Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
15/9/2026
share

Լսումներ Զառիթափում․ Թափոնների անհայտ բաղադրություն և անպատասխան հարցեր (Տեսանյութ)

Սեպտեմբերի 11-ին Զառիթափում կրկին հանրային լսում էր։ Այս անգամ «ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ» ընկերությունը ներկայացնում էր թափոնների տեղադրման օբյեկտ կառուցելու նախաձեռնությունը։ Այն կապված է Զառիթափում ոսկու կորզման ֆոբրիկա կառուցելու նույն ընկերության նախագծի հետ: Այս անգամ, սակայն, թափոնների տեղադրման հատվածը ներկայացվել է առանձին գործընթացով։

Ընկերությունը միաժամանակ ցանկանում է երկարաձգել Վայոց ձորի Սոֆի-Բինայի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման ժամկետը և Զառիթափի վարչական տարածքում հանքաքարի, հանքանյութի ու խտանյութի վերամշակման գործարան կառուցել։ 

Գործարանի նախագծի շուրջ նախորդ լսումը տեղի էր ունեցել օգոստոսի 21-ին: Այդ ժամանակ ընկերության ներկայացուցիչը հայտարարել էր, որ նախագծի ելակետային պայմաններում փոփոխություններ չեն արել, իսկ թափոնների կուտակման օբյեկտի համար նոր գործընթաց են սկսել՝ առաջին փուլից։

Սեպտեմբերի 11-ի լսման ժամանակ արդեն էկոակտիվիստներն ու Զառիթափի բնակիչներ փորձում էին նախ հասկանալ՝ ինչ թափոններ են նախատեսվում այստեղ կուտակել:  Հարցեր հնչեցին դրանց բաղադրության, կապարի, մկնդեղի, ցիանիդի և այլ վտանգավոր նյութերի հնարավոր առկայության ու ծավալների մասին։ 

Ընկերության ներկայացուցիչ Կարո Միքայելյանի խոսքով՝ խոսքը ավազանման զանգվածի մասին է։ Իսկ թե կոնկրետ ինչ բաղադրություն կունենան թափոնները, պարզ կլինի ավելի ուշ՝ փաստաթղթային փաթեթը պատրաստելուց հետո։

Այս հարցը դարձավ անկյունաքարային ողջ քննարկման համար. Էկոակտիվիստներն ու բնակիչները ուզում էին հասկանալ՝ ինչպե՞ս պետք է բնակիչը դիրքորոշում հայտնի մի նախագծի վերաբերյալ, որի հնարավոր ազդեցությունը գնահատելու համար անհրաժեշտ տեղեկությունը դեռ ամբողջական չէ։

Իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանն էլ այս նախագծի համատեքստում օրենսդրական բացերն է ընդգծում: Նրա խոսքով՝ գործող ընթացակարգով բնակիչներից նախնական համաձայնություն է ակնկալվում մի փուլում, երբ նախագծի մասին ամբողջական տեղեկությունը դեռ հասանելի չէ։ Ընկերությունը, փաստացի, հանրային լսումներին մասնակցում է ընդամենը համաձայնություն ստանալու նպատակով։ Ընդ որում, Վայք համայնքի ավագանին վերջին տարիներին հիմնականում դրական որոշումներ է կայացրել նմանատիպ նախագծերի վերաբերյալ։ 

Ազգային ժողովի իշխող խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ ուշադրություն է հրավիրում նախագծի փորձաքննական փաթեթի բացակայության վրա: Նա նշում է, որ առանց համապատասխան փաստաթղթերի,  անհնար է քննարկում անցկացնել կամ որոշում կայացնել։ Բագրատյանի խոսքով՝ ավագանին որևէ հիմք չունի նախնական համաձայնություն տալու համար, իսկ եթե այնուամենայնիվ դրական համաձայնություն տա, իրենք այն կբողոքարկեն։

Վայքի բնակիչ Աշոտ Զաքարյանն էլ ընդգծում է, որ այս լսումները չեն կարող իրավազոր համարվել, քանի որ լսմանը մոտ 20 մարդ է մասնակցում և այստեղ  հանրային մասնակցության խոսք, ըստ էության, չկա: Նրա խոսքով՝ այս պատկերը չի կարող արտահայտել ամբողջ համայնքի բնակչության դիրքորոշումը, և ավագանին որևէ հիմք չունի այս արդյունքներով նախնական համաձայնություն տալ։ 

Կանաչ խորհուրդների դաշնություն էկո-ակտիվիստական շարժման անդամ Շավարշ Մարգարյանն ընդծում է, թեև բնակիչների նկատմամբ ճնշումների մասին բացահայտ չի խոսվում, բայց լսումների ընթացքում դեմ արտահայտվողներ կա՛մ չեն լինում, կա՛մ էլ առանձին անձանց կողմից ենթարկվում են հոգեբանական ճնշման:

Զառիթափում հանրային լսումների ժամանակ մասնակցության մեկ այլ խնդիր էլ նկատելի էր հենց դահլիճում: Տեղացի կանայք բացակայում էին: Այս խնդրին քննարկման ժամանակ անդրադարձավ Էկո-ակտիվիստ Շավարշ Մարգարյանը:

Լսումներն ավարտվեցին՝ առանց առանցքային հարցերի պատասխանների։ Մասնակցության ցածր մակարդակի, օրենսդրական բացերի, ջրային ռեսուրսների հնարավոր աղտոտման և մասնակիցների բարձրացրած մյուս մտահոգությունների վերաբերյալ հստակ պարզաբանումներ այդպես էլ չհնչեցին։

Զառիթափում այս նախագիծն առաջին անգամը չէ, որ քննարկվում է։ 2026 թվականի ապրիլին Շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն էր տվել «ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ»-ի՝ ոսկու կորզման գործարան կառուցելու հայտին։ Նախարարությունը, մասնավորապես, նշել էր, որ հանքարդյունաբերությունը չի բխում տարածաշրջանի պլանավորման հայեցակարգից, իսկ նախատեսվող գործարանը չափազանց մոտ է բնակելի տներին։ 

Բացասական եզրակացությունից հետո ընկերությունը նախագիծը կրկին ներկայացրել է փորձաքննության։ Նախարարությունը նոր փորձաքննության մեկնարկը հիմնավորել է նրանով, որ նախագծի ելակետային պայմանները չեն փոխվել, իսկ Վայք համայնքի ավագանու՝ նախորդ տարվա դրական որոշումը դեռ կիրառելի է։ 

Միևնույն ժամանակ, օրինակ, ընկերության կողմից ներկայացված նոր հաշվետվությունից հանվել են պոչամբարի կոորդինատները։ Այսինքն՝ փաստաթղթից պարզ չէ, թե ցիանային վերամշակումից հետո առաջացող թափոնները կոնկրետ որտեղ պետք է կուտակվեն։ 

Այժմ այդ հատվածը ներկայացվում է առանձին գործընթացով․ գործարանի կառուցումը՝ մի նախագծով, թափոնների տեղադրման օբյեկտը՝ մյուսով։ 

Այժմ սպասվում է Վայք համայնքի ավագանու որոշումը՝ նախագծին նախնական համաձայնություն տալու կամ մերժելու վերաբերյալ։ Մինչ այդ լսման ընթացքում բարձրացված առանցքային հարցերից շատերը շարունակում են մնալ անպատասխան։ 

https://www.youtube.com/watch?v=33TjtGT8IKI

facebook sharing button facebook