Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
15/9/2026
share

Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ ՔՀԿ-ների հայտարարությունը

Մի խումբ ՔՀԿ-ներ հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ, որում ասված է․«2026 թ. սեպտեմբերի 11-12-ին Ադրբեջանում հավատարմագրված 58 երկրների դիվանագետներ և 9 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, այցելել են էթնիկ զտման ենթարկված Լեռնային Ղարաբաղ (Արցախ):

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ պատվիրակությունն այցելել է Ստեփանակերտ, Շուշի, Գանձասար և Դադիվանք: Այցի ընթացքում հայկական վանական համալիրները ներկայացվել են որպես «կովկասյան աղվանական» ժառանգություն՝ հայերին մեղադրելով դրանք ձևափոխելու մեջ: Ավելին, Ստեփանակերտում պատվիրակությունն այցելել է ոչնչացված պատմական թաղամասի տեղում կառուցված «Հաղթանակի զբոսայգի», իսկ Շուշիում դիվանագետները նկարահանվել են պարելիս և զվարճանալիս:

Այս այցելությունն ու դրա ընթացքում առաջ մղվող նարատիվները հայկական ժառանգության ծագումնաբանությունը ձևափոխելու պետական քաղաքականության վառ օրինակ են, ինչը փաստագրված է նաև ՄԱԿ-ի CERD-ի և Մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի կողմից: Չնայած ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի (ICJ) 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշմանը, Ադրբեջանը շարունակում է հայկական հետքի յուրացման, ձևափոխման և ոչնչացման քաղաքականությունը:

Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, մեր խոր մտահոգությունն ենք հայտնում օտարերկրյա դիվանագետների, հատկապես Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գործողությունների կապակցությամբ, որոնք լեգիտիմացնում են հայ բնակչության էթնիկ զտումն ու դրա հետևանքները, ներառյալ Լեռնային Ղարաբաղում հայկական հետքի ջնջումն ու ոչնչացումը։ Սա խորին անհարգալից վերաբերմունք է և վիրավորանք երեք տարի առաջ իրենց տներից բռնի տեղահանված մարդկանց զգացմունքներին, ինչպես նաև չի նպաստում իրական և տևական խաղաղության կառուցմանը։

Հիմնվելով վերոգրյալի վրա՝ մենք կոչ ենք անում այն պետությունների կառավարություններին և միջազգային կազմակերպություններին, որոնց ներկայացուցիչները այցելել են Լեռնային Ղարաբաղ, և մասնավորապես Եվրոպական միությանը՝

Հորդորել Ադրբեջանի կառավարությանը ենթարկվել Արդարադատության միջազգային դատարանի՝ միջանկյալ միջոցներ կիրառելու մասին որոշմանը և կանխել հայկական մշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացումը, վանդալիզմը, պղծումը, ինչպես նաև յուրացումն ու ծագման ձևափոխումը,

Ձեռնպահ մնալ այնպիսի միջոցառումներին մասնակցելուց, որոնք կարող են ծառայել որպես էթնիկ և մշակութային զտումների լեգիտիմացում,

Պահանջել հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման բոլոր դեպքերի քննություն՝ ՄԱԿ-ի CERD-ի հանձնարարականին համապատասխան,

Հասնել Ադրբեջան անկախ միջազգային դիտորդական առաքելության ուղարկմանը՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունն ապահովելու համար։

Ամբողջական հայտարարությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

  • «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
  • Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն
  • «Նոր արդարադատության մշակույթ» ՀԿ
  • «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն
  • «Իրավունքների կենտրոն» ՀԿ
  • «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ
  • «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ
  • «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
  • Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
  • Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
  • «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
  • «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն
  • Հանրային լրագրության ակումբ
  • «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
  • Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն
  • «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ

 

facebook sharing button facebook