Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
14/9/2026
share

Գանձասարի ձեռագրերը. ադրբեջանական քարոզչական ապարատի կողմից թանգարանային պատճենների ներկայացումը օտարերկրյա դիվանագետներին որպես հայկական «կեղծարարության» ապացույց․ գիտահետազոտական կենտրոն հայտարարությունը

«Արտաքին և անվտանգության քաղաքականության Երևանի կենտրոն»-ը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է ադրբեջանական քարոզչական ապարատի կողմից օտարերկրյա դիվանագետներին  թանգարանային պատճենների ներկայացուման դեպքին։

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «Ադրբեջանում հավատարմագրված՝ ըստ հաղորդումների շուրջ 150 դիվանագետներից եւ ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը, որը ներկայացնում էր 58 երկիր եւ ինը միջազգային կազմակերպություն, 2026 թ. սեպտեմբերի 11–12-ը մասնակցել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի ղեկավարությամբ կազմակերպված՝ Ադրբեջանի կառավարության երկօրյա շրջայցին Ղարաբաղում։
Գանձասար կատարած այցի ընթացքում Հաջիեւը ցուցադրել է նախկին «Մատենադարան-Գանձասար» թանգարանային ցուցադրությունից մնացած հատորներ։ Ցույց տալով, որ ձեռագրի վերարտադրված էջին հաջորդում են դատարկ էջեր՝ նա դա ներկայացրել է որպես հայկական պատմական «կեղծարարության» ապացույց։

Այս պնդումն անտեսում է ինչպես ընդունված թանգարանային պրակտիկան, այնպես էլ Գանձասարի հավաքածուի փաստագրված պատմությունը։ Թանգարաններն ու ձեռագրատները սովորաբար հազվագյուտ եւ խոցելի բնօրինակները պահում են պահպանման հատուկ պայմաններում, իսկ ցուցադրության համար օգտագործում ֆաքսիմիլեներ կամ հատուկ պատրաստված պատճեններ, որոնցում կարող են վերարտադրված լինել միայն ցուցադրության համար նախատեսված էջերը։ Ավելին՝ 2015 թ. «Մատենադարան-Գանձասար» կենտրոնի բացման ժամանակ Մատենադարանը հրապարակայնորեն նշել էր, որ ցուցադրությունը ներառում է թե՛ բնօրինակներ, թե՛ պատճեններ։ 2020 թ. պատերազմի ընթացքում հավաքածուն տարհանվել է Երեւան, որտեղ ձեռագրերը հետագայում ցուցադրվել են, իսկ դրանց տարհանումը՝ հրապարակայնորեն փաստագրվել։
Հետևաբար, այս միջադեպի նշանակությունը չի սահմանափակվում թանգարանային պատճենի խեղաթյուրված ներկայացմամբ։ Այն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի պատմության կեղծման եւ հայկական մշակութային ժառանգության համակարգված «ալբանացման» միջոցով յուրացման ավելի լայն քաղաքականության մաս է։ Նման պատումները օտարերկրյա դիվանագետներին անմիջականորեն ներկայացնելը նաեւ միջազգային լսարանների դեմ ուղղված կոգնիտիվ պատերազմի տարր է. պարզ տեսողական մանիպուլյացիայի միջոցով փորձ է արվում կասկածի տակ դնել փաստագրված պատմական վկայությունները եւ աստիճանաբար նորմալացնել ադրբեջանական պետական պատումները։ Պատմության նման կեղծումը կարող է նպաստել 2020–2023 թթ. Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ռազմական վերահսկողության հաստատման հետահայաց լեգիտիմացմանը եւ հնարավոր հետագա ադրբեջանական էքսպանսիոնիզմի համար պատմական պատում ձեւավորելուն։

Ամբողջական վելուծությունը՝ այստեղ։

facebook sharing button facebook