
100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող «Նաիրիտ 2» ՓԲԸ-ի գույքն իրացվել է գնահատված շուկայական արժեքից շուրջ 60 տոկոսով ցածր գնով։ Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և աճուրդի կարգի խախտման փաստով Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն. նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ ՊՎԾ տարածած հաղորդագրության՝ 2025 թվականին ընկերության մոտ 421 մլն դրամ գնահատված շուկայական արժեքով գույքի իրացման ընթացքում թույլ են տրվել էական իրավախախտումներ․
Սխալ հասցեագրում. Սնանկության հիմքերի առկայության պայմաններում կատարողական վարույթը կասեցնելու որոշումը և ընկերությանը 90-օրյա ժամկետում սնանկության դատարան դիմելու առաջարկն ուղարկվել են սխալ հասցեով։ Արդյունքում ընկերությունը զրկվել է օրենքով սահմանված գործողությունները պատշաճ ժամկետում իրականացնելու հնարավորությունից։
Կեղծ տեղեկություններ աճուրդի ծանուցման մեջ. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի հրապարակային ծանուցման մեջ ներառվել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ՝ իբրև թե գույքը գրավադրված է, և 6,1 մլրդ դրամի պարտավորությունները փոխանցվելու են նոր սեփականատիրոջը։
250 միլիոն դրամի վնաս
Գույքի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ ոչ ամբողջական և աղավաղված տեղեկատվության հրապարակումը սահմանափակել է այլ հավանական մասնակիցների ներգրավման իրական հնարավորությունը։
Արդյունքում՝ 421 մլն դրամ գնահատված գույքն աճուրդում վաճառվել է ընդամենը 168 մլն դրամով՝ իրական արժեքից շուրջ 250 մլն դրամով ավելի էժան։
Փաստի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակներում իրավապահ մարմինները պարզելու են հնարավոր չարաշահումներ թույլ տված պաշտոնատար անձանց շրջանակը:
