնորդներ գտնելու հարցում։ Դեռևս հուլիսին Երևան կատարած այցի ընթացքում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել էր, որ Հայաստանը կարող է ապավինել ԵՄ-ին։

Ռուսական ճնշումները չեն դադարում․ 

Եվրոպական շուկայի ազատականացման այս գործընթացն ընթանում է Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների խորացող ճգնաժամի ֆոնին։ Մոսկվան ոչ միայն չի վերացրել հայկական ապրանքների նկատմամբ դեռևս մայիսից սկսված սահմանափակումները, այլև ընդլայնել է դրանց աշխարհագրությունը։

Կաթնամթերքի արգելքին, Վերին Լարսում բեռնատարների պարբերական արգելափակումներին, «Ջերմուկի», ծաղիկների, ալկոհոլի, թարմ մրգի ու բանջարեղենի մատակարարման խոչընդոտներին ավելացել են նաև Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ հայկական ապրանքների տարանցման արգելքները։ Ռուսական կողմը դրանք պաշտոնապես հիմնավորում է «սանիտարական և բուսասանիտարական խախտումներով», սակայն հայկական կողմը վիճարկում է այդ պնդումները։

Չնայած հուլիսին Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը, ինչպես նաև օգոստոսին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ու ՌԴ գյուղատնտեսության նախարար Օկսանա Լուտի քննարկումներին, ռուսական կողմը զիջումների չի գնացել։ Ստեղծված իրավիճակում Հայաստանի կառավարությունն արդեն պաշտոնական բողոք է ներկայացրել ԵԱՏՄ իրավական մեխանիզմներով՝ պնդելով, որ Ռուսաստանի սահմանած բարիերները հակասում են միության հիմնարար սկզբունքներին և ապրանքների ազատ տեղաշարժի համաձայնագրերին։

Արտահանման պատկերը․

Ռուսական սահմանափակումներն արդեն իսկ արտացոլվում են թվերում․ 2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին դեպի Ռուսաստան արտահանումը նվազել է 8%-ով,  երկկողմ առևտրաշրջանառությունը կրճատվել է 20.5%-ով։

Չնայած 2026 թվականի առաջին կիսամյակում դեպի ԵՄ երկրներ արտահանումն աճել է ավելի քան 80%-ով՝ հասնելով շուրջ 516.5 միլիոն դոլարի, այդ տպավորիչ թվերի հետևում հիմնականում շարունակում է մնալ հումքը։ Եվրոպական ուղղությամբ արտահանման ծավալների շուրջ 80%-ը դեռևս ապահովում են պղնձի խտանյութը, ֆերոմոլիբդենն ու ալյումինե փայլաթիթեղը, որոնք հիմնականում գնում են Բուլղարիան, Նիդերլանդները, Գերմանիան և Բելգիան։

Պատրաստի արտադրանքի ցուցանիշները զգալիորեն զուսպ են եղել․ թեթև արդյունաբերության ոլորտում արտահանվել է ավելի քան 40 միլիոն դոլարի տեքստիլ ու հագուստ, խմիչքների արտահանումը կազմել է 5-7 միլիոն դոլար, իսկ վերամշակված սննդի, չրերի ու պահածոների ծավալները չեն գերազանցել 2-3 միլիոն դոլարը։

Ռուսական բլոկադայից ամենաշատը տուժած ոլորտները՝ թարմ միրգ-բանջարեղենն ու ծաղկաբուծությունը, բարձր մաքսատուրքերի պատճառով մինչ օրս կազմում էին դեպի ԵՄ արտահանման ընդամենը 1-2%-ը։ Եվրախորհրդարանի այս որոշումը նպատակ ունի լրացնել հենց այս բացը՝ հայ արտադրողներին հնարավորություն տալով ռուսական շուկայում արգելափակված գյուղմթերքն ու պատրաստի արտադրանքն առանց լրացուցիչ ֆինանսական բեռի ուղղորդել դեպի ԵՄ 450-միլիոնանոց սպառողական շուկա։

facebook sharing button facebook